«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2009-06-04 | #103, 2009-06-05 | #104, 2009-06-06


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ Է

«Շրջակա միջավայրի պահպանության օրը շնորհավորելու առիթ չկա», կարծում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը : Նա ավելացնում է, որ ներկայումս Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքներում շինարարություն է ընթանում:

Երեկ «Հայելի» ակումբի մյուս հյուրն էլ «Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի» տնօրեն Բորիս Գաբրիելյանն էր, որն անդրադարձավ Սեւանա լճի հիմնախնդրին:

Նրա խոսքերով, եթե սիգի քանակը 80-ական թվականներին կազմել է 30.000 տոննա, ապա այսօր կա ընդամենը 170 տոննա: «Սիգը որպես արդյունագործական տեսակ գոյություն չունի»: Եվ եթե մի քանի տարի առաջ հարցը կարելի էր լուծել 3-4 տարվա ընթացքում, ապա հիմա նա չգիտի, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ:

Բորիս Գաբրիելյանը նկատում է, որ, այնուամենայնիվ, պետք է շնորհավորել գոնե այն մարդկանց, ովքեր ամեն կերպ փորձում են նպաստել բնապահպանության գործին:

Թե՛ Հակոբ Սանասարյանը, թե՛ Բորիս Գաբրիելյանը կարծում են, որ Հայաստանը շատ բնապահպանական խնդիրներ ունի, բայց ամենավտանգավորը Սեւանի հիմնահարցն է:

«Շատ կարեւոր են ջրի որակը եւ մակարդակը: Սեւանի ջուրն աղտոտվում է օր օրի, իսկ ձկնատեսակներն անմխիթար վիճակում են», ընդգծեց Բորիս Գաբրիելյանը:

Երեւանի էկոլոգիական խնդիրներից առաջնայինը Հրազդան գետի հարցն է: Գետն այնքան է աղտոտվում, որ այնտեղի ձկները վտանգավոր են մարդու առողջության համար: Երկրորդը կանաչ տարածքների հարցն է, որոնք Երեւանում շատ քիչ են, ասաց Բորիս Գաբրիելյանը:

Ի հավելումն Հակոբ Սանասարյանը հայտարարեց, որ Երեւանի նոր գլխավոր հատակագծով գերեզմանոցները տեղափոխվել են կանաչ տարածքների հաշվեկշիռ:

«Հանգուցյալների աճյունները սողանքների պատճառով դուրս են գալիս, ինչը հարյուրավոր վտանգներ է պարունակում: Դժբախտաբար, բոլոր ջրատարները, նաեւ խմելու ջրի, անցնում են գերեզմանոցներով: Պետությունն առաջին հերթին սա պետք է լուծի», նկատում է նա:

Այն հարցին, թե որ գերեզմանոցների մասին է խոսքը, Հակոբ Սանասարյանը չցանկացավ պատասխանել, խոստանալով, որ մեկ ամսից հստակ փաստաթղթերով դա կներկայացնի:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4