Հայաստանում գտնվող «Ֆրանս տելեկոմ» («Օրանժ») ընկերության բջջային կապի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ընդունեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ներկայացրեց Հայաստանում ընկերության գործունեության հեռանկարները եւ պատասխանեց հարցերին:
Օլաֆ Սուանտին հավաստիացրեց, որ չնայած համաշխարհային բարդ ֆինանսատնտեսական իրավիճակին, «Ֆրանս տելեկոմը» կկատարի Հայաստանում իր նախանշած ներդրումները: 200 մլն դոլար ներդրումներից 80 մլն դոլարը կկատարվի մինչեւ այս տարվա վերջ: Ըստ ընկերության ներկայացուցչի, ներկայումս իրենց մոտ աշխատում է 150 մարդ, բայց աշխատատեղերի ընդհանուր թիվը կկազմի 600: Օլաֆ Սուանտին ընդգծեց, որ բացի բջջային եւ ինտերնետ կապի մատակարարումից, ընկերությունը կարեւորելու է շարժական ինտերնետ կապի զարգացումը Հայաստանում: Նա նշեց, որ եթե բջջային կապի ներթափանցումը 80 տոկոս է, իսկ ինտերնետ կապինըՙ 25 տոկոս, ապա շարժական ինտերնետից օգտվողների թիվը շատ փոքր է: Կապի այդ տեսակը զարգացնելու համար, «Ֆրանս տելեկոմի» ներկայացուցչի հավաստմամբ, ներդրվելու են վերջին սերնդի նորագույն սարքավորումները:
Ա. Մ.