«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը ազգային գաղափարախոսության գլխավոր բաղադրիչը համարում է ազգի էթնոհոգեբանությունն ու ցավով է նշում, որ հայկական էթնոհոգեբանությունը դեռեւս ձեւավորված չէ, մինչդեռ ներքին հակասությունները հեշտությամբ լուծելու եւ ազգային համերաշխություն ստեղծելու առումով հայ ազգի յուրահատկությունների մասին հստակ պատկերացում ունենալը չափազանց կարեւոր է: Ոչ պակաս նշանակություն ունի նաեւ հարեւան ազգերի, հատկապես վերնախավի էթնոհոգեբանական առանձնահատկությունների իմացությունը, քանի որ դա թույլ է տալիս կանխատեսել նրանց գործողություններն ու ճշգրիտ կողմնորոշվել քաղաքական հարցերը լուծելու ժամանակ: «Հիմա շատ են խոսում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին: Գործարար աշխարհի մարդիկ գտնում են, որ Հայաստանը մեծ օգուտներ կստանա դրանից: Բայց արդյոք նրանք ծանո՞թ են թուրքերի ազգային հոգեբանությանն ու գաղափարախոսությանը, տեղյա՞կ են, թե հայերի եւ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելիս ի՞նչ գաղափարներից է ելնում Թուրքայի վերնախավը, ի՞նչ մտադրություններ եւ հեռահար նպատակներ ունի: Ինձ զարմացնում է մի հանգամանք, պարադոքսալ մի երեւույթՙ թշնամուն ուժեղացնելու, օգուտ տալու հակումը: Հստակ գաղափարախոսություն չունենալու պայմաններում մեր քաղաքական վերնախավը ելնում է այսօրվա շահերից, Արեւմուտքից եկող ազդեցություններից եւ նման այլ գործոններից: 1990-ականների կեսերին փորձ արվեց ազգային գաղափարախոսություն ստեղծել, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց: Դա նշանակում է, որ մեր ազգային ակադեմիան դրան պատրաստ չէր եւ չուներ այդքան ներուժ հարցը լուծելու համար: Դա լուրջ բացթողում է եւ պետք է անպայման վերանայել, որովհետեւ թուրքերի հետ հարաբերություններում արդեն թույլ ենք տվել որոշ սխալներ եւ անզգույշ քայլեր: Կյանքի հոգեբանությունն ամեն օր ապացուցում է, որ գոյություն ունի մի զարմանալի երեւույթՙ ագրեսորն իր զոհին ավելի ուժգին է ատում ու արհամարհում, քան զոհըՙ ագրեսորին: Դա հոգեբանական ապշեցուցիչ երեւույթ է: Այսօր պետք է նկատի ունենալ, որ թուրքը հային ավելի խորն է ատում, քան հայըՙ թուրքին», «Արմատ» մամուլի ակումբում երեկ ասաց Ալբերտ Նալչաջյանը:
Իրեն միշտ զարմացրել է մեզանում դրսեւորվող անտարբերությունը էթնոհոգեբանական վերլուծությունների հանդեպ: Բացի մի խումբ մտավորականներից, մյուսները հակադրվում են, մինչդեռ առաջին հերթին դրանով հետաքրքրված պետք է լինի քաղաքական վերնախավը, հենց նա պետք է ստեղծի այդ գաղափարներով զբաղվող մի խումբ եւ գործի անցնի: Ժամանակին ինքը գրքույկ է հրատարակել ռուսերենով, որը լայն տարածում է գտել Ռուսաստանում, Մերձբալթիկայում, բայց ոչ Հայաստանում: Այդ գրքույկում պարզորոշ շարադրված են ազգային գաղափարախոսության հիմնական բաղադրիչներըՙ ազգային արժեքաբանությունը, էթնոհոգեբանությունը, էթնոէկոնոմիկան եւ այլն:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը լիովին համաձայնելով վերոնշյալ գաղափարներին, իր հերթին նշեց, որ ազգային գաղափարախոսություններն ու շարժումներն արդի աշխարհում նոր թափ են առնում, ակնհայտ է, որ Եվրոպան նորից ազգայնականանում է: Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող վերջին զարգացումներն, ըստ նրա, պարունակում են վտանգավոր խաղեր եւ կարող են վնասել մեր ազգային շահերը: Նա կարծում է, որ հայ-թուրքական սահմանը բացելով մեր տնտեսությունը ոչ թե կզարգանա, այլ կկանգնի աղետի առջեւ: Բացի այդՙ «Մենք թուրքերին կօգնենք վերաբնակեցնելու Արեւմտյան Հայաստանը, որ նրանց չի հաջողվում անել 17-րդ դարից ի վեր, քանի որ այդ տարածքներից բնակչության արտահոսք կա դեպի Թուրքիայի արեւմտյան շրջաններ: Ազգային պետական շահերի առումով մեզ բնավ ձեռնտու չէ թուրքերի հետ հարաբերությունների մերձեցումը: Պատմությունն ուսուցանում եւ հուշում է, պատմական համանմանություններն ունեն ուսուցողական նշանակություն եւ դիտարկելու դեպքում կարելի է տեսնել թուրք վերնախավի վարքագիծը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու դասեր քաղել դրանից», ասաց քաղաքագետը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ