1988 երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական աջակցություն ցուցաբերեց սփյուռքահայությունը:
Ֆրանսիայի Վալանս քաղաքում 1988-ի վերջին հայազգի գործարար Շառլ Ձիրանյանը հիմնադրեց «Սփյուռք-Արմենի» միությունը: Ֆրանսահայ բարերար Արտաշես Ղարագյոզյանի եւ մյուսների հետ մեծածավալ բեռներ առաքվեցին աղետի գոտի: Ինքնաթիռներով Հայաստան հասցվեցին սննդամթերք, դեղորայք, բուժսարքավորումներ, հագուստ:
1991 թվականից եւ հետագա ավելի քան 10 տարիներին մարդասիրական բեռները Հայաստան էին առաքվում «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի բեռնատարներով:
- Շառլ Ձիրանյանը հազվագյուտ հայասերներից էր,- ասում է կենտրոնի տնօրեն Նորայր Զուլոյանը: - Նա անկախ էր բոլոր կուսակցություններից: Նրա կուսակցությունը հայասիրությունն էր, մեր ազգային շահը: Մշտապես առաջնորդվում էր «Հայրենիքից հեռու, հայրենիքի համար» նշանաբանով: Նրա ուղարկած բեռներից բաժին են հասել մեր մարզի, Շիրակի, Արցախի բուժհիմնարկներին, կարիքավոր ընտանիքներին: Ֆրանսիացի բարերարի կողմից զգալի աջակցություն է ցուցաբերվել նաեւ մարզաշխարհին, արցախյան ազատամարտիկներին, շատ-շատերի:
Շ. Ձիրանյանը ծնվել է 1930-ի դեկտեմբերինՙ Ֆրանսիայում: Ծնողները գաղթել էին Խարբերդից եւ Էրզրումից: Սկզբում նա զբաղվել է սպորտով, եղել է ծանրամարտիկ: 1956-ին միջին քաշային կարգում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Շ. Ձիրանյանը հետագայում զբաղվել է գործարարությամբ, ունեցել է տրիկոտաժի ֆաբրիկա: Նա Ֆրանսիայի Դրում մարզի հայտնի գործարարներից մեկն էր: Բացի Հայաստան բարեգործական բեռների առաքումից, նա 1990-ից ի վեր աջակցել է հայրենիքից Ֆրանսիա արտագաղթած հարյուրավոր հայերի:
Տարիներ առաջ Շ. Ձիրանյանն աջակցություն ցուցաբերեց նաեւ վանաձորցի գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանինՙ Ֆրանսիայում անհատական ցուցահանդես բացելու: Շ. Ձիրանյանն անձնական օրինակով էր տեղի հայերին հորդորումՙ չկորցնել ազգային ինքնությունը: Նա հայեցի դաստիարակել եւ կրթության է տվել որդունՙ Քրիստիանին, երեք դուստրերինՙ Պատրիցիային, Սիլվային եւ Անուշին:
Ֆրանսահայ բարեգործի մահը մեծ ցավով ընդունեցին ե՛ւ մեր մարզում, ե՛ւ հանրապետությունում, հատկապես նրանք, ովքեր անձամբ ճանաչել են նրան:
- Հուսով եմ, որ Շ. Ձիրանյանի գործը կշարունակեն նրա զավակները,- մեր զրույցի ժամանակ ասաց Ն. Զուլոյանը, որը շուրջ երկու տասնամյակ ճանաչել է բարերարին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ