Օդեսայի Մասնավոր հավաքածուների թանգարանի ցուցասրահում հունիսի 23-ին կբացվի Վահան Անանյանի տարբեր տարիների աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է Analitika.at.ua.-ը, ցուցահանդեսը, որ նվիրված է նկարչի 50-ամյակին, ի հիշատակ նրա կոչվում է «Քո կտավը խնջույք է»: Ցուցադրվելու են նկարչի մասնավոր հավաքածուներում պահվող կտավները: Իսկ Վահան Անանյանի գործերը տեղ են գտել Կանադայի, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ այլ երկրների հավաքորդների հավաքածուներում:
«Անհնար է նկարագրել Վահան Անանյանի ստեղծագործությունը: Այն ժամանակի ավանդական տենդենցներից դուրս է: Վահանն ավանդույթներ սահմանող նկարիչների շարքում էՙ այն նկարիչների, որոնք նախորդների հոգեւոր եւ գեղարվեստական փորձը ներկայացնում են միայն իրենց հատուկ արտահայտչաձեւով», նկարչի ստեղծագործությունը գնահատելիս ասել է մշակութաբան Լիանա Կրիշեւսկայան:
1959 թվականին Երեւանում ծնված Վահան Ասատրյանը մասնագիտական ուղին սկսել է քանդակագործ Սերգեյ Ստեփանյանի արվեստանոցում եւ 18 տարեկանում անհատական ցուցահանդեսով ներկայացրել իր ստեղծագործությունները: Հաջորդած երկու անհատական ցուցահանդեսներում Ասատրյանը ներկայացել է արդեն որպես հասուն նկարիչ ու Հայաստանի տարածքից դուրս բերել խորհրդային երկրներ:
Ժամանակի ընթացքում էլ Օդեսան դարձել է նկարչին հարազատ քաղաք, որտեղ նրա առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1996-ին, որին էլ հաջորդել են 1998, 1999, 2002, 2004 եւ 2006 թվականների ցուցահանդեսները: 2002- ի ցուցահանդեսը ներառվել է «Օդեսայի ոսկե ալմանախում»:
Ն. Պ.