«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2009-06-06 | #105, 2009-06-09 | #106, 2009-06-10


ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ԲԱՑԱՌԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ

Ինչպես է դա հնարավոր անել

Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթի խոշոր հարկատուների հարկման խնդրին անդրադառնալիս («Հարկային ներկայացուցիչը կդառնա առեւտրային գաղտնիքի տե՞ր», 13 մայիսի, 2009), ընդգծել էինք խոշոր բիզնեսի հարկմանն առնչվող որոշ դրույթների անընդունելի եւ վտանգավոր լինելը: Մասնավորապես, ըստ նոր առաջարկի, խոշոր ընկերությունը պարտավոր էր ապահովել հարկային ներկայացուցչի «անարգել» մուտքը իր գտնվելու կամ կառավարման որոշումներ ընդունելու, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրեր, ինչպես նաեւ հասանելի դարձնել իր տեղեկատվական եւ ծրագրային համակարգերը: Այս դրույթի ընդունումն իր հետ կբերեր հարկային ներկայացուցիչների կողմից ընկերության առեւտրային գաղտնիքին տեղյակ լինելու եւ գործարարին շանտաժի ու շորթման ենթարկելու հնարավորություն:

Ազգային Ժողովում վերջին օրերի քննարկումների ժամանակ այս եւ մի քանի այլ դրույթներ կառավարությունը հանեց եւ հարկային ներկայացուցիչների ներկայությունը խոշոր ընկերություններում սահմանափակեց միայն առաքման, տեղափոխման եւ վաճառքի վայրերով: Սակայն սա նույնպես բավարար չհամարվեց պատգամավորների, այդ թվում իշխանական կոալիցիայի մեջ գտնվողների, ինչպես նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Նրանք պահանջում են ընդհանրապես բացառել հարկային ներկայացուցիչների առկայությունը ընկերություններում: Հիմնական փաստարկն այն է, որ հարկային ներկայացուցիչները անազնիվ են եւ իրենց ընձեռված այդ հնարավորությունից կձգտեն անձնական շահ կորզել: Ակնհայտ է, որ այս փաստարկը միանգամայն ընդունելի է եւ հարկային կառույցի աշխատակիցները առիթը չեն կորցնում սեփական գրպանը լցնելու: Այս փաստը բազմիցս հաստատել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով հարկային եւ մաքսային կառույցներում բարեփոխումների ծրագրի անհրաժեշտության մասին:

Ստեղծվել է, կարելի է ասել, փակուղային իրավիճակ: Մի կողմից կառավարությունը ունի խնդիրՙ ստվերից դուրս բերելու եւ պարտադրելու փաստաթղթավորել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունը, ինչ-որ առումով գոհացնելու փոքր եւ միջին բիզնեսին, որը դժգոհում է խոշորների հաշիվ-ապրանքագրեր չտրամադրելու փաստից, մյուս կողմիցՙ խոշոր բիզնեսը եւ քաղաքական որոշ ուժեր, մատնանշելով ձեռնարկություններում հարկային ներկայացուցիչների առկայության հնարավոր վտանգները, դեմ են արտահայտվում դրան: Ի՞նչ պետք է անել:

Հիմնական խնդիրը, որ պետք է լուծվի, առնչվում է ազնվության բացակայությանը կամ պակասին: Ի սկզբանե անազնիվ է խոշոր բիզնեսը, որը հրաժարվում է հաշիվ-ապրանքագրեր տրամադրել մյուս տնտեսվարողներին: Եթե բիզնեսը լիներ ազնիվ եւ չթաքցներ իր շրջանառության զգալի մասը, ապա հարկային ներկայացուցիչների առկայության անհրաժեշտությունը չէր առաջանա: Երբ փոքր ու միջին բիզնեսի փաստաթղթաշրջանառությունը բացահայտելու համար ներդրվեցին հսկիչ-դրամարկղային մեքենաները, խոշոր բիզնեսը պետք է ցուցաբերեր անհրաժեշտ մոտեցում եւ փոքր օյբեկտներին տրամադրեր հաշիվ-ապրանքագրերը: Դա չարեց եւ այժմ բողոքում է հարկային ներկայացուցիչներից, միաժամանակ չանելով ոչ մի այլ առաջարկ: Այսինքն, խոշոր բիզնեսը ցանկանում է իրավիճակը թողնել այնպես, ինչպես կա եւ մնալ ստվերում: Դա անընդունելի է:

Սակայն, մյուս կողմից էլ հարկային ներկայացուցիչներին վերապահել խոշոր բիզնեսը հարկման լիարժեք դաշտ բերելը իսկապես վտանգավոր է: Այսինքն, անազնիվ մարդկանց միջոցով հնարավոր չէ հաղթահարել մեկ այլ անազնվություն, եթե չկա արդյունավետ համակարգ, որը բացառի կամ էապես նվազեցնի հարկային ներկայացուցիչների չարաշահումներ թույլ տալու հավանականությունը: Թվում է, թե այս վիճակից դուրս գալու տարբերակներ չկան: Այդուհանդերձ, կարող ենք առաջարկել տարբերակ, որը թվում է, թե կարող է բավարարել բոլոր կողմերինՙ կառավարությանը, խոշոր բիզնեսին, փոքր ու միջին բիզնեսին եւ ի վերջոՙ բոլորիս:

Խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչների միանձնյա առկայության փոխարեն ավելի ճիշտ եւ առարկայական կլինի ընդգրկել հենց գործարարներին միավորող կառույցներիՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի, «Հայաստանի վաճառականներ» կազմակերպության ներկայացուցիչներին: Քանի որ խոսքը երկու-երեք տասնյակից ոչ ավելի ընկերությունների մասին է, ապա դժվար չէ յուրաքանչյուր ընկերության առաքման, տեղափոխման եւ վաճառքի ընթացքը վերահսկելու համար, բացի հարկային ներկայացուցիչներից, ընդգրկել նաեւ գործարարներին միավորող վերոնշյալ հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ: Այս դեպքում արդեն հարկային ներկայացուցիչները չեն կարողանա ապօրինի քայլերի գնալ, իսկ խոշոր բիզնեսն էլ չի կարող շարունակել թաքցնել ստվերը: Համատեղ, մեկը մյուսին հակակշռող աշխատանքն ավելի արդյունավետ եւ վտանգներից զերծ կլինի: Մնում է միայն հստակեցնել մեխանիզմը, որը կապահովի այս գործընթացի սահուն ընթացքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4