«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2009-06-12 | #109, 2009-06-13 | #110, 2009-06-16


«ՄԻԿԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում կենտրոնականն «Ուլիսի» եւ «Միկայի» մրցավեճն էր: Երկու թիմերն էլ հաղթելու վճռականությամբ էին խաղադաշտ դուրս եկել: Առաջինը հաջողության հասավ «Միկան»: Արդեն 5-րդ րոպեին բրազիլացի Ալեքսի տուգանային հարվածից հետո Արամ Ոսկանյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Գոլը չընկճեց ուլիսցիներին, որոնք մեծ ուժերով գրոհում էին: Եվ ընդամենը 6 րոպե անց հաշիվը հավասարեցվեց: Կարեն Մուրադյանի ճշգրիտ փոխանցումից հետո Գագա Թբիլաշվիլին գրավեց «Միկայի» դարպասը:

Առաջին խաղակեսում եւս երկու վտանգավոր պահ գրանցվեց: Նախ քիչ էր մնում սխալվեր «Միկայի» դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլին ու Արտյոմ Ադամյանը պատժեր նրան: Հետո գոլ խփելու լավ առիթ ներկայացավ «Միկայի» հարձակվող Արա Հակոբյանին, սակայն հյուրերի դարպասապահ Մանվել Աֆրիկյանը հետ մղեց գնդակը:

Ընդմիջումից հետո եւս դաշտում հավասար պայքար էր ընթանում: 60-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով, դաշտից հեռացվեց ուլիսցի Կարեն Ալեքսանյանը: «Միկային» հաջողվեց իրացնել թվային առավելությունը: Կրկին վարպետ խաղով աչքի ընկավ միկացիների ավագ Արամ Ոսկանյանը, որը դժվարին դրությունից, պառկած վիճակում գլխի հարվածով խփեց հաղթական գոլը: «Ուլիսը» կարող էր փրկել խաղը, սակայն Արմեն Տիգրանյանի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Սամվել Դարբինյան («Միկա») - Հաճելի է, երբ հանդիպումն անցնում է նման լարված պայքարում: Դա նպաստում է թիմերի խաղամակարդակների աճին, առաջնության նկատմամբ հետաքրքրասիրությանը: Արդեն 2-րդ խաղում ենք արագ գոլ խփում, ինչը հոգեբանորեն որոշ չափով կաշկանդում է մեր ֆուտբոլիստներին, որոնք շատ շուտ են հավատում վերջնական հաղթանակին: Թիմի առջեւ լուրջ խնդիրներ են դրված, ինչը որոշակի լարվածություն է ստեղծում: Մեզ համար այժմ շատ կարեւոր է հաղթել ու «Փյունիկից» հետ չմնալ: Կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Այդ պատճառով այսօրվա խաղում բացակայում էր Բոտի Դեմելը: Վիրահատությունից եւ բուժզննումից հետո թիմին են միացել Ալեքսանդր Թադեւոսյանն ու Նիկիտա Ֆուրսինը: «Ուլիսը» լավ կազմակերպված թիմ է, որին հաջողություն եմ մաղթում:

  Սեւադա Արզումանյան («Ուլիս») - Այսօրվա խաղում «Ուլիսի» համար ճակատագրական 3 պահ տեղի ունեցավ: Առաջինն արագ բաց թողած գոլն էր, երկրորդը` Կարեն Ալեքսանյանի հեռացումը, երրորդը` մեր պաշտպանների կոպիտ սխալը, որի հետեւանքով 2-րդ գոլը բաց թողեցինք ու պարտվեցինք: Իհարկե, ցավալի է նման լավ խաղով պարտվելը: Հարկավոր է շուտ մոռանալ այս պարտությունը եւ նախապատրաստվել հաջորդ հանդիպումներին` լավ խաղն ամրապնդելով արդյունքով: Երեւի շուտով մեզ միանա դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը խաղում է Իրանում:

Այս հաղթանակի շնորհիվ «Միկան» կրճատեց միավորների տարբերությունը «Փյունիկից», որը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գանձասարին»: Այդ խաղում դարպասները մնացին անառիկ: Ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել «Արարատին»: «Բանանցի» հետ խաղում արդեն 3-րդ րոպեին Հրանտ Գեւորգյանը գրավեց «Արարատի» դարպասը, իսկ խաղավերջում Սամվել Մելքոնյանը 2-րդ գոլը խփեց: «Կիլիկիայի» եւ «Շիրակի» մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի` 1-1: Առաջինը հաջողության հասան շիրակցիները, որոնցից աչքի ընկավ Արա Մկրտչյանը: «Կիլիկիային» պարտությունից փրկեց Ռաֆայել Մկրտչյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1192027-629
2. Միկա1182122-926
3. Բանանց1180320-1124
4. Ուլիս1262416-1020
5. Շիրակ1233612-2412
6. Գանձասար123277-1911
7. Կիլիկիա1231811-1910
8. Արարատ1100113-200

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Բոտի Դեմել«Միկա»8
Արամ Ոսկանյան«Միկա»7
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4