«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2009-06-17 | #112, 2009-06-18 | #113, 2009-06-19


«ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՅՍ ԱՄՌԱՆԸ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ»

Հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Մինչ կառավարության նիստի սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանը, փաստելով, որ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու, իր զարմանքն է արտահայտել այդ կապակցությամբ: «Բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասում լարված աշխատանք», ասաց վարչապետը եւ ավելացրեց, որ նման մոտեցումն անընդունելի է: Ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնատար անձինք եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապաՙ կարճաժամկետ եւ Հայաստանում:

«Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009 թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար: Այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ: Մենք գիտակցում ենք, որ ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել», ընդգծեց վարչապետը:

Այս պահին թիվ մեկ խնդիրը Տիգրան Սարգսյանը համարեց հարկահավաքման խնդիրը, ասելով, որ բոլորը պետք է օժանդակեն պետական եկամուտների կոմիտեին: Նա նշեց, որ գերատեսչությունները շատ անտարբեր են այս խնդրի հանդեպ, եւ առաջարկեց արձանագրային որոշում ընդունել, որ բոլոր նախարարներն ու, գերատեսչության ղեկավարներն անձամբ երեք օրվա ընթացքում վարչապետին ներկայացնեն առաջարկություններ, թե իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի հարկահավաքման գործում օգնեն պետական եկամուտների կոմիտեին: Վարչապետը նշեց, որ այդ առումով մեծ ներուժ եւ լուրջ խնդիրներ կան առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, շինարարության ոլորտներում:

Հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից եկող ներդրումների եւ մասնավոր փոխանցումների նվազմամբ: Նշելով այս մասին, Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացվեն խթանելու շինարարությունը:

Վերջում վարչապետը կրկին ընդգծեց, որ ամռան սեզոնին սկսվում է ամենածանր աշխատանքը, եւ եթե կարողանան այս ամռանը լավ աշխատել, ապա տարվա վերջում դրա արդյունքները տեսանելի կլինեն: «Դրա համար, հարգելի գործընկերներ, այս ազդակները հաղորդեք նաեւ ձեր տեղակալներին, ձեր վարչությունների պետերին: Ամենակարեւոր պաշտոնները զբաղեցնող անձինք իրավունք չունեն ամռանը բացակայելու Հայաստանից», եզրափակեց վարչապետը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4