ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազգային ժողովում երեկ շարունակվեց հարկային փոփոխությունների փաթեթի քննարկումը: Ելույթ ունեցող պատգամավորները միաձայն դեմ էին արտահայտվում այս նախագծին:
Այս փաթեթով, 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող գործարարների ընկերություններում կառավարությունը ծրագրում է հարկային տեսուչ ներդնել: Այսպիսով, կառավարությունը լրացուցիչ հսկողության մեխանիզմներ է ներդնում, որպեսզի գործարարները լավագույնս կատարեն իրենց հարկային պարտավորությունները:
«Սա քաղաքական լուրջ ենթատեքստ ունեցող օրինագիծ է, եւ բերողը պետք է ասի, որ մինչեւ հիմա սխալվել ենք: Պարզվեց, որ այն բոլոր մեխանիզմները, որոնք ամրագրվել են կառավարության ծրագրի մեջ, այժմ չեն աշխատում: Այսինքն` կառավարությունը հարկային քաղաքականության մեջ ձախողվել է», հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը : Նրա խոսքով, այս օրինագծերի ընդունմամբ ներկրողը չի տուժի, փոխարենը տեղական արտադրողները կընկնեն հարվածի տակ:
Խոշոր գործարարները, ըստ Հովհաննիսյանի, լինելու են քաղաքական պատանդ եւ դա վառ արտահայտվելու է հատկապես ընտրությունների ժամանակ: Նա նշեց նաեւ, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վտանգավոր է առաջնորդվել հանցագործի կանխավարկածով եւ մտածել, որ բոլոր գործարարները հանցագործ են. «Այդ դեպքում ես կարող եմ հակընդդեմ հարց առաջադրել, իսկ ի՞նչ երաշխիքներ կարող ենք ունենալ, որ Պետական եկամուտների կոմիտեում աշխատում են բացարձակապես հրեշտակներ, եւ այդ կանտորան հրեշտակների կանտորա է»:
«Փոփոխությունները, որոնք լրամշակված տարբերակով բերվել են, կարելի է նշել, որ անընդունելի են: Եթե ցանկանում ենք իրականացնել նորմալ վարչարարություն, ստվերը բերել հարկային դաշտ, ապա մի ամբողջ շղթա պետք է առողջացվի` մաքսային եւ հարկային դաշտը, արտադրությունը, վաճառքը: Այս շղթան ամբողջությամբ պետք է նորմալ աշխատի: Ես առաջին անգամ տեսա, որ խորհրդարանում նմանատիպ քննարկումներ են տեղի ունենում: Եվ ձեր ցավը, բնականաբար, հասկանալի է: Եթե դուք ընդհանրապես ընտրություններին չխառնվեք, գումար չտաք, որպեսզի ընտրակաշառք բաժանեն, ընդհանրապես խորհրդարան չգաք` ընդամենը ձեր համակրող կուսակցություններին օժանդակեք, այդ դեպքում ձեր բիզնեսը, ձեր սեփականությունը պաշտպանված կլինի», իր կարծիքը հայտնեց «Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը :
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը իր ելույթը հիմնականում կառուցեց քաղաքական շեշտադրումների վրա, քանի որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության տնտեսագիտական նրբերանգների մասին պատգամավորները ելույթներ ունեցան. «Խորհրդարանին տեղյակ պահեմ, որ ՀՀ սահմանադրության համաձայն, կառավարությունը մեկ նստաշրջանի ընթացքում երկու անգամ որոշակի օրինագծի վերաբերյալ կարող է դնել իր վստահության հարցը: Այսինքն, եթե ՀՀ կառավարության համար այդ օրենսդրական նախաձեռնության ընդունումը հույժ կարեւոր է, ապա կառավարությունը օրենսդրական նախաձեռնության ընդունման հետ կապված կարող է դնել իր վստահության հարցը, եւ եթե պառլամենտը չընդունի այդ օրինագիծը, ապա կառավարությունը, սահմանադրության համաձայն, պետք է հրաժարական տա: Իմ տպավորությամբՙ պառլամենտը քննարկում է ՀՀ օրենքը` այսպես կոչված մատնիչների կամ գործ տվողների մասին, իմ տպավորությունը դա է: Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ պետք է ստվերային տնտեսության դեմ պայքարել, բայց այս մեթոդը բացարձակապես կապ չունի ազատ շուկայական տնտեսության զարգացման հետ: Որոշ տվյալներով, ՀՀ տնտեսության 70 տոկոսը գտնվում է 44 ընտանիքների ձեռքին: Վիճվարչության տվյալներով, 325 խոշոր հարկատուները տիրապետելով ամբողջ տնտեսությանը` պետական բյուջեին մուծում են ընդամենը 40 տոկոս, իսկ 60 տոկոսը վճարում է մանր եւ միջին բիզնեսը: Այսինքնՙ ակնհայտ է, որ խոշոր գործարարները դուրս են վերահսկողությունից եւ ստվերային տնտեսությունը մեծ ծավալի է հասնում»: