Հունիսի 23-ը միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հիմնադրման օրն է: Ուստի այն նշվում է որպես օլիմպիական օր (ազգային օլիմպիական կոմիտեներն այն իրենց ցանկությամբ կարող են անցկացնել մեկ շաբաթվա տարբերությամբ): Հայաստանում «Վազքարշավ-2009»-ը նշանակված է հունիսի 20-ին:
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի մամուլի պատասխանատու Նաթելա Հովասափյանից, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն օլիմպիական օրվա առթիվ ուղերձ է հղել աշխարհի բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին, նրանց թվում նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հունիսի 23-ին անցկացվող օլիմպիական օրը տարբերվում է բոլոր ազգային եւ այլ տոնակատարություններից: Այդ տոնը չի պատկանում որեւէ երկրի, չի մեծարում որեւէ անձի, չի նշանավորում հաղթանակ, կամ` մարզական իրադարձություն: Դա օլիմպիական շարժման ամենամյա համաշխարհային միակ միջոցառումն է: Դա միասնության օր է: Բոլոր մայրցամաքների ԱՕԿ-ներն այդ օրը փորձում են տարբեր տարիքի եւ սեռի մարդկանց ներարկել օլիմպիական ոգին: Հուսով ենք այդպես կշարունակվի ընդմիշտ:
2009-ի օլիմպիական օրվա նշանաբանն է. «Շարժվել, սովորել, բացահայտել»: Պահպանելով վազքարշավի բոլոր ավանդույթները, կոչ եմ անում բացահայտել նաեւ օլիմպիական շարժման բոլոր ուղղությունները: Միջոցառման ծրագրում ընդգրկելով այնպիսի մարզաձեւեր, որոնք ունեն դաստիարակչական եւ մշակութային նշանակություն: Ասել է թե` նորարարական բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնելու հիանալի հնարավորություն է տրված ԱՕԿ- ներին»: «Վազքարշավ-2009»-ին մասնակցում են 13-ից բարձր տարիքի բոլոր երկսեռ վազքասերները, նրանց թվում` սայլակավոր մարզիկները: Միջոցառումը ՄՕԿ-ի հովանու ներքո կազմակերպում եւ անցկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահն է անվանի գործարար Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանի բոլոր մարզերում եւ ԼՂՀ-ում նույնպես անցկացվում են մարզական միջոցառումներ: Օլիմպիական օրվա շրջանակներում Երեւանյան լճում մրցում են բայդարկավարները, Նորագավիթում` սուսերամարտիկները, «Դինամոյում»` ձյուդոյիստները, Երեւանի պետական մարզական քոլեջում` Կալինինգրադի մարզի եւ Հայաստանի պատանի բռնցքամարտիկներն ու ըմբիշները, Աշոցքում` անվավոր դահուկորդները, իսկ Հանրապետության հրապարակում օղակաձեւ երթ կանցկացնեն հեծանվորդները:
Մայրաքաղաքում մեկնարկը կտրվի հունիսի 20-ին, 9 անց 45-ին Հանրապետության հրապարակում: Երթուղին ձգվում է Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-«Հաղթանակի կամուրջ»-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:
Վեց տարիքային խմբով անցկացվող վազքարշավի հաղթողները եւ մրցանակակիրները կստանան ՀԱՕԿ-ի պատվոգրեր, հուշանվերներ, իսկ մասնակիցները` մարզաշապիկներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ