«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2009-06-17 | #112, 2009-06-18 | #113, 2009-06-19


ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՆ ՈՒ ՄՆԱՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԸ

Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին ստորագրելով մայնդորֆյան փաստաթուղթը, Ադրբեջանի ղեկավարությունը, փաստորեն, պատերազմի գաղափարաբանությունից հրաժարվելու համաձայնություն տվեց: Դրան, սակայն, վերապահումով պիտի վերաբերվել, որովհետեւ հարեւան երկրում հազիվ թե համակերպվել են ստատուս քվոյին եւ առաջին իսկ հնարավորությունը կօգտագործեն Լեռնային Ղարաբաղի վրա իրենց գերիշխանությունը վերահաստատելու համար: Ադրբեջանը չի կարող իր ուժերով լուծել այդ խնդիրը. ռազմական ճանապարհով Ղարաբաղին տիրանալու փորձը կարող է տեղի ունենալ միայն արտաքին դրդմամբ ու օժանդակությամբ: Իսկ դրա ուրվագծերը չեն նշմարվում:

Նոր արկածախնդրությունից խուսափելու մի պատճառաբանումն էլ, թերեւս, ադրբեջանցիների զգուշավորությունն է ղարաբաղցիների նկատմամբ, չէ՞ որ հերթական անգամ նրանք համոզվել են այդ փոքրիկ հողակտորի վրա ապրող ժողովրդի հերոսականության մեջ: Բացի այդ, Ադրբեջանի դիվանագիտության զինանոցում կա նաեւ խորհրդային ժամանակներից մնացած մի զենք` այսպես կոչված գայթակղելու արվեստը: Ճիշտ է, դա մեր օրերում հնացած միջոց է, բայց նրանք պատեհ առիթի դեպքում թերեւս փորձեն այն եւս գործի դնել:

Չէր խանգարի մի փոքրիկ էքսկուրս կատարել դեպի ԽՍՀՄ ժամանակներ:

Եթե խորհրդային ժամանակաշրջանը բաժանենք ըստ քաղաքականությունների մեթոդոլոգիայի, ապա առանձնանում են բագիրովյան եւ ալիեւյան ժամանակահատվածները: Միր Ջաֆար Բագիրովը փորձում էր ԼՂԻՄ-ի ժողովրդագրության պատկերը փոխել Բաքվում եւ արդյունաբերական այլ քաղաքներում ղարաբաղցիների համար բարձր վճարվող աշխատանքի շուկա ստեղծելու ձեւով: Եվ դա մասամբ հաջողություն ունեցավ: Անցյալ դարի 50-60-ական թվականներինՙ ի հետեւանք նույն այդ քաղաքականության, Ղարաբաղի հայերի մեծ արտահոսք եղավ: Կոմկուսակցական տարառիթ պատժամիջոցները պարբերաբար կիրառվում էին, բայց զուգահեռաբար արտահոսքի պատճառ էր բարեկեցիկ կյանքի պատրանքների սերմանումը: Ղարաբաղի հայ ազգաբնակչության տոկոսային հարաբերության նվազման պլանավորված գործընթացը, կարելի է ասել, սկսվել է Մ. Ջ. Բագիրովի օրոք: Հետագայում նրա հետեւորդները պարզապես զարգացրել են մեթոդները:

Այսպես, Հեյդար Ալիեւը, ի տարբերություն Մ.Ջ.Բ-ի, ձեռնամուխ եղավ ԼՂԻՄ-ում արդյունաբերական ու կրթամշակութային էքսպանսիային: Ալիեւ ավագի «հայրական հոգատարությամբ» Ղարաբաղում սկսեցին կառուցվել նոր ձեռնարկություններ, երկաթուղին հասավ Ստեփանակերտ, բացվեցին կրթական նոր հաստատություններ եւ այլն: Մասնագետների դեֆիցիտը լրացնելու եւ այլ պատրվակներով սկսվեց ադրբեջանցիների հաշվենկատ ներհոսք հայկական ինքնավար մարզ: Բնական ճանապարհով անհնար էր կես դարում ազգաբնակչության համամասնությունը 3-4 տոկոսից հասցնել 24 տոկոսի (իսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիները ԼՂԻՄ-ում շուրջ այդքան էին կազմում): Եթե չլիներ Արցախյան շարժումը եւ չփլուզվեր ԽՍՀՄ-ը, ապա 50 տարի հետո գուցե թե նրանք մեծամասնություն կազմեին Ղարաբաղում, եւ դեռեւս խորհրդային դարաշրջանի արշալույսից գոյություն ունեցող հիմնախնդիրը ինքնաբերաբար լուծված կլիներ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հետագա քաղաքականությունը այլ բնութագրություն ունի: Թե՛ պատերազմին նախորդող շրջանը, թե՛ պատերազմական հատվածը բնութագրվում են արտաքին ազդեցություններով: Անվիճելի է, մասնավորապես, որ հարավկովկասյան պետություններում հակամարտությունների ծագումնաբանության մեջ ակնհայտ է ռուսական ներկայությունը: Եթե Վրաստանում հետխորհրդային Ռուսաստանը պարզապես ստանձնել է նորաստեղծ պետական կազմավորումների անվտանգության երաշխավորությունը, ապա Ղարաբաղում դա վերապահել է Հայաստանին` երեւի վստահաբար իմանալով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ գրավելու անառիկ Ղարաբաղը: Այս համատեքստում նկատելի է հայերի զինական բարձր հնարավորությունների մասին ՌԴ օբյեկտիվ գնահատանքը:

Ինչո՞ւ 1990-ականների սկզբներին Ադրբեջանն ընտրեց ռազմական ճանապարհը: Հակամարտության սրման հատկապես սկզբնամասում ԽՍՀՄ զորախմբերի մասնակցությունը հայ ինքնապաշտպանների դեմ ռազմագործողություններին, ինչը բազմիցս փաստվել է վավերագրություններով, պարզ վկայում է Ադրբեջանին ցուցաբերված աջակցության մասին: Հասկանալի էր նաեւ նպատակը` ղարաբաղա-ադրբեջանական առճակատմանը տալ սպառնալից բնույթ, բնականաբար, գործընթացների վերահսկողությունը Մոսկվային վերապահելով: Իզուր չէր Հեյդար Ալիեւն ասում, որ ղարաբաղյան կարգավորման բանալին գտնվում է Կրեմլում:

Ալիեւ կրտսերն ըստ էության ոչինչ չի փոխել հոր վարած քաղաքականության մեջ: Նա անընդհատ խուսանավում է` Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում շահեկան ելքեր գտնելու նպատակադրությամբ: Որոշ վերլուծաբաններ նշում են, եւ դրան կարելի է համաձայնել, որ նա տարբերակ առ տարբերակ իրականացնում է հոր պատեհապաշտ ծրագրերը` սպասելով իր աստեղային ժամին:

Այդուհանդերձ, ադրբեջանցիների մեջ մնայուն է հոգեբանական բարդույթը, որն ուղղակի արտացոլում է նրանց զգուշավորության իրական պատճառը: Ուշագրավ է, որ հարեւան հանրապետությունում մայրերն այժմ իրենց չարություն անող երեխաներին սաստում են հայի սարսափելի կերպարով, մինչդեռ տասնամյակներ առաջ հայերն էին թուրքի կերպարով վախեցնում իրենց երեխաներին:

Կարգավորման ոչ մի սկզբունք, լինի մադրիդյան, թե այլ, ունակ չէ վերջնական լուծում ապահովելու: Հակամարտությունը լուծվել կարող է միայն ԼՂՀ-Ադրբեջան փոխվստահելի հարաբերություններ ստեղծվելուց հետո: Իսկ այդ պարագայում, ենթադրվում է, Ադրբեջանը նորացված ձեւերով կիրարկման կդնի գայթակղությունների հին արվեստը:

Բնավ էլ հարեւան ազգին թերագնահատելու մղումը չէ նման տպավորությունների շարժառիթը: Տարածաշրջանում զարգացումները անկանխատեսելի են ընթանում, եւ չպիտի բացառել նույնիսկ աբսուրդները: Իհարկե, նաեւ պատրաստ լինել դիմադարձելու դրանց:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4