Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, երեկ տեղի ունեցած հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է վարույթ հարուցել բենզինի շուկայում: Հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղպետրոլսերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացվել են եւս 20 դրամով: Դա վերջին մեկուկես ամսվա ընթացքում այս ընկերության կողմից բենզինի գները 20-ական դրամով բարձրացնելու երրորդ դեպքն է, ինչից «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի, եւ հետագա թանկացումների սպասումներ են ստեղծվել:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ այս տարվա հունիսի 10-ին «Քաղպետրոլսերվիսը» հանձնաժողովին տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը, եւ որ բենզին ու դիզվառելիք է ներկրում նոր ընկերությունՙ «Սիթիպետրոլգրուպը»: «Այն դեպքում, երբ «Քաղպետրոլսերվիսը» կառավարության հայտարարած պետական գնումների այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել է իր գործունեությունը», ասվում է հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության մեջ:
Միաժամանակ, հանձնաժողովից տեղեկանում ենք, որ այս շուկայում մյուս գերիշխող դիրք ունեցող «Ֆլեշ» ընկերությունն իրացվող բենզինի գինն այսօր չի փոխել, իսկ մինչ այդ տեղի ունեցած թանկացումները, հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, տեղավորվում են միջազգային շուկայի զարգացումների շրջանակում:
Ա. Մ.