«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2009-06-11 | #108, 2009-06-12 | #109, 2009-06-13


2009-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՆԿՈՒՄԸՙ 9-9,5 ՏՈԿՈՍ, 2010-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 1,5-2 ՏՈԿՈՍ

Հայաստանի վերաբերյալ ՀԲ կանխատեսումները ներկայացրեց երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը

Հայաստանի հետ Համաշխարհային բանկի «Երկրի նոր ռազմավարությունը 2009-2012 թվականներին» (ԵՆՌ) մեկնարկեց երեկ, ինչի կապակցությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը : Նրանք ներկայացրին նոր ռազմավարությունը, հայտնելով, որ այն հիմնվում է երկու սկզբունքների վրաՙ կարճաժամկետ հատվածում մեղմել խոցելիությունը եւ երկարաժամկետ հատվածումՙ ամրապնդել մրցունակությունը հետճգնաժամային աճի համար: Այդ նպատակով, Համաշխարհային բանկն առաջիկա 4 տարիներին կտրամադրի 670-700 մլն դոլարի աջակցություն, որից 150 մլն դոլարըՙ կլինեն ցածր տոկոսադրույքներով վարկեր, 395 մլն դոլարըՙ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի վարկերն են, եւ 120-160 մլն դոլարըՙ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից կուղղվի մասնավոր հատվածին: Ընդ որում, նախատեսված ամբողջ գումարի մոտ կեսըՙ 545 մլն դոլարըՙ բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ տարեվերջ:

Ինչպես նշեց Արիստոմենե Վարուդակիսը, ռազմավարության մշակումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանը զգում էր ճգնաժամի ազդեցությունը, որի հետեւանքով կրճատվեցին արտահանումը եւ մասնավոր փոխանցումները Հայաստան, ինչպես նաեւ նվազեցին հարկային մուտքերը: Նոր ծրագրով համագործակցությունը ՀԲ հետ, ըստ երեւանյան գրասենյակի ղեկավարի, կօգնի Հայաստանին պայքարելու ճգնաժամի հետեւանքների դեմ եւ վերականգնելու տնտեսական աճը 2010-ին: Երկարաժամկետ համագործակցության հիմնական նպատակը տնտեսության դիվերսիֆիկացումն է, որը թույլ կտա վերացնել տնտեսության կախվածությունը առանձին ճյուղերիցՙ շինարարությունից կամ արտերկրի մասնավոր փոխանցումներից:

Խոսելով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը դրական գնահատեց դրանք: Միաժամանակ, նա նշեց, որ Համաշխարհային բանկը հավանության չի արժանացրել հարկային այն փոփոխությունը, ըստ որի, 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերություններում նշանակվելու են հարկային ներկայացուցիչներ: Արիստոմենե Վարուդակիսն այն համոզմունքը հայտնեց, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է նվազեցնել շփումը հարկատուի եւ հարկային տեսուչի միջեւ:

Եվ վերջապես, Հայաստանի տնտեսական իրավիճակին անդրադառնալով, ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ ՀԲ-ն վերանայել է 5 տոկոս տնտեսական անկման իր նախկին կանխատեսումը եւ, ըստ նոր կանխատեսման, մեր տնտեսության անկումն այս տարի կկազմի 9-9,5 տոկոս: Միաժամանակ, Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ տարվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, իսկ 2010-ի համար կանխատեսվում է 1,5-2 տոկոս տնտեսական աճ: Հետագա տարիներինՙ 2011-2012-ին, ՀԲ կանխատեսումներով, տնտեսական աճը կարագանա, բայց այդ ցուցանիշը կախված կլինի համաշխարհային տնտեսության իրավիճակից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4