«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ՖԵԴՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «ՏՂԱՆԵՐԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՍԽՐԱՆՔ ԳՈՐԾԵՑԻՆ»

Հայկական բռնցքամարտում գրանցված յուրատեսակ ռեկորդով նշանավորվեց Երեւանում վերջերս անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի սաներից յոթը դարձան մեդալակիր (մեկ ոսկե, երկու արծաթե եւ չորս բրոնզե): Ակնկալվո՞ւմ էր նման խոշոր հաջողություն: Այս հարցով սկսեցինք զրույցը Ֆեդյա Ալեքսանյանի հետ:


- Փետրվար ամսին Երեւանում միջազգային ընկերական մրցաշար կազմակերպվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի պատանեկան թիմերի մասնակցությամբ: Այն ժամանակ դեռեւս չէինք անցկացրել հանրապետության առաջնություն եւ, բնական է, հանպատրաստի թիմ ստեղծեցինք: Մեր տղաների մրցելույթը մեղմ ասած չգոհացրեց: Դա նկատի ունենալով, որոշ մասնագետներ մայիսի 23-30-ը Երեւանում կայացած աշխարհի առաջնության նախօրեին մտահոգված էին եւ նույնիսկ մեկ-երկու մեդալակիր ունենալու մասին էին փափագում: Հաջողվեց ընդամենը մի քանի ամսում կուռ, մարտունակ թիմ ստեղծել եւ 42 երկրների 255 մարզիկների պայքարում մեդալների հաշվարկով ՌԴ-ից հետո երկրորդը ճանաչվել:

- Մեկ անգամ եւս նշենք մեդալակիրների անունները. զովունցի Կորյուն Սողոմոնյան (46 կգ, ոսկե մեդալակիր), արծաթե մեդալակիրներ, գյումրեցի Ջոնիկ Տոնոյան (54 կգ), մասիսցի Հայկ Խաչատրյան (70 կգ), երրորդ մրցանակակիրներ, երեւանցիներ Արթուր Քաջոյան (60 կգ), Ալեքսան Նազանյան (80), Գոռ Մարգարյան (+80 կգ) եւ վանաձորցի Վոլոդյա Հայրապետյան (63 կգ): Սա ռեկորդ է, որի հեղինակը դուք եք:

- Այո, նոր, մեծ հաջողություն է հայկական բռնցքամարտում: Բայց հաղթանակը նշված մարզիկների անձնական մարզիչների, բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի, սպորտի նախարարության, մարզական մյուս գերատեսչությունների համատեղ ու շնորհակալ աշխատանքի արդյունք է: Ավելին, գործի հիմքը ժամանակին դրել են մարզաձեւի երախտավորները, մեր ուսուցիչները, որոնց գերակշիռ մասը, ավաղ, հրաժեշտ է տվել կյանքին: Այսօրվա սերունդն ընդամենը նրանց ստեղծած բարի ավանդույթների շարունակողն է: Գլուխ եմ խոնարհում մեր ուսուցիչների, նրանց թվումՙ իմ անձնական մարզիչ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի առաջ:

- Ինչպե՞ս կբնութագրեք հավաքականի անդամներին:

- Նախՙ չեմպիոնի մասին: Ասում են հաղթողին չեն քննադատում: Մարզիկների առավելություններին չեմ անդրադառնա: Իմ կարծիքը կասեմ թերությունների մասին: Կորյուն Սողոմոնյանը ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու կարիք ունի: Այս մասին գիտի նրա անձնական մարզիչ հայրըՙ Սամվել Սողոմոնյանը: Նա շնորհալի մասնագետ է, համեստ մարդ եւ թույլ չի տա, որ չեմպիոն որդին երբեւիցե մեծամտանա, վարակվի «աստղային» հիվանդությամբ:

Փոխչեմպիոն Ջոնիկ Տոնոյանը երեւի թե առաջնության 250 մասնակիցներից ամենաարագաշարժն էր: Բայց նպատակին չի ծառայեցնում այդ առավելությունը եւ նույնիսկ որոշ դրվագներում ակտիվություն չի դրսեւորում: Մարզումներում գյումրեցին պետք է ավելի շատ կատարի հարվածներ. ուղիղ, կողային եւ ներքեւից կատարվող: «Արծաթով» բավարարվեց նաեւ իմ անձնական սանըՙ Հայկ Խաչատրյանը: Նա «կաղում է» տակտիկական հարցերում: Բացի այդ, Հայկը ուժերը ճիշտ չի բաշխում միջփուլային հատվածներում (ռաունդներում):

Խոսեմ չորս բրոնզե մեդալակիրների մասին: Հաղթողի իրական հավակնորդ էր Արթուր Քաջոյանը: Ունի բավարար արագություն, անկոտրում կամք, հիանալի է տեղաշարժվում ռինգում,: Երբեմն մտածում եմ, թե նախապատրաստության ընթացքում գուցե ինքս եմ ինչ-որ հարցում թերացել ու չեմ շտկել Արթուրի սխալը: Ամեն դեպքում Արթուրը պետք է անպայման բարելավի ֆիզիկական որակները եւ հղկի հարվածները: Վանաձորցի Վոլոդյա Հայրապետյանի համար սովորույթ է դարձել առաջին ռաունդում զիջել նախաձեռնությունը, միավորներ նվիրել մրցակցին: Այս մասին նա հանգստի ժամանակ է լսում մարտավկաներից ու հաջորդ երկու մրցափուլերում դրսեւորում է առավելություն, դժվարությամբ հետ վերադարձնում կորցրած ոսկե միավորները: Բարձրքաշայինի նախանձելի կառուցվածք եւ որակներ ունի Արթուր Նազանյանը: Նա երբեմն դառնում է պասսիվ: Թվում է, թե կամային պատրաստականությունն է թույլ: Բայց իմ կարծիքով նրա ընդհանուր ֆիզպատրաստականությունն է անբավարար, այլապես Ալեքսանն իրեն չափազանց վստահ կզգա ռինգում: Դիմացկունության պակասը նկատելի է նաեւ ծանրքաշային Գոռ Մարգարյանի մոտ: Այդ թերությունը զգացվում է հատկապես մենամարտի վերջնամասում, երբ կարծես շնչահեղձ է լինում շնորհալի այդ Հերկուլեսը: Մարզումներում Գոռը պետք է մեծ տեղ հատկացնի գործիքների վրա աշխատանքին. բազմազան հարվածներ կատարի բարձիկների, պարկերի, «տանձերի» վրա, հայելու առաջ հարվածների իմիտացիա անի ու այդ ամբողջ ընթացքում հսկողություն սահմանվի ժամանակի վրա: Այդ կերպ նա կկարողանա կառավարել, կարգավորել շնչառությունը:

Պատվանդան բարձրանալուն արժանի էին մեդալներից անմասն մնացած հավաքականի մյուս վեց անդամները: Նրանց անունները գիտակցաբար չեմ տալիս: Միայն կասեմ, որ նրանց խանգարեց մրցափորձի խիստ պակասը: Համոզված եմ, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզաձեւի նվիրյալ Արման Մուրադյանը, որը շատ բան է արել, այսուհետեւ եւս գումարներ կտրամադրի պատանեկան հավաքականի մրցուղերթների քանակն ավելացնելու համար եւ մեր տղաներն այլեւս մրցափորձի «սով» չեն ունենա:

- Գիտենք, որ դուք նախկինում լավ վարպետ, բացարձակ անպարտելի եք եղել Հայաստանում: Նաեւ հմուտ մասնագետ եւ մանկավարժ եք, երկար տարիներ ձեր ղեկավարությամբ մեր թիմերը, որպես կանոն, մեդալով են վերադառնում արտագնա մրցումներից: Ինչո՞վ բացատրել նման, կասեինքՙ նախանձելի կայունությունը:

- Սպորտը, մասնավորապես բռնցքամարտը, յուրատեսակ առանձնահատկություն ունի: Այստեղ պետք է հույս դնել նպատակային աշխատանքի վրա, քանզի գրեթե դեր չեն խաղում այսպես ասած ազդեցիկ կապերը: Ի՞նչ կարող է անել ցանկացած պաշտոնյան կամ օլիգարխը, եթե նրանց հովանավորյալը մրցակցի ցնցող հարվածից հայտնվում, փռվում է ռինգի հատակին: Հույսը մարզաձեւի մեր ազգային դպրոցն է, որը միավորում-ամփոփում է նաեւ բովանդակ ազգերի բռնցքամարտի լավագույն որակները:

- Մի քանի խոսք հետագա անելիքների մասին:

- Շարունակելու ենք պարապմունքները: Միջազգային պատասխանատու մրցաշարեր շատ կան: Առաջնայինը 2010-ին Սինգապուրում անցկացվելիք ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերն են: Պետք է կարողանանք համապատասխան մրցումներում վարկանիշ ձեռք բերել, որ կարողանանք ապահովել մասնակցությունը խաղերին:

Նախորդ դարավերջում միջազգային ֆեդերացիան փոփոխություններ մտցրեց մրցակարգում: Նախ մտցրին 2-ական րոպե տեւողությամբ 5 ռաունդանոց օրենքը: Ապա մրցափուլերի քանակը պակասեցրին, հասցրին չորսի: Սա էլ չնպաստեց գործի հաջողությանը: Երկու րոպեում նույնիսկ մեծագույն չեմպիոնը չի հասցնի «մատուցել» մարզաձեւի հմայքն ու գեղեցկությունը: Ուստի այս տարվա հունվարի 1-ին նորից կյանք մտավ նախկին մրցակարգը. 3 ռաունդՙ երեքական րոպե տեւողությամբ: Սա ստիպում է, որ սկսնակների հետ տեղերում աշխատող մարզիչները մեծ ուշադրություն հատկացնեն տեխնիկական հնարքների ուսուցմանը: Մրցակցի դեմքի եւ որովայնի համապատասխան մասերին կատարված հարվածներն են գնահատում մրցավարները: Առավել դժվարանում է միավոր ձեռք բերելը: Առավել վստահ կզգան տեխնիկական հնարքների հարուստ զինանոց ունեցող մարզիկները, նրանք, ովքեր կկարողանան իրենց հմտություններով ապակողմնորոշել, շեղել մրցակցի ուշադրությունը, նպատակային հարվածներ կատարել ու հաղթական միավորներ շահել: Մի խոսքով, պետք չէ նոր հեծանիվ հորինել: Գլխավորը եղել ու մնում է մարզչի լավ աշխատանքը, որի հուսով են մարզախմբերը համալրում պատանիները: Նրանց հուսախաբ չանենք:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4