Ընդունելության քննությունների առաջին անհաջող փորձի առիթով հեռուստատեսությամբ մի պաշտոնյա ասում էր, թե դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե թեստերի դժվարության մեջ, այլՙ դիմորդների ոչ այնքան լավ պատրաստվածության: Այսօրվա ամենից շատ քննարկվողՙ թեստերի բովանդակության բարդության թեման, իհարկե, հարաբերական է. կախված դիմորդի հիմնավոր կամ թույլ իմացությունից: Այն հանգամանքը, որ գրեթե բոլոր դիմորդներն առնվազն մեկ ուսումնական տարի մասնավոր պարապմունքներ են անցկացնում, այն տպավորությունն է թողնում, թե բոլորը հիմնավոր գիտելիքներ ունեն: Բայց դաՙ առաջին հայացքից:
Հայոց լեզու եւ գրականություն ու մաթեմատիկա առարկաների թեստերի բովանդակությունից գրեթե բոլորը դժգոհ էինՙ նկատելով, որ դրանք չեն համապատասխանում ուսումնական պարտադիր ծրագրին: Կենսաբանության թեստերի հարցերն էլ խճողված, անհասկանալի ձեւակերպումներովՙ թյուրիմացություն էին առաջացրել: Ինչ վերաբերում է հայոց լեզվի եւ գրականության թեստերում ծրագրից դուրս ընդգրկված հարցերին, ապա մեկ-երկու բացառությամբ դրանք համապատասխանում են պարտադիր ծրագրին: Սակայն թեստ կազմողները, կարծում ենք, չափազանցության գիրկն են ընկել, սկզբունքորեն մնալով ծրագրային շրջանակներումՙ նրանք ուրիշ ծուղակներ են սարքել, քերականական որեւէ թեմայի վերաբերող նմուշների մի զգալի մաս դպրոցական մակարդակից ավելի բարձր իմացություններ են պահանջում, մի բան, որ հետագայում մասնագիտական ֆակուլտետներում ավելի հանգամանալի ու մանրամասն ուսումնասիրության է ենթարկվում: Օրինակները բազմաթիվ ենՙ ե՛ւ հնչյունաբանության, ե՛ւ բառակազմության, ե՛ւ շարահյուսության բաժիններին վերաբերող:
Տարօրինակ է գնահատման համահարթեցված ձեւը, ամենապարզից մինչեւ ամենաբարդ բոլոր հարցերը գնահատվում են 0,25 միավորով: Քննական թեստերի 80 հարցին տրված է երեք ժամ. յուրաքանչյուր հարցինՙ 2,25 րոպե, որքանո՞վ է սա բավարար հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներին: Հետաքրքրական է նաեւ, թե ինչ տրամաբանությամբ է հայոց լեզու եւ գրականություն առարկայից գիտելիքի նույն մակարդակ պահանջվում ե՛ւ մասնագիտական բուհ ընդունվողից, ե՛ւ ճշգրիտ գիտությունների ուղղությամբ կամ տնտեսագիտության ֆակուլտետ դիմողից: Կարծում ենք, ավելորդ է վերջիններիս ծանրաբեռնել թեստերում առկա հայ գրականության հարցերով, մանավանդ որ սրանք բովանդակությամբ նաեւ անհեթեթ են, նման ձեւով գրականության գիտելիք ստուգելը խաբկանք է, ընդամենը հիշողության մարզում: Գրականությունն անգիր անել չէ, գրական գործը պետք է կարողանալ գնահատել, վերլուծել, հասկանալ լեզվաոճական, գեղարվեստական առանձնահատկությունները եւ այլն: Իսկ թե ով ում նամակ գրեց, կամ որ ոտանավորից է նշված մի երկու տող եւ կամ ով երբ «փռշտաց»-ները, գրականությունից հեռու բաներ են, անհամեմատելիՙ ժամանակին ընդունված ստեղծագործական շարադրության մեթոդից, որը նաեւ դիմորդի գրավոր մտածողությունն էր զարգացնում: Նկատենք նաեւ, որ այսպես նախանձախնդրորեն թեստեր կազմողները, մի շարք հարցերում լեզվական անճշտություններ են թույլ տվել:
Մի քանի դիտարկում կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Քննական կենտրոն ներկայանալու ժամը սահմանված է 8.00-ին, դիմորդները ներս են մտնում մեկ ժամ հետո: Եվս մեկ ժամ լսարան-դասասենյակներում են անցկացնում: Երկու ժամ մինչեւ քննությունը, կարծում ենք, լրացուցիչ լարվածություն է ստեղծում, որն ավելորդ է:
Ինչպե՞ս եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում քննական կենտրոնները, ի՞նչ չափանիշներ են գործում: Թիվ 190 միջն. դպրոցը դրանցից մեկն է: Խոսքը չի վերաբերում դպրոցի ներքին հարմարություններին կամ պայմաններին: Հարավարեւմտյան Բ թաղամասում բակերի, շենքերի, ոլոր-մոլոր բազմաթիվ ճամփաների մեջ թաքնված այս դպրոցը գտնելը եւս մեկ դժվարություն է. տաքսիստներից շատերն անգամ հարցուփորձ անելով տեղ հասան: Մեզ խորհուրդ էին տվել նախապես գնալ եւ տեղանքին ծանոթանալ, բայց ով եւ ինչու է մեր ժամանակը կամավոր տնօրինում եւ նյարդերը փորձարկում: Իսկ դպրոց տանող անմիջական նեղ ճանապարհը կամ փողոցը զուրկ է մայթից, իսկ այստեղով տարին բոլոր երեխաներ են գնում-գալիս: Քննական ողջ ընթացքում մուտքի մոտ կարգ ու կանոն էին հաստատում ոստիկանները, չնայած նրանք բավականին զուսպ էին ծնողական տիրող անհանգստության, աղմուկի հասնող խոսակցությունների նկատմամբ, բայց եւ այնպես, տպավորությունը ճնշող էր: Քննական կենտրոնների շուրջը հավաքված ծնողների վիճակը քննություն հանձնողներից ավելի լարված ու նյարդային է: Սա հասկանալի մի շարք պատճառներ ունի: Իհարկե, բուհ ընդունվել-չընդունվելով աշխարհը չի վերջանում, դա ճակատագրական համարելն էլ չափազանցություն է, ի վերջո կա դիմելու հաջորդ եւ մյուս տարիների հնարավորությունը: Սակայն, կարելի է հասկանալ ծնողների այսչափ տագնապալի վիճակը: Բուհ ընդունվելու ներկայիս հիմնական եւ ամենից տարածված գրավականը մասնավոր պարապմունքներն են, ինչպես պատկերավոր նշված էր ծնողների մի բողոք-նամակում, «ընդհատակյա մասնավոր բուհական ցանցում»: Այդ պարապմունքները պարզ ապրելակերպի ընտանիքների համար բավական գումար են կազմում 3 առարկայի դիմաց, շուրջ 1 մլն դրամ, որը նրանց հեշտ չի տրվում:
Այսպես, թեստեր կազմողների, ամիսը մեկ ուղեցույց, ինչ-որ ձեռնարկ, «7 թեստ», «11 թեստ» եւ այլ բաների հեղինակների, այդ ժողովածուների տպագրիչների եւ այլոց կազմակերպված ցանցի մեջ ամեն տարի նորանոր ընտանիքներ են հայտնվում, թպրտում ավելորդ սթրեսների, հոգեկան, ֆիզիկական ու ֆինանսական կորուստների մեջ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Յուրաքանչյուր քննությունից մոտ 2 ժամ անց ԳԹԿ-ի կայքէջում տեղադրվում են թեստերն ու դրանց ճիշտ պատասխանները, ըստ այդու, դիմորդն անմիջապես կարող է հաշվարկել իր գնահատականը: 5 օրից համապատասխան քննական կենտրոնի պատերին փակցվում են գնահատականների պաշտոնական ցուցակները: Առաջարկվում է այդ ցուցակները տեղադրել նույն կայքէջումՙ ժամանակի խնայողության համար նաեւ (այլապես եւս մեկ անգամ կորած-մոլորած դպրոցներ հասնելու ո՛չ ժամանակ, ո՛չ նյարդեր կան):