Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Կաննի կինոփառատոնի կինոշուկայումՙ համեստագույն տաղավարով եւ վերջին երեք տարիներին նկարահանված 30 ֆիլմով: Մեր կինեմատոգրաֆիստների աշխատանքն առաջացրել է սպասվածից շատ ավելի մեծ հետաքրքրություն, ինչը փառատոնում հայկական պատվիրակության ղեկավար, ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ, արդյունք է աշխարհի տարբեր երկրների կինոստուդիայում աշխատող հայ կինեմատոգրաֆիստների ուշադրությամբ: Մասնակցության արդյունքը տարբեր կարգի համագործակցության շուրջ 30 առաջարկներն են մի քանի երկրների կինոփառատոների կողմից:
Գերմանական մի կազմակերպություն հետաքրքրվել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերով, Ասիական կինոփառատոնի կազմակերպիչներն էլ հետաքրքրվել են հայկական արտադրության կարճամետրաժ ֆիլմերով:
Բուենոս Այրեսի կինոփառատոնում էլ եկող տարիՙ 2010 թվականին ցուցադրվելու են Հարություն Խաչատրյանի 3 ֆիլմերը: Նույն ռեժիսորի 7 ֆիլմերիՙ «Սահման», «Կոնդ», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Վերջին կայարանը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը», հետահայաց ցուցադրությունն է կազմակերպվելու հունիսի 19-ին Մոսկվայում կայանալիք կինոփառատոնում: Նույն փառատոնի «Հեռանկար» մրցույթում ներկայացվելու է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմը, որը ռեժիսորի դեբյուտն է լիամետրաժ կինոյում:
Կաննում հայկական պատվիրակությունը հանդիպել ու բանակցել է Ֆրանսիայի ամենահայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանի հետ, վերջինիս հետաքրքրությունը նույնպես, ըստ Գեւորգ Գեւորգյանի, բացատրվում է հայ լինելով:
Այնուամենայնիվ հայ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական հնարավորություններն էլ ուշադրության արժանացել են ու բերել տարբեր երկրների կինոստուդիաների հետ համատեղ աշխատանքի հնարավորության հեռանկարներ: Խոսելով այս մասին, Գեւորգ Գեւորգյանն ընդգծեց, որ հաջողելու դեպքում աշխատանքի 20 տոկոսը կիրականացվի Հայաստանում կամ հայ մասնագետների կողմից, ինչը կգնահատվի կինոարտադրությունում ընդունված միջազգային չափանիշների հոնորարներով:
Կաննում հայկական պատվիրակությունը նաեւ կարողացել է զարմանք հարուցել արտադրանքի եւ դրան հատկացված ֆինանսական միջոցների համամասնությամբ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ