«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծով նախատեսվում է խաղատները կամ շահումով խաղերը 2013-ի հունվարի 1-ից կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, ինչպես նաեւ համայնքների վարչական սահմաններից դուրսՙ առավելագույն որակավորման կարգ եւ 125-ից ավելի համարներ ունեցող հյուրանոցներում եւ մոթելներում, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում, Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած 37 մլրդ դրամից (100 մլն դոլար) ոչ պակաս ներդրումային ծրագրերի դեպքումՙ ցանկացած վայրում:
Անդրադառնալով այս նախագծին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա նպատակն է Երեւանին հարակից վայրերից տեղափոխել խաղատները: Հարց առաջացավ, թե 37 մլրդ դրամից ոչ պակաս ներդրումների դեպքում հնարավո՞ր է, որ թույլատրվի խաղատուն բացել նաեւ Երեւանում: Տիգրան Սարգսյանն ասաց, որ եթե 100 մլն դոլարի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիր ներկայացվի եւ ներդնողը ցանկանա իր հյուրանոցում խաղատուն բացել, ապա այդ հարցը կարող է քննարկվել կառավարությունում:
Այս օրենքի նախագծի առնչությամբ կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է նաեւ տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ, միեւնույն ժամանակ, նկատի է առնվել զվարճանքի կենտրոնները զբոսաշրջային վայրերին մոտ լինելու հանգամանքը:
Ա. Մ.