«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2009-06-09 | #106, 2009-06-10 | #107, 2009-06-11


IFC-Ը 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ»

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ «Արդշինինվեստբանկին» տրամադրեց 5 մլն դոլար վարկային գիծ` արտաքին առեւտրի ֆինանսավորման համար: Դրանով «Արդշինինվեստբանկն» ընդգրկվեց IFC-ի առեւտրի ֆինանսավորման գլոբալ ծրագրում (GTFP) եւ հնարավորություն ստացավ միանալու արտաքին առեւտրի ոլորտում ֆինանսական ստանդարտ ծառայություններ մատուցող միջազգային բանկերի ցանցին, որոնք նպաստում են երկրի արտաքին առեւտրի զարգացմանը:

IFC-ի վարկային գիծը հնարավորություն է ընձեռում «Արդշինինվեստբանկին» ընդլայնելու արտաքին առեւտրային գործարքների ոլորտում մատուցվող այնպիսի բանկային ծառայությունների ծավալը, ինչպիսիք են` ակրեդիտիվները, երաշխիքները, մուրհակները, բանկային ակցեպտները, ինչպես նաեւ այս ծառայությունների տրամադրման միջոցով նվազեցնելու միջազգային առեւտրի ոլորտում գործող հայ գործարարների առեւտրային ռիսկերը:

Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Վիրաբյանը վարկի տրամադրումը համարեց բանկի հերթական նվաճումը: Ըստ Սերգեյ Վիրաբյանի, այն նոր հնարավորություններ է տալիս բանկի հաճախորդներինՙ օգտվելու բանկային ճկուն գործիքներից:

IFC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի տնօրեն Սնեժանա Ստոիլկովիչը այս վարկային պայմանագրի ստորագրումը կարեւոր համարեց նաեւ IFC-ի համար, քանի որ կազմակերպությունը հնարավորություն է ստանում ֆինանսական ճգնաժամի այս պայմաններում նման գումար տրամադրելու «Արդշինինվեստբանկին», օգնելով փոքր ու միջին բիզնեսին` հաղթահարելու ճգնաժամը:

ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը կարեւորեց հայկական բանկերի եւ մասնավորապես «Արդշինինվեստբանկի» համագործակցությունը միջազգային կառույցների հետ եւ ճգնաժամի պայմաններում արտերկրից միջոցների ներգրավումը: Նա նաեւ ընդգծեց «Արդշինինվեստբանկի»ՙ Հայաստանի բանկային համակարգի համակարգաստեղծ լինելու հանգամանքը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4