Այսօր լրանում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը
80 տարի առաջ` 1929-ի հունիսի 17-ին Թբիլիսիում, արհեստավորի ընտանիքում ծնվեց հայ ազգի տաղանդաշատ ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Վարդանի Պետրոսյանը: Այն ժամանակ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նորածինը դառնալու է համաշխարհային շախմատի վառ անհատականություններից մեկը, աչքի է ընկնելու իր ուրույն խաղաոճով, գերելու է միլիոնավոր շախմատասերների սրտերը` նվաճելով շախմատային թագը, հայ ազգը ներկայացնելու է աշխարհին, ճանաչել է տալու Հայաստանը` փառք ու պատիվ բերելով իր ժողովրդին:
Տիգրան Պետրոսյանը հայազգի գրոսմայստերների աստղաբույլի ամենավառ եւ առաջին աստղն էր: Նա շախմատային խաղի իսկական գիտակ էր, պաշտպանական խաղի հզոր վարպետ ու գրեթե անպարտելի էր: Բնածին տաղանդի, մեծ աշխատասիրության շնորհիվ Տիգրան Պետրոսյանը կարողացավ շախմատային աշխարհում իր արժանի տեղը գրավել եւ նվաճել շախմատային օլիմպոսը` դառնալով աշխարհի 9-րդ չեմպիոնը, 6 տարի շարունակ (1963-1969) շախմատային թագը չզիջելով ոչ մեկին:
Հինավուրց ու իմաստուն խաղով Տիգրան Պետրոսյանը հրապուրվել է մանուկ հասակից: Առաջին լուրջ հաջողության հասել է 16 տարեկանում` 1945-ին նվաճելով նախ Վրաստանի, ապա եւ ԽՍՀՄ պատանիների չեմպիոնի տիտղոսները: Տեղափոխվելով Երեւան, Պետրոսյանը 1946-48-ին երեք տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 1950-ին տեղափոխվելով Մոսկվա, Պետրոսյանը սկսում է վերելքը շախմատային աստիճաններով: 1951-ին նա նվաճում է Մոսկվայի չեմպիոնի կոչումը, ԽՍՀՄ առաջնություններում բաժանում 2-3-րդ տեղերը եւ իրավունք է ստանում հանդես գալու շախմատի աշխարհի առաջնության միջփնջային մրցաշարում: 1952-ին Տիգրան Պետրոսյանը հայ շախմատիստներից առաջինն է արժանանում միջազգային գրոսմայստերի կոչմանը:
Տիգրան Պետրոսյանը շախմատային փառահեղ ուղի է անցել, արժանացել է բազում մրցանակների: Նա ԽՍՀՄ քառակի չեմպիոն է, Մոսկվայի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող: ԽՍՀՄ հավաքականի կազմում Տիգրան Պետրոսյանը 9 անգամ դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն: Ընդ որում, 6 օլիմպիադաներում նա լավագույն արդյունքն է ունեցել իր խաղատախտակի վրա: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի ութակի չեմպիոն: Պետրոսյանը մի շարք խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող է ճանաչվել: Պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» եւ «Պատվո նշան» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար» մեդալով:
Պետրոսյանի շախմատային տաղանդի վառ դրսեւորումը աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումն էր: 1962-ին հաղթելով Կյուրոսաոյում անցկացված հավակնորդների մրցաշարում, որտեղ խաղում էին մի շարք հանրահայտ շախմատիստներ` Ռոբերտ Ֆիշերը, Միխայիլ Տալը, Եֆիմ Գելլերը, Պաուլ Կերեսը, Վիկտոր Կորչնոյը եւ այլք, Տիգրան Պետրոսյանն իրավունք ստացավ շախմատային թագը վիճարկելու խորհրդային շախմատի նահապետ, աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ: Տարեց մարզասերները լավ են հիշում, թե ինչպես ողջ հայությունը ուշի-ուշով հետեւում էր Մոսկվայում ընթացող շախմատային երկու հանճարների մրցավեճին: Երեւանում, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ տեղադրված շախմատի հսկա խաղատախտակի շնորհիվ շախմատասերները հաղորդակից էին դառնում շախմատային մրցախաղում ծավալված անհաշտ մրցապայքարին: Աշխարհի 9-րդ չեմպիոնը հայտնի դարձավ 1963-ի մայիսի 20-ին, երբ 22-րդ պարտիայում հասնելով ոչ-ոքի արդյունքի, Տիգրան Պետրոսյանը շահեց մրցախաղը: Դժվար է նկարագրել, թե այդ պատմական հաղթանակն ինչպիսի ցնծություն եւ ոգեւորություն էր առաջացրել Հայաստանում եւ սփյուռքում: Այն նաեւ մեծ խթան էր Հայաստանում շախմատի հետագա մասսայականացման եւ զարգացման համար: Այն, որ այսօր Հայաստանը շախմատային գերհզոր տերություններից մեկն է, դրանում իր մեծ ավանդն ունի հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը` Տիգրան Պետրոսյանը, որի փառահեղ հաղթանակը շատերին ոգեշնչեց եւ հինավուրց խաղով հրապուրվելու եւ լրջորեն զբաղվելու մեծ խթան դարձավ: Երեք տարի անց Պետրոսյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` պարտության մատնելով նաեւ Բորիս Սպասկուն: Ճիշտ է, 1969-ին Սպասկուն հաջողվեց ռեւանշի հասնել Պետրոսյանի նկատմամբ ու դառնալ շախմատային թագի նրա հետնորդը: Ճակատագրի բերումով, դա տեղի ունեցավ 1969-ի հունիսի 17-ին` աշխարհի չեմպիոնի քառասունամյակի օրը:
Ցավոք, ճակատագիրն անողոք գտնվեց Պետրոսյանի հանդեպ: Նա կյանքից հեռացավ 55 տարեկանում` մահկանացուն կնքելով Մոսկվայում, 1984-ի օգոստոսի 13-ին: Երախտապարտ հայ ժողովուրդն արժանին մատուցեց իր տաղանդաշատ զավակին: Երեւանում կառուցված շախմատի տունը կոչվեց նրա անվամբ, պուրակում կանգնեցվեց մեծագույն շախմատիստի հուշարձանը: Հետագայում նրա հուշարձանները կանգնեցվեցին նաեւ Ապարանում եւ Երեւանի Դավիթաշեն թաղամասում, Երեւանում անցկացվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:
Տիգրան Պետրոսյանը ոչ միայն մեծագույն շախմատիստ էր, այլեւ հիանալի անձնավորություն, ջերմ հայրենասեր: Նա շախմատային հսկայական ժառանգություն է թողել հետնորդներին: «Ամենամեծ պարգեւը, ամենամեծ երջանկությունն այն է, երբ քո երջանկությունը դառնում է ընտանիքիդ, ժողովրդիդ, ընդհանուրի երջանկությունը», ժամանակին ասել է Տիգրան Պետրոսյանը: Մեծագույն շախմատիստի, հայ ազգի արժանավոր զավակի փառքն ու հիշատակը երբեք չի խամրի: Նրա արժանավոր հետնորդներն էլ ամեն կերպ ձգտում են բազմապատկել հայկական շախմատի նվաճումները, որոնց հիմքն իր անզուգական խաղով դրել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Պետրոսյան-Բոտվիննիկ աշխարհի առաջնության մրցախաղի ժամանակ
Նկար 2. Երկու աշխարհահռչակ հայերը. Առնո Բաբաջանյան եւ Տիգրան Պետրոսյան