ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ հայրենի խորհրդարանականների նստաշրջանի վերջին ճեպազրույցներն էին, բացակա էր միայն ՕԵԿ-ը: Առանձնացնենք երկու-երեք հարցի նրանց արձագանքները:
ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցում Հայաստանի գնահատական
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, ի տարբերություն եվրոկառույցների կամ դիտորդական առաքելություն ունեցող խմբերի, որոնք անմիջապես գնահատեցին համայնքային ընտրությունները, Միացյալ Նահանգները միշտ էլ այդպես է անում` ոչ թե արձագանքում է ընտրություններին, այլ օրեր շարունակ, «էսպես իբրեւ թե վեր են լուծում եւ համընկեցնում են Հայաստան-Ամերիկա միջպետական փոխհարաբերությունների հետ. այսինքն` ոչ թե կոնկրետ ընտրություններն են գնահատում, այլ փորձում են քաղաքական գնահատական տալ միջպետական փոխհարաբերությունների կարգավիճակով»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան . «Պետդեպի զեկույցի մեջ, ինչպես միշտ, թացը չորի հետ խառնված է, կան կետեր, որոնք առանձնապես վեճի առարկա չեն. որ 2008 թվականի նախագահական ընտրությունները ոչ ամենալավ ձեւով անցան, փոխադարձ անհանդուրժողականությունը բերեց բախումների, եղան զոհեր եւ առաջացավ քաղաքական ճգնաժամ»: Բայց, ըստ նրա, վիճելի է այն դրույթը, թե ճգնաժամը մինչ օրս հաղթահարված չէ, սա չափազանցություն է. «Մյուս կողմից` այդ ընտրությունների տհաճ եւ անընդունելի հետեւանքները մինչեւ հիմա զգալ են տալիս եւ երկար ժամանակ են զգալ տալու, սա ակնհայտ է»:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Բայց խնդիրներ կան, ինչպես խնդիրներ կան տրանզիտային ժողովրդավարության գրեթե բոլոր երկրներում. «Բայց այդ խնդիրները հաղթահարելու համար մեզ պետք են ոչ թե կոշտ դիրքորոշումներ, այլՙ օժանդակություն... Իհարկե, կան խնդիրներ, իհարկե, երբեմն ԲՀԿ-ին բարեփոխումների տեմպը չի բավարարում, բայց մենք պետք է դրանք կարողանանք հաղթահարել մեր գործընկեր տերությունների օգնությամբ: Իսկ նման կարգի գնահատականները չեմ կարծում, թե ավելի կնպաստեն վիճակի բարելավմանը», նկատեց նա:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը , սակայն, գնահատականը դեռ մեղմ է համարում, որովհետեւ այստեղից ավելի լավ է երեւում` ի՞նչ է կատարվում, եւ տրված գնահատականները նրա համար ընկալելի են:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ենթածրագրի սառեցումը
Գալուստ Սահակյանն այն քաղաքականացված եւ ոչ օբյեկտիվ որակեց: Ըստ Վահան Հովհաննիսյանի` այս ենթածրագրի սառեցումը պետդեպի զեկույցի հետեւանքով կամ հիման վրա է. «Անհասկանալի է, թե այս ամենի հետեւանքով ինչո՞ւ պետք է տուժեն Հայաստանի որոշ համայնքներ, որոնց ճանապարհաշինական ծրագիրը ձախողվեց այս զեկույցի, այս մոտեցման հիման վրա»: Նաիրա Զոհրաբյանն էլ ցավում էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կայացրած որոշման համար. «Եթե ավելի՛ գլոբալ դիտարկենք հարցը, ապա պետք է հարց տանք մեզ` արդյոք նման սանկցիա կիրառելն ավելի կօգնի մեր երկրի ժողովրդավարացմանը, կօժանդակի այդ խնդիրների հանգուցալուծմանը: Իմ կարծիքով` ոչ: Միգուցե որոշակի փաստարկների կարելի է համաձայնել, որոշակի փաստարկների` ոչ, բայց եթե խնդրին գլոբալ մոտենանք, ապա արդյոք այդ պատժամիջոցը նպաստելո՞ւ է, որ մենք կարողանանք հաղթահարել բարձրացված խնդիրները»: «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը այդ որոշումը իշխանությունների «հանցավոր անգործության կամ հանցավոր գործունեության» արդյունք համարեց:
Օրակարգից դուրս
ՀԱԿ-ի ներկայացուցիչն արբանյակ կուսակցություն էր անվանել «Ժառանգությանը», որն ուզում է դուրս մղել դոմինանտ ՀԱԿ-ին եւ նրա տեղը գրավել: «Ժառանգության» պաշտպանությունն ակամա ստանձնեց Վ. Հովհաննիսյանը, պատասխանելով այս թեմայով հարցին. «Արբանյակ համարել «Ժառանգությանը» ես համարում եմ առնվազն անխոհեմ, եթե հետագա համագործակցության ծրագիր ունեն: Եթե չունեն, իսկ ես կարծում եմ, որ չունեն, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա արբանյակները իրականում չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել, չլինելով պապայի դերում: Իսկ նրան պապայի դերում Հայաստանի Հանրապետության ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել: Այս առումով մենք նրանց հետ այս պայմաններում ոչ խոսելու թեմա ունենք, ոչ էլ համագործակցելու ընդհանոււր դաշտ... Չեմ կարծում, որ «Ժառանգության» վրա հոգեկան մեծ ազդեցություն կունենան նման վիրավորանքները, իսկ մենք դրանք ընդհանրապես չենք էլ նկատում»: «Ազգը» հարցրեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ասած խորհրդատվությունների դաշտը ո՞վ պետք է սկսի: Ըստ Վ. Հովհաննիսյանի` Հայաստանում այսպիսի գործերում մեծ դեր են ունենում ամբիցիաները, բայց ինքն անձամբ այդպիսի ամբիցիա չունի եւ որպես խմբակցության ղեկավար պատրաստ է անել առաջին քայլը` հետագա ծրագրերի վերաբերյալ առնվազն խոսակցություն սկսելու իմաստով: Պառլամենտում ներկայացված իշխանական կուսակցությունների հետ եւս ՀՅԴ-ն համագործակցելու է. կան հարցեր, որտեղ տեսակետները համընկնում են, իսկ, օրինակ, իշխանության արտաքին քաղաքականությունը ՀՅԴ-ն չի ողջունում:
Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ՀԱԿ-ի որակումներին այսպես արձագանքեց. «Ժառանգությունը» երբեւէ իրեն չի համարել ոչ թիվ մեկ, ոչ էլ վերջին կուսակցությունը, եւ մենք քաղաքական դաշտում զբաղված չենք քաղաքական ուժերին համարակալելով: Ընդհանուր առմամբ գնահատական չենք տա, թե մենք որերորդն ենք»: Եվ ավելացրեց, թե «Ժառանգությունը» նման չէ որեւէ մեկին եւ ամեն ուժ պայքարում է դոմինանտության համար: