ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսպիսով, մինչեւ սեպտեմբերի կեսը իշխանությունը ստացավ այն պակասող ժամանակը, որը նրան անհրաժեշտ է` վերադասավորելու ուժերը, նոր մեթոդներ որդեգրելու, «ուբոռկա» անելու սատարող ուժերի շրջանում, մարտավարություն եւ ռազմավարություն ընտրելու նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, ինչը նախագահ Սարգսյանն այդպես էլ ժամանակ չէր ունեցել անելու: Մարտի 1-ի եւ հետմարտիմեկյան իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ զարգացան, ընդդիմության գործելակերպն այնպես էր նրան մտահոգում, որ նա այդպես էլ երբեք ժամանակ չունեցավ շունչ առնելու եւ նոր` նախագահի ամբողջական կերպարի մեջ մտնելու, վերջնականապես աշխատանքի իր ընդգծված մեթոդները ցուցանելու համար: Իսկ հիմա, վերջապես, ընդդիմությունը նրան այդ հնարավորությունը տալիս է, ինչպես, ի դեպ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, որոնք այսու հանգիստ կարող են իրենց անելիքն ու գործելակերպը ողջ ամառ ճշգրտել:"
Տեր-Պետրոսյանը, արձակուրդ գնալուց առաջ, համագործակցության 12 կետանոց մի պլատֆորմ առաջարկեց, որի կետերը քչփորելով` մի քանիսն անտրամաբանական համարեցինք ներկա քաղաքական իրավիճակում, քանի որ դրանց հանդեպ ժամանակին Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանության կեցվածքը հիշում ենք: Այդ 12 կետերից արժանահիշատակ են մարտի 1-ի դեպքերի եւ մեղավորների բացահայտման հետ կապվածները, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին վերաբերողները, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջները: Թեեւ վերջին երկու կետը եւս պարզապես գոնե այս պահի համար ժամանակավրեպ են, քանի որ քաղաքային ավագանու ընտրությունները (ընտրություն համարենք դա, թե մարդկանց համակերպման արդյունք, մեկ է), այնպիսի քաղաքական իրավիճակ են ստեղծել, որ այդպիսի կետեր առաջարկելը, այն էլ ընդդիմադիր մյուս երկու ուժերին (ՀՅԴ եւ «Ժառանգություն»), առնվազն կոռեկտ չէ, թեեւ 12 կետերի շուրջ կոնգրեսը պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ համագործակցել. Տեր-Պետրոսյանը, թյուրիմացություններից խուսափելու համար, շեշտում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն: Դա նշել է համենայն դեպս, որովհետեւ էլ չի կարող ասել, չէ՞, ՀԱԿ-ը միակ ընդդիմադիրն է: Եվ դրանից էլ առաջ, էլ ավելի զգուշանալով` ասել էր, թե ՀԱԿ-ը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի:
Չունի` չունի, ունենա էլ` չի կարող, որովհետեւ այժմ արդեն նոր ձեւաչափեր են ստեղծվելու, ընդդիմության պատկեր եւ ուրվագիծ է փոխվելու, դեռ կարող է պատահել, որ ՀԱԿ-ի հետ չուզենան համագործակցել դոմինանտ դառած մյուս ընդդիմադիր ուժերը:
Ինչ էր ասել նորաթուխ ընդդիմադիր ՀՅԴ-ն ներկայացնող Վահան Հովհաննիսյանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա իրական արբանյակները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել` չլինելով պապայի դերում, իսկ նրան պապայի դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել: Մենք էլ այս պայմաններում նրա հետ համագործակցության որեւէ դաշտ չունենք»: Խնդալու կամ լալու, կարծեմ, պատճառ` չիք:
ՀԱԿ-ից Կարապետ Ռուբինյանը, որ առավել պրագմատիկ գործչի համբավ ունի, երեկ նվազ հույս է հայտնել, որ Դաշնակցությունն ու «Ժառանգություն» կուսակցությունը կարձագանքեն ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանի առաջարկին` քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին: Բայց Տեր-Պետրոսյանի փորձառությունը եւս բարձր մակարդակի վրա է, եւ նա հասկանում է, որ ՀԱԿ-ի գնացքը եթե արդեն չի գնացել, ապա արդեն շարժվում է, եւ հարցն այն է, թե նրա մեջ արդյոք տեղ կա՞ ՀԱԿ-ի համար: Այդ նրբաշեշտը երեկ իր ասուլիսում դրեց նաեւ «Նոր ժամանակների» Արամ Կարապետյանը, որը որսացել էր Տեր-Պետրոսյանի տոնայնության նրբերանգները, նրա ելույթն «ունիսոն» անվանելով, երբ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե պապաներ ու երեխաներ բացառվում են, բոլորը հավասար են (Վ. Հովհաննիսյանի ականջը կանչի):
Այսպիսով` պարզ է դառնում, որ ՀԱԿ-ը եւս անցնում է երկարատեւ, դիրքային պայքարի` գուցեեւ հաջորդ, հերթական ընտրությունների համար: Այդ դեպքում անիմաստ է դառնում «անհապաղ հրաժարականն» ու «արտահերթ խորհրդարանականն ու նախագահականը», անիմաստ` այս նահանջներ պարունակող մտքերի հետ համադրված: Թարսի պես էլ Սերժ Ազատիչն ու Դմիտրի Անատոլեւիչը քիփ-քիփ ասուլիս էին տալիս, ու Հայաստանի նախագահն իրեն բավական վստահ էր պահում, ու ոչ մի կերպ չէր զգացվում, որ նա ՀԱԿ-ական ընդդիմության ասած` արտաքին եւ ներքին մարտահրավերների ճնշող օղակ ունեցող երկրի նախագահ է:
Առհասարակ` Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը լի է հակասություններով, կարծես թե նա հասկացել է, որ ճանապարհը նրան տարել է ոչ մի տեղ, եւ «թայմ աութ» վերցնելով` նա կարծես ուզում է դուրս գալ այդ «ոչ մի տեղից» ու ինչ-որ կետից նորից որոնել լաբիրինթոսից դուրս գալու ուղին: Կարելի է ասել` մի տեսակ պատվավոր նահանջ, գոնե այս երկու ամիսը:
Իշխանական դաշտում եւս հանգիստ մտորելու եւ եզրակացությունների հանգելու կարիքը կա: Կոալիցիան եւ կա, եւ չկա: Եվ էլի քաղաքային ավագանու ընտրություններից հետո եռաթեւ կոալիցիայի առնվազն երկու թեւերը սթափ վերլուծությունների եւ իրենց գործընկեր ՀՀԿ-ից պարզաբանումներ եւ խոստումներ ստանալու, կամ էլ հակառակը, նրա կոշտ վերաբերմունքից եզրահանգումների գալու խնդիր ունեն, որից հետո աշնանը նոր դիմագծով կներկայանան հանրությանը:
Հայաստանի քաղաքական դաշտը ղեկավարող իշխանական պլուտոկրատիան այս ամառ իր խնդիրները լուծելու կարիք ունի` մի մասը, առաջին մակարդակի կապեր չունեցողների շերտը, խնդիր ունի թույլ չտալ իր հաշվին ուրիշների ընդլայնումը, մյուսըՙ իշխանական օթյակներին առավել մոտ կանգնածը, առավել ընդլայնվելու անհագ ցանկություն, քանզի Հայաստանում քաղաքական իշխանություն, իր մաքուր իմաստով, գոյություն չունի` ով հզոր է տնտեսապես, նա էլ քաղաքականություն է անում: Որքան էլ զարմանալի է` ուժեղացման կամ թուլացման անկյունաքարը կդրվի հարկային փաթեթի ընդունումից, որը մեր կարծիքով ոչ թե նրա համար է ընդունվելու, որ սկզբունքորեն կիրառվի օրենքի շրջանակին ենթակա բոլորի նկատմամբ, այլ հատկապես անցանկալիների հանդեպ: Կհաղթի՞ կառավարությունը, սա նշանակելու է, որ իշխանությանը մոտ կանգնած սակավ գործարարներն են շահելու, իսկ մյուսներին ցույց է տրվելու օրենքը, կհաղթեն այլ հովերը, նշանակում է իշխող ուժը խնդիրներ կունենա մի անգամ եւս կրկնելու ողջ գործընթացը:
Իսկ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը` «Ժառանգությունն» ու իր ընդդիմադիր իրավունքները դեռեւս հաստատելու խնդիր ունեցող ՀՅԴ-ն արդեն իսկ ՀԱԿ-ից առավել շահեկան վիճակում են լինելու, քանի որ Ազգային ժողովում լինելը նրանց մշտապես ապահովելու է լսարանով, իսկ ՀԱԿ-ն անգամ քաղաքային ամբիոնից է հրաժարվում, ինչն, ի դեպ, ըստ որոշ լուրերի, չեն ողջունում նրանց արեւմտյան հովանավորները` ի դեմս Հայաստանում ներկա որոշ դեսպանատների:
Հ.Գ. Վերն ասվածը մի ավելորդ անգամ շեշտում է մի տխուր իրողություն` Հայաստանի ժողովուրդն իրականում ոչ մի կապ չունի եւ մասնակից չէ քաղաքական գործընթացներին: