Օքսֆորդի համալսարանի հրատարակությամբ լույս է տեսել Հարություն Արմենյանի «Դեպք եւ ստուգիչ խմբերով հետազոտական մեթոդաբանություն» գիրքը: Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսեան» մասնաշենքում տեղի ունեցավ գրքի հեղինակային ներկայացումը:
Հարություն Արմենյանը, որ շուրջ 13 տարի նախագահն է Հայաստանի ամերիկյան համալսարանի, մասնագիտությամբ բժիշկ է: Ծնունդով Բեյրութից է, եւ բժշկի կոչումը ստացել է տեղի ամերիկյան համալսարանում: Ներկայում Հ. Արմենյանը Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր է, պրոֆեսորական կոչում ունի նաեւ Ջոն Հոփքինս համալսարանում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՀ մամլո ծանուցագիրը, համաճարակաբանության ոլորտում Արմենյանի աշխատանքային փորձը տարածվել է աշխարհի մի շարք երկրներումՙ գլխավորապես կենտրոնացած համաճարակաբանության մեթոդների կիրառման վրա: Սույն ուսումնասիրության հիմքը համալսարանական քսան տարիների հեղինակիՙ դեպք եւ ստուգիչ խմբերով հետազոտական մեթոդաբանական դասավանդման փորձն է: Ուսումնասիրվող խնդրի մասին ավելի քան 25 տարի չէր եղել որեւէ հրատարակություն: Հեղինակը շուրջ 4 տարի է աշխատել գրքի վրա: Գլխավոր խնդիրը վերաբերում է դեպք եւ ստուգիչ խմբերով հետազոտական մեթոդաբանական ուսումնասիրություններին եւ դրանց արդյունքների վերլուծման, վերարտադրման եւ կիրառման եղանակներին: Գրքում առաջադրվող մեթոդներն օգտագործելի են ինչպես բժշկագիտության, առողջապահության մեջ, այնպես էլ գիտության այլ ճյուղերում, որոնք նյութը գիտականորեն հետազոտելու առավել հնարավորություն են տալիս:
Խնդրո առարկա մեթոդը, ըստ հեղինակիՙ պարագա-վկա (հիվանդություն եւ ոչ հիվանդ) համեմատությունն է: Որպես ցայտուն օրինակ, բանախոսը նկատեց 1948-49 թվականներին այս մեթոդով հայտնաբերված ծխախոտի եւ քաղցկեղի հարաբերությունը: Ըստ վիճակագրության, թոքի քաղցկեղ ունեցողների 55 տոկոսը ծխողներ են, այն պարագայում, երբ նույն տարիքի եւ նույն սեռի մարդկանց 70 տոկոսը եւս ծխող են: Ոչ այնքան մեծ այս տարբերությամբ հնարավոր է դառնում հասկանալ հիվանդության պատճառը: Սա համարվում է արդի համաճարակաբանության հիմնական նորությունը:
Գիրքը ներկայացվեց հանգամանորեն, ըստ գլուխների: Դոկտոր Արմենյանն իր եւ կոլեգաների աշխատանքային բազմամյա փորձի մի շարք օրինակներով ավելի առարկայական մատուցեց նյութը: Խոսելով փոխանցովի համաճարակներիցՙ նա անդրադարձավ նաեւ հիգիենայի մշակույթին եւ դրա տարածման անհրաժեշտությանը, ներկայացրեց գործնականում կիրառված փորձերի, ինչպես ինսուլտից մահվան դեպքերիՙ փողոցներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներ, սուր դեպքերի վերլուծության ավանդական եւ նոր մոտեցումներ, դրանց ստուգումների մեթոդներ, խոսվեց նաեւ գրքի տարբեր գլուխներում արծարծված գենետիկ համաճարակաբանության, պատվաստումների կիրառումների, երեւանյան կամ պերիոդիկ հիվանդության եւ այլ թեմաների մասին:
Բանախոսության ավարտին տեղի ունեցավ գրքի ստորագրության արարողություն, 5 հեղինակը օրինակներ նվիրեց տարբեր կազմակերպությունների, գրադարանների ներկայացուցիչներին:
Գիրքը երեւանյան գրախանութային վաճառքում չկա, այն կարելի է ձեռք բերելՙ դիմելով Օքսֆորդի համալսարան: Ինչպես նկատեց հեղինակը, հայերեն թարգմանություն նախատեսված չէ: (Առհասարակ, ինչպես նկատում են գիտության մարդիկ, այսօր գիտության լեզուն համարվում է անգլերենը, ինչը տարածում է գտել գրեթե ամենուր):
Չնայած ՀԱՀ նախագահի պաշտոնից հրաժարականի իր դիմումինՙ Հարություն Արմենյանը շարունակելու է ղեկավարել համալսարանը մինչեւ նոր նախագահի ընտրությունը: Համալսարանական 13 տարիների արդյունքների, հրաժարման պատճառների մեր հարցադրման առիթով նա ավելի ուշ թերեւս նա կարտահայտվի:
Ներկայումս դոկտ. Արմենյանը զբաղված է գիտական մի շարք ուսումնասիրությունների, հետազոտությունների ամբողջացման աշխատանքներով. «Առողջության եւ որպես անհատի մեր արժանավորության հարաբերություններու վրա պիտի աշխատեմ»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ