Երեւանյան ակումբներից յուրաքանչյուրն առանձնացող ձեռագիր եւ ուղղվածություն ունի, որոշակի բազմազանության մասին խոսելն այս դեպքում ավելորդ չէ: Վերջինի ապահովողներից մեկն էլ «Ուլիխանյան» ակումբն է, որը տարին սկսեց ամեն օր համերգներ կազմակերպելով եւ ստանձնել է մշակութային կենտրոնի դերՙ անդրադառնալով ոչ միայն երաժշտության տարբեր ժանրերին, այլեւ պարարվեստին ու գեղանկարչությանը:
Ակումբի կազմակերպած միջոցառումների շարքում հաճախական են «ջեմ սեշենները», որոնք որպես տարբեր երաժիշտներից տեղում կազմվող խմբերին համատեղ ու իմպրովիզի հիմքով նվագելու հնարավորություն ընձեռող հանպատրաստի համերգներ ընդունված են երաժշտական աշխարհում եւ պրոֆեսիոնալների համար միմյանց ճանաչելու, երիտասարդների համար ներկայանալու միջոց են:
Իսկ «Ուլիխանյան» ակումբում հերթական համերգը, որ տեղի ունեցավ երեկ, դասականի, ժողովրդականի ու ջազայինի համադրությամբ ստեղծված կատարումների երեկո էրՙ ներկայացված «ArtaSax» սաքսոֆոնահարների քառյակի կողմից: «ArtaSax»-ի չորս երաժիշտներն էլ ստացել են մասնագիտական բարձրագույն կրթություն եւ ինչպես հայկական մամուլում հրապարակված հարցազրույցներից մեկում ասել է խմբի հիմնադիր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, առանց դժվարության կկարողանան ապացուցել, որ այն երաժիշտներից են, ում համար տարբեր ոճերի երաժշտության բարձրակարգ կատարումը լիովին հնարավոր է:
Երեկ Արմեն Հյուսնունցը (սոպրանո եւ ալտ սաքսոֆոն), Դավիթ Նալչաջյանը (ալտ սաքսոֆոն), Վահագն Գրիգորյանը (տենոր սաքսոֆոն), Արսեն Սաակյանը (ալտ եւ բարիտոն սաքսոֆոն) կատարեցին Կոմիտասի, Պիացոլայի եւ այլոց գործերիցՙ հապացույց քառյակի հիմնադրի խոսքի եւ ի վայելումն ունկնդիրների:
Ն. Պ.