Երկօրյա այցով Արցախ են ժամանել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները` Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախատեսված են նրանց հանդիպումները ԼՂՀ հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Կլինեն նաեւ հանդիպումներ հանրապետության շրջաններում, որի նպատակն է ամբողջացնել իրենց պատկերացումները Ղարաբաղի մասին:
Երեկ ֆրանսիական պատվիրակությունը հյուրընկալվել էր ԼՂՀ Ազգային Ժողովում: Ներկայացնելով Ֆ. Ռոշբլուանին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ վերջինս ղարաբաղյան շարժումից ի վեր կանգնած է եղել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին սատարող օտարերկրացի բարեկամների առաջնաշարքում: Ֆրանսուա Ռոշբլուանն առաջին անգամ Արցախ էր ժամանել այն ժամանակ, երբ Ղարաբաղում մոլեգնում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Լինելով Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղարը, նա իր ուրույն նպաստն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային ճիշտ ընկալումներ ձեւավորելու գործում: Նրա նախաձեռնությամբ վերջին տարիներին Ֆրանսիայից ստացված նյութական օժանդակության միջոցներով ֆինանսավորվում են Արցախի մի շարք բնակավայրերում իրականացվող մարդասիրական ծրագրեր:
Հանդես գալով ԼՂՀ ԱԺ ամբիոնից, Ֆրանսուա Ռոշբլուանն ընդգծեց ազգերի ինքնորոշման հիմնարար նշանակությունը, այդ համատեքստում շեշտելով Ղարաբաղի ժողովրդի` իր ճակատագրին տեր կանգնելու անբեկանելի իրավունքը:
Լավ տեղեկացված լինելով արցախյան հիմնախնդրի մասին, նա անդրադարձավ անցյալ դարի 20-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու փաստին, ասելով, որ տնտեսական համերաշխության շարժառիթներով, որը խորհրդային գաղափարաբանության սխալ տեսությունն էր, հնարավոր չէ ազգային խնդիրները արդարացիորեն լուծել:
Ֆրանսիացի խորհրդարանականը գտնում է, որ Արեւմուտքը պետք է գիտակցի ղարաբաղյան հակամարտության քաղաքական խնդրի էությունը. «Ես կարծում եմ, Ֆրանսիայում ոչ ոք չի խորհում, որ միայն ԼՂ-ի զիջումների միջոցով հնարավոր կլինի հասնել համաձայնության», ասել է նա:
Ղարաբաղյան հակամարտության լուծումներում Ադրբեջանի մոտեցումների առնչությամբ Ֆ. Ռոշբլուանն այն համոզմունքն է հայտնել, որ չի կարելի վստահել մի պետության, որն իբր դրսեւորելով խաղաղասիրական ձգտումներ` միաժամանակ հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններով: Նա նաեւ տարակուսանք է հայտնել Բաքվի նավթային պաշարների նկատմամբ եվրոպական որոշ երկրների «մեղավոր թողտվության» կապակցությամբ, զգուշացնելով, որ դա կարող է թանկ նստել տարածաշրջանում խաղաղության եւ համընդհանուր անվտանգության վրա: Բանական մոտեցումն այն կլիներ, ըստ պատգամավորի, եթե դրսեւորվեր ձգտում Ղարաբաղի անվտանգության ապահովման ուղղությամբ, հարգվեր նրա քաղաքական ու մշակութային ինքնության միջազգային իրավունքը, ցուցաբերվեր օժանդակություն իր ապագան կերտող երկրի տնտեսական ու սոցիալական կյանքին: Ֆ. Ռոշբլուանը հավաստիացրել է արցախցի իր գործընկերներին, որ հետայսու շարունակելու է մնալ Ղարաբաղի իրավունքների պաշտպանը հնարավոր միջազգային ատյաններում:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու Ֆրանսուա Ռոշբլուանը ազգային խորհրդանիշերով հուշանվեր են փոխանակել` ի նշան փոխադարձ հարգանքի ու վստահության:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ