«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ

Մասնավոր դպրոցը որպես նորամուծություն եւ պետական դպրոցին այլընտրանք ներդրվեց մեր երկրում խորհրդային համակարգի փլուզումից անմիջապես հետո: Շատերն էին զգում դրա շահեկան առավելությունները, այնուամենայնիվ, սկզբնական շրջանում դժվար էր սովետական մարդուն հասկացնել, որ կրթությունը, գիտելիքը այնպիսի արժեքներ են, որոնց համար կարելի է, անգամ անհրաժեշտ է վճարել: Շեշտենքՙ կրթությունը, այլ ոչ դասասենյակի դուռ-լուսամուտի փականը, հատակի լաքը կամ ուսուցիչներին «մուծվող նալոգը»: Վերջինն այսօր էլ շրջանառության մեջ է հանրակրթական դպրոցներում, հատկապես տարեվերջյան քննությունների ու վերջին զանգի կապակցությամբ: Իսկ մասնավոր դպրոցում ականատեսները պնդում են, թե վիճակն այլ է: Փորձենք պարզել, իսկապե՞ս այդպես է, եւ արդյոք մասնավորը դրականորեն տարբե՞ր է պետական դպրոցից: Այդ նպատակով այցելեցինք «Օհանյան» վարժարան, մասնավոր դպրոց, որ գործում է Երեւանի Ավան համայնքում:


Մարդու համար ամենանվիրական բառերից մեկն է սեփական անուն-ազգանունը: Եվ երբ մարդն իր ստեղծածը կամ գործարարության առարկան է իր անունով կոչում, կնշանակի վստահեցնում է իր անունով, որ գործն իր անվանն արժանի կերպով է անում: Գոնե ձգտում է դրան: Մասնավոր կրթական հաստատություն հիմնելու Սուրեն Օհանյանի գաղափարը հասունացավ եւ ամրապնդվեց այն ժամանակ, երբ գտնվելով ԱՄՆ-ի կրթական հաստատություններում, հանդիպեց հայազգի խելացի ու լրջմիտ երիտասարդների, ովքեր որակյալ ուսուցման համար տարագիր էին դարձել: Սուրեն Օհանյանի հայրենիք վերադարձն արդյունավորվեց նախ մասնավոր բուհով, իսկ տարիների ընթացքում նա արդեն տիկնոջ եւ դուստրերի հետ հիմնեց եւ երկար տարիներ ղեկավարում է մի ողջ կրթական համալիրՙ «Նյուտոնիկ» մանկական կենտրոնից մինչեւ «Օհանյան» վարժարան եւ «Եվրասիա միջազգային համալսարան»: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ Օհանյանների համատեղ գործում կատարված է աշխատանքի եւ պատասխանատվության հստակ բաժանում. կինը` Սուսաննա Օհանյանը պատասխանատու է «Օհանյան» վարժարանում դպրոցական որակյալ ուսուցման եւ աշակերտների գիտելիքներով զինված լինելու համար, դուստրերից Արեւիկը մշտապես օգնում է նրան դպրոցում եւ «Նյուտոնիկ» ժամանցային կենտրոնի տնօրենն է, իսկ ամուսինը հոգ է տանում «Եվրասիա համալսարանի» եւ նրա շրջանակներում գործող ավագ դպրոցում սովորողների կրթության որակի համար: Ավելորդ է հիշեցնել անգամ, որ մասնավոր այս բուհը բավականին հեռու է վերջերս հրապարակված այն բուհերի ցանկից, ովքեր կնիքի տեր էին անգամ 11 ուսանող ունենալու դեպքում: Բայց, ինչպես խոստացել էինք նախաբանում, վերադառնանք դպրոցին:

«Մասնավոր դպրոցն առավել բաց է նորամուծությունների նոր մեթոդներով աշխատանքների համար, վստահեցնում է «Օհանյան» վարժարանի տնօրեն Սուսաննա Օհանյանը: Ի տարբերություն խորհրդային դպրոցի, որն առավել ուսուցչակենտոն էր, եւ երեխաներին «գազոնի» պես համահավասար գիտելիք էին տալիս ու պահանջում, ժամանակակից մասնավոր դպրոցը շեշտը դնում է երեխայի ստեղծագործական մտքի, տրամաբանության զարգացման վրա»: Այս առումով Ս. Օհանյանը վստահորեն պնդում է, որ որքան էլ պետությունը ջանա, չի կարող հանրակրթական դպրոցում ներդնել ինտերակտիվ մեթոդներ: Պատճառն, ըստ զրուցակցիս, դասարանների մեծաքանակությունն է եւ ուսուցիչների անպատրաստ լինելը: Իսկ իրենց դպրոցում ամեն ուրբաթ օր սեմինար պարապմունք է նշանակված, որի ժամանակ ուսուցիչը սովորում է երեխաներին ներգրավել դասընթացի մեջ: Մենթոր մեթոդ-համակարգով աշխատանքը նախատեսում է նաեւ, որ արդեն սեմինարը լսած ուսուցիչները վերապատրաստեն իրենց գործընկերներին: «Մենք կարեւորում ենք նաեւ նորագույն տեխնոլոգիաների մուտքը դասարան: Երեխաները կարողանում են պրոյեկտորի միջոցով դիդակտիկ նյութեր ներկայացնել եւ դասը պատմել: Ազատորեն օգտվում են ինտերնետից, այնտեղից հետաքրքրական նյութեր են հանում»:

Հանրակրթական դպրոցի եւ մասնավոր դպրոցի տարբերությունները ընդգծվում են նաեւ երեխաների գիտելիքի պահանջի պատճառով: «Մասնավոր դպրոցում երեխան ինքն է նախանձախնդիր, որ ավելին իմանա, քանի որ գիտակցում է` դրա համար են վճարում ծնողները, ասում է տնօրենը: Իհարկե, ունենք նաեւ վատ սովորող երեխաներ, որոնցից աստիճանաբար կազատենք դպրոցը: Այս տարվա 20 տոկոս անվճար տեղերը հենց դրա համար ենք նախաձեռնել, որ մրցութային կարգով մեզ մոտ ընդունվեն թեկուզ անվճարունակ, բայց լավ սովորող երեխաներ: Մեր ուսուցիչների կատարած աշխատանքը պետք է գնահատվի ոչ միայն աշխատավարձով, այլեւ սովորող երեխաների առկայությամբ»:

Ուսուցիչներն այստեղ մրցութային կարգով են աշխատանքի ընդունվում: Ընդհանրապես, «Օհանյան» վարժարանում կա գնահատման հատուկ համակարգ, ըստ որի ե՛ւ ուսուցիչներն են միմյանց գնահատում, ե՛ւ ծնողները, ե՛ւ տնօրենությունը, ե՛ւ մեթոդմիավորման նախագահները, ինչպես նաեւ աշակերտները: Հետաքրքրական են սոցհարցման թերթիկները, որ քառորդը մեկ տրամադրվում են ծնողին, աշակերտին եւ ուսուցչին, իսկ լրացվելուց հետո ներկայացնում են այս կամ այն մասնագետի նկատմամբ ձեւավորված օհանյանցիների կարծիքը: Բացի սրանից, տարին չորս անգամ այս դպրոցում տրվում են թեստավորված գրավոր աշխատանքներ հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա առարկաներից: Թեստերը ցուցադրում են երեխաների յուրացրած գիտելիքների քանակն ու որակը, գնահատականներն էլ որոշում են տվյալ առարկայի իմացությամբ դասարանի եւ դպրոցի լավագույն աշակերտին:

Մտավախությունը, թե մասնավոր դպրոցում երեխան կարող է վճարել ուսման համար եւ չսովորելով լավ գնահատականներ ստանալ, տնօրենը անհիմն է համարում, քանի որ դպրոցը բաց է միայն սահմանափակ թվով երեխաների համար (տարածքը փոքր է), այդ իսկ պատճառով տնօրենությունը հակված է բացառապես լավ սովորող աշակերտներ ընտրելու:

Մասնավոր դպրոցն առավել հակված է արտադասարանական աշխատանքներով երեխաների մտահորիզոնը լայնացնելուն: «Օհանյան» վարժարանն այս առումով ակտիվ դպրոցների ցուցակը կարող է գլխավորել, քանի որ տարին առնվազն մեկ-երկու մրցույթի է մասնակցում եւ հիմնականում շահում: Օրինակ, այս տարի դպրոցը շահեց «Քաղաքացի» նախագիծը եւ անցավ հանրապետական փուլ: Ծրագիրը նախատեսում էր երեխաների այցելություն տարբեր նախարարություններ, շփում տարբեր մասնագետների, պաշտոնյաների հետ: Իսկ կոնկրետ խնդիր էր շահած ծրագրի շրջանակներում լուսաբանել սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծումը Հայաստանի Հանրապետությունում: «Մենք նաեւ երկրորդ տարին ենք մասնակցում եւ հաղթում ՄԱԿ-ի եւ ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԻԱ ընկերության հայտարարած մրցույթում, որ կոչվում է «10 լավագույն ծրագրեր»: «Ազգն» արդեն անդրադարձել է անցյալ տարվա մրցույթին, որը միջմշակութային կամուրջ ասվածը լուսաբանում էր դպրոցականների ընկալմամբ:

Այս տարի նույն ծրագրի շրջանակներում «Օհանյան» վարժարանի սաները հասկացան եւ ուրիշներին էլ պատմեցին, թե ինչպես է ծնվում գիրքը: Ծրագրի շրջանակներում երեխաներն արդեն եղել են մաքուր երկաթի եւ պղնձամոլիբդենային գործարանների լաբորատորիաներում եւ հրատարակչությունում: Այնտեղ սեփական աչքերով են տեսել, թե որտեղ եւ ինչպես են պետք գալիս գիտելիքները, որ սովորեցնում են քիմիան, ֆիզիկան, հանրահաշիվը... Այս երկու ծրագրերին մասնակցել է վաթսուն բարձր դասարանցի: Ծրագիրն արդյունավորվեց «Մի գրքի պատմություն» գրքույկով, որի շնորհանդեսը երկու օր առաջ կատարվեց «Եվրասիա» համալսարանում:

Սաղաթելյան Աննան պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի է: 2008-2009 ուսումնական տարին անցկացրել է այս դպրոցում, մինչ այդ յոթ տարի մասնագիտությամբ աշխատել է հանրակրթական դպրոցներից մեկում: Որո՞ւմ, խուսափում է բարձրաձայնել, քանի որ համեմատելիս գալիս է այն եզրակացության, որ մասնավոր դպրոցում աշխատելն առավել ձեռնտու է ուսուցչի համար մասնագիտական կարողությունների ավելացման եւ բարոյահոգեբանական խնդիրների տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին, մասնավորում ավելի քիչ է, չնայած, գերադասելի է պակաս ստանալ, բայց եզրակացնել. «Այստեղ մթնոլորտը շատ ավելի ջերմ է: Տնօրենության վերաբերմունքը, կոլեգաները, աշակերտների հետ շփումները, դասավանդման մեթոդիկան տարբեր են: Առաջին իսկ պահից որեւէ օտարություն չեմ զգացել: Կարեւոր է նաեւ տնօրենության աջակցությունը, որ ուսուցիչը զարգացնի իր մասնագիտական հմտությունները: Այստեղ ես ամեն օր ազատություն ունեմ ինտերնետին միացված համակարգչից օգտվելու»:

Ուսուցչուհին կարծում է, որ այս մասնավոր դպրոցը, չնայած վճարովի լինելուն, առավել ձեռնտու է ծնողի համար, քանի որ աշակերտները քիչ են, իսկ սա նշանակում է, որ կրկնուսույցին վճարելու կարիք չկա: Պակաս կարեւոր չէ, որ այստեղ աշակերտի ազատ մտածելակերպն առավել խրախուսված է, երեխան կաշկանդված չէ: Ա. Սաղաթելյանը բացում է հաջողության գաղտնիքը` միշտ մի քայլ առաջ, միշտ հաղթանակած:

Պակաս ոգեւորությամբ չեն խոսում երեխաներն իրենց դպրոցի մասին: Մարիամ Մկրտչյանը 9-րդ դասարանի աշակերտուհի է: Տեղափոխվել է այս դպրոց, քանի որ նախկին դպրոցը փակվել է: Իրենց դպրոցի յուրահատկությունների մասին խոսելիս Մարիամն ասում է. «Մեր դպրոցում կոպտություն չկա, ուսուցիչները հանգիստ են, երբեք չեն խփում կամ ծեծում: Երբ իմ ծննդյան տոնը համադասարանցիներս նշեցին դասարանում, զարմացա, որ ոչ ոք ինձ չէր մոռացել»:

Իսկ ծնող Սվետա Ֆարմանյանը, որ իր 4-րդ դասարանցի աղջկան է բերել այս դպրոց, իր ընտրությունը բացատրում է, որ բավականին լավ արձագանքներ էր լսել այս դպրոցի մասին: Երեխան Դավիթաշեն համայնքից ամեն օր դպրոցական երթուղայինով հասնում է Ավան թաղամաս: Սա խոսում է միայն այն մասին, որ ծնողը գերադասում է վճարովի եւ հեռու դպրոցը իրենց տան մոտ գտնվող եւ անվճար դպրոցներից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.-Տպավորությունները մեկ մասնավոր դպրոցից են եւ դեռեւս չեն տարածվում բազմաթիվ այլ մասնավոր դպրոցների վրա, որտեղ դեռ առկա են կրթադաստիարակչական ու ֆինանսատեխնիկական բացեր: Կդառնա՞ «վճարիր եւ ստացիր որակյալ կրթություն» առաջարկը բնականոն երեւույթ, կապացուցի ժամանակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4