«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2009-06-13 | #110, 2009-06-16 | #111, 2009-06-17


ԴՐԱՄԸ ՍԿՍԵՑ ԱՐԺԵՎՈՐՎԵԼՙ ԻՆՉՈ՞Ւ

Կտրուկ արժեւորում, սակայն, պետք չէ սպասել

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դոլար-դրամ փոխարժեքի թեման, որն ամենաշոշափվողն էր այս տարվա սկզբին եւ որը մի տեսակ մոռացության մատնվեց մարտի 3-ից որոշ ժամանակ անց, ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին կրկին կդառնա ամենաշոշափվողներից մեկը: Դրա պատճառները ներկայացնելուց առաջ նախ անդրադառնանք այս տարվա սկզբին, երբ Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կայունության ապահովման նպատակով ժամանակավորապես իրականացվում էր փոխարժեքի պահպանման քաղաքականություն, որից ԿԲ-ն հարկադրված եղավ հրաժարվել մարտի 3-ին: Այն ժամանակ նշել էինք, որ փոխարժեքի պահպանման քաղաքականությունը ժամանակավոր լինելով, լի է վտանգներով եւ դժվար կլինի պահպանել երկար ժամանակ: Եվ իսկապես, տարածվող լուրերը (նաեւ քաղաքական նպատակներով) փոխարժեքի սպասվող կտրուկ փոփոխության մասին խուճապային տրամադրություններ ստեղծեցին բնակչության մեջ եւ Կենտրոնական բանկը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, հարկադրված եղավ հրաժարվել փոխարժեքի պահպանումից մոտ 1 ամիս ավելի շուտ, քան ի սկզբանե նախատեսված էր եղել: Մարտի 3-ին ընդունած որոշումը փոխարժեքը «բաց թողնելու» մասին, ինչպես եւ սպասվում էր, առաջին օրերին բավականին ցավագին արձագանք ունեցավ: Հետագայում ամեն ինչ սկսեց ընթանալ իր բնականոնՙ շուկայական հունով:

Բնականոն հունը այն էր, որ մեր ազգային արժույթը 4-5 տարվա արժեւորումից հետո ամբողջ աշխարհն ու նաեւ մեզ համակած ճգնաժամի պատճառով արժեզրկվեց մոտ 20 տոկոսով եւ վերջին 3-4 ամիսներին սկսվեց տատանվել 1 դոլարի դիմաց 370-380 դրամ միջակայքում: Եթե նկատի ունենանք արտահանման եւ տնտեսական աճի տեմպերի կրճատումը, պահանջարկի անկումն ու տնտեսական ակտիվության նվազումը, ապա հասկանալի է, որ որեւէ ներքին ազդակ դրամի արժեւորման համար չկար: Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումը, նպատակ ունենալով խրախուսել տնտեսական ակտիվությունը, նույնպես նպաստում էր դրամի արժեզրկմանը: Արտաքին գործոններն էլ նպաստավոր էին դրամի արժեզրկման համար: Այսինքն, ԱՄՆ դոլարը, ուռճացած սպառման անկման արդյունքում, արժեւորվել էր, ինչն իր ազդեցությունն էր թողնում մյուս երկրների արժույթների, այդ թվում նաեւ մեր դրամի վրա: Ի՞նչն է փոխվել այժմ եւ ինչո՞ւ պետք է առաջիկա ամիսներին սպասել դրամի արժեւորմանը:

Արդեն նախորդ երկու օրերին 1 դոլարի դիմաց դրամի փոխարժեքը Հայաստանի ֆոնդային բորսայում սկսեց նվազել 370-ից եւ դարձավ նախ 369, ապա 366 դրամ: Երեկ բանկերի մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում փոխարժեքը կազմում էր 366-369 դրամՙ 1 դոլարի դիմաց: Հիմնական պատճառը, որ սկսում է ազդել փոխարժեքի վրա, դոլարային ներհոսքն է Հայաստան: Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկերն արդեն մուտք են գործել մեր տնտեսության մեջ, որին կավելանա բառացիորեն վերջին օրերին Ռուսաստանի տրամադրած 500 մլն դոլարի վարկը: Այսինքն, այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ կսկսվի շրջանառվել մոտ 500 մլն-1 մլրդ դոլար:

Դրամի արժեւորման վրա ազդող արտաքին գործոններից հիմնականը լինելու է ԱՄՆ նոր նախագահի եւ կառավարության կողմից իրականացվող ավելի քան 850 մլրդ դոլար արժողությամբ տնտեսության առողջացման ծրագիրը: Այդ միջոցները պարզապես էմիսիոն գումարներ են, որոնք տրամադրվելու են ընկերությունների առողջացմանը, առաջացնելու են դոլարի արժեզրկում եւ մեծ հաշվով հող ստեղծելու հաջորդ ճգնաժամի համար: Իհարկե, եթե այդ քաղաքականությունը ԱՄՆ-ում պահանջվածից ավելի երկար շարունակվի: Ամեն պարագայում, աշխարհում դոլարի արժեզրկումն ազդելու է նաեւ դրամի արժեւորման վրա:

Այդուհանդերձ, հարկ չկա ակնկալել, որ դրամի արժեւորումը զգալի կլինի եւ կհասնի նախկինՙ 1 դոլարի դիմաց 305 դրամի ցուցանիշին: Փոխարժեքի վերաբերյալ կոնկրետ կանխատեսումներ անելը բավականին բարդ խնդիր է, եթե նկատի ունենանք, որ փոխարժեքը ձեւավորվում է բազմաթիվ գործոններից, բայց կարելի է շատ մոտավոր ենթադրել, որ մինչեւ տարեվերջ կգտնվի 1 դոլարի դիմաց 350-360 դրամի շրջակայքում: Բանն այն է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական աճի նախկին տեմպը, արտահանման եւ արտերկրից եկող մասնավոր փոխանցումների նախկին ծավալները չեն վերականգնվի, իսկ Կենտրոնական բանկն էլ, նպատակ ունենալով խթանել տնտեսական ակտիվությունը, կշարունակի տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը: Միաժամանակ, աշխարհում ԱՄՆ դոլարի արժեզրկումն էլ բավականին հեռու կլինի այն տեմպից, ինչն ուներ մինչեւ ճգնաժամը: Հետեւաբար, եթե արհեստական խուճապ չհրահրվի, ապա մեր արտարժույթի շուկայում կտրուկ տատանումներ չեն լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4