«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2009-06-12 | #109, 2009-06-13 | #110, 2009-06-16


5 ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ԴԻՄԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նրանցից մեկն արդեն երաշխիք ստացել է

Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) այս տարվա առաջին ամիսներին արձանագրած անկումը էապես պայմանավորված է շինարարության տեմպերի նվազմամբ: Այս ճյուղը ՀՆԱ մոտ 25 տոկոս մասնաբաժին ունի, եւ բնական է, որ նրա տեմպերի կտրուկ նվազումը լուրջ ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա: Այս հանգամանքը նկատի ունենալով էլ, կառավարությունն այս տարվա ապրիլի 14-ին որոշում ընդունեց 20 մլրդ դրամի չափով պետական երաշխիքներ տրամադրել այն շինարարական ընկերություններին, որոնք ունեն կիսակառույց բազմաբնակարան շենքեր եւ դժվարանում են ավարտին հասցնել դրանց շինարարությունը:

Վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանը , որը կառավարության ստեղծած օպերատիվ շտաբի պատասխանատուներից է, այն կարծիքը հայտնեց, որ կառավարական այս նախաձեռնությունը կառուցապատողին երաշխիք է տալիս ավարտելու իր կիսակառույց շինությունը: Այսինքն, պետական երաշխիքների տրամադրման հիմնական նպատակն է նպաստել ժամանակավորապես դադարեցված շինարարության աշխուժացմանը:

Կառուցապատողները կարող են օգտվել այս ծրագրից սահմանված որոշակի չափանիշների բավարարելու դեպքում: Դրանցից առաջինն այն է, որ կիսակառույց շինությունը պետք է ունենա առնվազն 50 տոկոս ավարտվածություն: Սկզբնական տարբերակով այդ ցուցանիշը 75 տոկոս էր, բայց շինարարության վերաշխուժացմանն աջակցելու տրամաբանությունից ելնելով, օպերատիվ շտաբը որոշեց մեղմացնել այս պահանջը, որպեսզի մասնակցության աստիճանը ավելի մեծ լինի: «Իսկ ինչպե՞ս է որոշվում ավարտվածության ցուցանիշը», մեր հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դա որոշում են կառավարության ներկայացրած 7 գնահատող կազմակերպություններից 2-ը: Վերջիններիս ընտրում է կառուցապատողը: Գնահատող կազմակերպությունները պետք է ներկայացնեն այդ կիսակառույց շենքի ավարտվածության գնահատականը եւ շուկայական արժեքը, քանի որ այդ կիսակառույցը պետք է գրավադրվի պետությանը:

Պետական վարկային երաշխիքների տրամադրման համար շինարարական կազմակերպություններից պահանջվող հաջորդ չափանիշը նրա համաձայնությունն է բանկի հետ, որ վերջինս պատրաստ է պետական երաշխիքի ներքո կառուցապատողին վարկ տրամադրել: «Կառավարությունը ոչ բոլոր ռիսկերն է վերցնում իր վրա եւ երաշխիքը տալիս է միայն մայր գումարի մասով: Տոկոսների ռիսկը բանկը պետք է վերցնի իր վրա», ասաց վարչապետի օգնականը, ավելացնելով, որ այս ամենը քննարկելուց հետո, օպերատիվ շտաբը կայացնում է պետական երաշխիքի տրամադրման որոշումը:

Վերոնշյալ որոշումը կայացնելիս հիմք է ընդունվում երկու գնահատող ընկերությունների հաշվարկած շուկայական արժեքներից նվազագույնը: Պետությունը երաշխիք է տալիս այդ արժեքի 35 տոկոսի չափով: Իսկ եթե կառուցապատողը չի կարողանում մարել այդ վարկը, ապա նրա կառուցած շինությունն անցնում է պետությանը: Այսինքն, շինության արժեքի 35 տոկոսով պետությունը գնում է այդ ամբողջ շինությունը: Դա վարկը չմարելու դեպքում իհարկե: Սակայն Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ պետական երաշխիքների տրամադրման նման չափանիշների սահմանումը հենց արվում է, որ այդպիսի իրավիճակ չլինի:

Պետական երաշխիքների տրամադրման ներկա փուլի մասին խոսելով, վարչապետի օգնականը հայտնեց, որ ապրիլի 14-ից մինչ այժմ 7-10 կառուցապատող ընկերությունների հետ բանավոր քննարկվել են բոլոր մանրամասները: Իսկ կոնկրետ փաստաթղթային առաջարկներ են ներկայացրել 5 ընկերություն: Դրանցից մեկըՙ «Էլիտ գրուպը», Երեւանի կենտրոնում, Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմագործառնական շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկից» վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, կառավարության որոշմամբ առաջինը ստացավ 2,5 մլն դոլարի պետական երաշխիքը:

Մյուս առաջարկները դեռեւս քննարկման փուլում են: Դրանց ընդհանուր արժեքի վերաբերյալ մեր հարցին պատասխանելով, Դավիթ Հարությունյանը մոտավոր եւ նախնական ցուցանիշ նշեցՙ մոտ 4-4,5 մլրդ դրամը, որը կարող է վերանայվել հենց կառուցապատողների կողմից:

Փաստորեն, այս պահի դրությամբ պետության ընձեռած հնարավորությունից օգտվելու ցանկություն են հայտնել 5 շինարարական ընկերություններ, որոնց նախնական առաջարկների ընդհանուր արժեքը չի գերազանցում որպես պետական երաշխիք նախատեսված 20 մլրդ դրամ գումարի քառորդ մասը: Այսինքն, գործընթացը դեռ նոր է սկսվում եւ կառուցապատողների ակտիվությունը առայժմ այնքան էլ բարձր չէ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4