«Պանարմենիան էքսպո 2009» ցուցահանդեսն ու տնտեսական համաժողովը
Հայաստանի եւ արտերկրի ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում ամենախոշոր տնտեսական ցուցահանդեսներից մեկը նախատեսվում է կազմակերպել այս տարվա հոկտեմբերի 23-25-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվի նաեւ համահայկական տնտեսական համաժողով, որտեղ կքննարկվեն մեր երկրի տնտեսական կացության եւ զարգացումների հարցերը: Հունիսի 2-ին այս ցուցահանդեսի եւ գործարար համաժողովի կազմակերպման վերաբերյալ համագործակցության պայմանագիր կնքեցին միջոցառումների նախաձեռնողներըՙ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատն (ՀԱԱՊ) ու սփյուռքի նախարարությունը:
Նախատեսվող «Պանարմենիան էքսպո 2009» երրորդ համահայկական ցուցահանդեսի եւ տնտեսական համաժողովի մանրամասների վերաբերյալ զրուցեցինք ՀԱԱՊ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ: Նա նախ նշեց, որ ՀԱԱՊ-ի եւ սփյուռքի նախարարության միջեւ պայմանագիրը կողմերի երկարատեւ համագործակցության վերաբերյալ էՙ սփյուռքի կազմակերպություններին Հայաստանում անցկացվող բիզնես նախաձեռնությունների մեջ ընդգրկելու համար:
Հոկտեմբերին նախատեսված ցուցահանդեսը, ըստ ՀԱԱՊ-ի գործադիր տնօրենի, նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ տարբեր երկրների համատեղ գործարար եւ ներդրումային ծրագրերը, բացահայտելու Հայաստանի տնտեսական ներուժը: Ակնկալվում է մասնակիցների մեծ թիվ Հայաստանից եւ արտերկրիցՙ առավելապես հոծ հայկական սփյուռք ունեցող երկրներից: Առեւտրաարդյունաբերական պալատը ներկայացուցիչներ ունի 18 երկրներում, որոնք աշխատում են այդ երկրներում ցուցահանդեսի եւ համաժողովի հնարավոր մասնակիցների հետ: Դրանք եվրոպական, ԱՊՀ երկրներն են, ԱՄՆ-ն: Նախատեսված են տաղավարներ 120-150 ընկերությունների համար: «Դա կլինի Հայաստանի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը: Ինչո՞ւ այդ ամսին, որովհետեւ կանխատեսվում է այս տարվա վերջին եռամսյակում ճգնաժամի թուլացումը եւ սա լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության ակտիվության համար», նշեց ՀԱԱՊ-ի գործադիր տնօրենը:
Ցուցահանդեսում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնելու արդյունաբերության, շինարարության, ինովացիոն տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտների ընկերությունները: Այն կհեռարձակվի ինտերնետովՙ օն լայն ռեժիմով: Օտարերկրյա մասնակիցների համար գործում է «Իմ հայ գործընկերը» ծառայությունը, որը մասնակիցների ցանկության դեպքում ցուցահանդես կհրավիրի շահագրգիռ գործարարներին կամ կկազմակերպի այցեր դեպի տվյալ ընկերություններ: Գործարարներն, ըստ հետաքրքրությունների եւ ոլորտների, կարող են քննարկումներ կազմակերպել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ