Մտահոգված է նաեւ Անդրեյ Մակարեւիչը
1998 թվականին առաջին անգամ Նոր փորձարարական արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսում տեղեկացա, որ կա երիտասարդների մի խումբՙ ոգեւորված հայոց նավատորմի հարուստ պատմությունը գործնականում ներկայացնելու երազանք-գաղափարով: Ցուցանմուշները նավի փայտե մասեր էին ու Կիլիկյան Հայաստանի ծովային քարտեզներՙ շքեղ տպագրությամբ: «Այաս» ծովային ուսումնասիրությունների ակումբը, որ երազանք - գաղափարը կրող երիտասարդները հիմնեցին, նախ ուսումնասիրել էր Կիլիկյան Հայաստանի ծովային քարտեզները, նավագնացությանն ու նավաշինությանն առնչվող արխիվային նյութերը եւ ապա գիտական ամբողջական հիմքով նախաձեռնել «Կիլիկիա» առեւտրային առագաստանավի կառուցումը: Սկզբում միայնակ կառուցում էին նավը, հետո շատերը միացան ու տեր կանգնեցին նրանց երազանք-գաղափարին: «Կիլիկիան» կառուցեցին 11 տարումՙ հետեւողական ջանքերի ու միասնության շնորհիվ եւ այն ոգեւորության, որ ծնվել էր մի քանի երիտասարդների հոգում:
Եվ «Կիլիկիան» անցավ հին ճանապարհներով: 2004 թվականի հուլիսի 7-ին սկիզբ առած եւ երկու տարի տեւած ծովագնացության ընթացքում եղավ 25 երկրների 62 նավահանգիստներումՙ Հայաստանի դրոշի ներքո, անհամար մարդիկ ճանաչեցին մեր երկիրը նաեւ նրա ծովագնացության պատմական հնարավորութուններին տեղեկանալով: Միասնականության խորհրդանիշ ընկալվեց ու գնահատվեց «Կիլիկիան»:
Ծովագնացության ավարտից հետո այն, սակայն, արդեն երեք տարի արեւի ու անձրեւի հանդեպ անպաշտպան է, չնայած առագաստանավի ստեղծման միակ նպատակն ու գործադրումը ծովագնացությունն իրականացնելը չէր: «Այասում» վստահ են, որ «Կիլիկիան» հայոց նավագնացության պատմության հիանալի թանգարան կարող է լինել համապատասխան տարածքի դեպքում:
«Առագաստանավի երեք տարվա անպաշտպանությունը ի վերջո այսօր բերել է այն անվերադարձ կորցնելու վտանգին, որը շատ իրական է: Այսօր բոլոր նրանք, ովքեր չեն մոռացել երկու տարվա համահայկական ոգեւորությունը «Կիլիկիայի» ծովագնացությամբ ստեղծված, փորձում են հնարավորն անել այն փրկելու համար», տեղեկացրեց «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը:
Այն ուսումնասիրությունները, որոնք դարձան «Կիլիկիայի» ստեղծման պատմական, գիտական, տեխնիկական հիմքը, հայոց նավատորմի, նավագնացության պատմության մասնիկն են միայն ու վստահաբար կարելի է պնդել, որ ուսումնասիրություններն ամբողջացնելը մի քանի տեսանկյուններից շահեկան է: Այսպես են կարծում Կարեն Բալայանից ու «Այասի» մյուս ներկայացուցիչներից բացի շատ շատերը, ընդ որում անկախ ազգային պատկանելությունից:
Հապացույց ասվածի Կարեն Բալայանը տեղեկացրեց. «Հունիսի 20-ին Երեւան կայցելի լեգենդար ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, որը անտարբեր չէ «Կիլիկիայի» ճակատագրի հանդեպ եւ հենց նավի վրա էլ տեղի կունենա նրա ստեղծագործական երեկոնՙ հօգուտ «Կլիկիայի» պահպանման»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ