Ամեն անգամ, երբ ծանոթանում ես ադրբեջանական լրատվամիջոցների պարունակությանը, այն տպավորությունն ես ստանում, որ, ժողովրդական լեզվով ասած, առանց Հայաստանի դրանք կյանք չունեն: Մանրակրկիտ պեղվում են մեր երկրի կյանքի բոլոր կողմերը, տրվում են դրանց ազերածին մեկնաբանությունները, արվում են մեզ համար կործանիչ հետեւություններ եւ այլն: Եթե ուզում եք իմանալ, օրինակ, ովքե՞ր են մեզ այդ օրերին փնովել, մի չարչարվեք, ծանոթացեք նրանց հրատապ նյութերին: Պարտված պետության սինդրո՞մ: Երեւի: Ի դեպ, այդօրինակ հրապարակումներ ֆոնի վրա հատկապես հայոց մամուլը առավել քան պատկառելի է:
Հետաքրքրության համար բացենք ազերական ինտերնետային մի հրատարակություն: Բնավ էլ կարեւոր չեն ո՛չ դրա անունը, ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը: Գլխավոր նորությունն այն է, որ հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ուզում են հայ երեխայի որդեգրել, որովհետեւ օրինական ձեւակերպումը Հայաստանում... ամենահեշտերից մեկն է աշխարհում, ինչքան էլ հակառակը պնդի երկրի ղեկավարությունը: Հայերը համոզված են, որ իրենց երեխաներն ամենախելոքն են ու ամենագեղեցիկը: Մինչդեռ երբ մանուկը մեծանա եւ լայն բացի բերանը, բարձրաձայն կպահանջի ճանաչել ցեղասպանությունը:
Համաշխարհային ոլորտի նյութերն ակունք են առնում աշխարհի երկու ազդեցիկ ու անբաժան պետությունների` Թուրքիայի եւ Ազերստանի փոխհարաբերություններից: Ահա եւ առաջինի ղեկավարությունը ի սեր երկրորդի ամպագոռգոռ հայտարարել է, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման հայերն իրենց ծոծրակը կտեսնեն, բայց ոչ բաց սահմանը: Մոտավորապես այսպես: Իսկ ահա «օկուպանտ» երկրի ղեկավարը խնդրել է (զարմանալիորեն` ոչ լկտիաբար) այդ իրավասուներին քիթը չխոթել Արցախի գործերի մեջ: Պարզվում է, իսկական թուրքերը խիստ դժգոհ են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունից, որը հանդուրժում է Ադրբեջանի 17-ամյա օկուպացումը: Այսինքն, երկու նախագահների հերթական հանդիպումը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը գնա միակողմանի զիջումների:
Ազերիայի խորհրդարանի իգական սեռի փոխնախագահը զայրույթ է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն անբավականություն է հայտնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բացման ժամանակ նրա իսկ ունեցած դատապարտիչ ելույթի առնչությամբ: Ի՜նչ ցինիզմ, քիչ չէ` օկուպանտ են, դեռ նեղանում էլ են:
Քամիների քաղաքի վերլուծաբաններից մեկն արձանագրում է, թե միջազգային փորձագետներն անընդհատ զարմանում են ազերիների ազնվությունից: Ո՜նց չզարմանաս, քիչ չէ` կորցրել են իրենց պատմական տարածքի 20 տոկոսը, բայց դեռ պատրաստ են մեծ ներդրումներ կատարել... Լեռնային Ղարաբաղում` անմոռաց խանությունում:
Ուկրաինայում ու Ռումինիայում անհագ հետաքրքրությամբ ծանոթանում են տեղի ազգային համայնքների ուժերով հրատարակված` ազերիների հազարամյա պատմությանը (ի տարբերություն եկվոր թե քոչվոր հայերի), մի երկրի, որի տարածքում հայտնաբերվել է երեւի աշխարհի հնագույն մարդը (պարզ չէ, նա թլպատվա՞ծ է եղել, թե՞ ոչ):
Որպես մուսուլմանական քաղաքակրթությանը պատկանելու հպարտության արտացոլում հիշատակվում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության Դամասկոսում ընդունած երեք բանաձեւերը, որոնցով խրոխտաբար դատապարտվում են հայ ագրեսորների վարքագիծը, օկուպացված տարածքներում իսլամական մշակույթի ու պատմության հուշարձանների բարբարոս ոչնչացումը:
Մեզ փնովողների մասին: «Հայտնի» լրագրողուհի Լարիսա Լատինինան արհամարհանքով հայտարարել է, թե հայերը, Ռուսաստանից ստանալով կես միլիարդ դոլարի վարկ, անմիջապես հրաժարվել են մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Մեզ դաշնակից են դառնում երկրներ, որոնք առանց փողի ոչինչ չեն անում: Լատինինան հասկացրել է, որ ճիշտ կլիներ, եթե հայերն ու Մոսկվայի մյուս խնամառուները վարվեին Լուկաշենկոյի պես` խոստացավ վարկի դիմաց ճանաչել Աբխազիան ու Հարավային Օսիան, բայց երբ գումարն ստացավ, մոռացավ ամեն ինչ:
Շարունակե՞նք: Իմաստ չունի, քանզի ազերիների հակահայկական երեւակայությունն անսպառ է: Շատ ենք ոգեշնչում մենք նրանց:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա