Ռուսաստանից Հայաստանին շուրջ 500 մլն դոլար վարկի տրամադրման գործընթացն աննախադեպ արագ է ընթանում: Այդ մասին երեկ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը , ավելացնելով, որ Ռուսաստանից վարկային այդ միջոցների ստացումն արդեն օրերի հարց է:
Պատասխանելով լրագրողների հարցին, ֆինանսների նախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշին: Նա տեղեկացրեց, որ տարվա սկզբին այն կազմել է շուրջ 13 տոկոս: Նախարարը միաժամանակ նշեց, որ այս տարվա ընթացքում կառավարությունը բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է ներգրավելու Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից: Այդ միջոցներից 800 մլն դոլարը կկազմեն բյուջետային վարկերը, ոչ բյուջետային եւ այլ վարկերը կկազմեն մինչեւ 1 մլրդ դոլար: «Դրա արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը բավականին կավելանա, սակայն աշխարհում սովորաբար արտաքին պարտք-ՀՆԱ մինչեւ 50 տոկոս հարաբերակցությունը համարվում է ոչ ռիսկային: Մենք դեռեւս հեռու ենք այդ չափից: Ճգնաժամային իրավիճակում Հայաստանի այս քայլերն արդարացված են, եւ մենք անում ենք այն, ինչ աշխարհի շատ երկրներ` նպատակ ունենալով խթանել տնտեսությունը եւ հնարավորինս չկրճատել ծախսերը: Ընդ որում` Հայաստանի ստացած վարկերի գերակշիռ մասը արտոնյալ են կամ «փափուկ», նշեց Տիգրան Դավթյանը:
Ա. Մ.