Հենրիխ Մխիթարյանը խփած 2 գոլով նշանավորեց նորամուտը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մետալուրգը» սեփական հարկի տակ ստուգողական անդրանիկ հանդիպումն անցկացրեց` 7-0 հաշվով հաղթելով «Դոնեցկստալին»: Վերջինս հանդես է գալիս Դոնեցկի մարզի առաջնությունում:
Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո եւ 73-րդ ու 77-րդ րոպեներին երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը` խփելով «Մետալուրգի» 5-րդ եւ 7-րդ գոլերը: Ըստ ակումբի պաշտոնական կայքէջի, տեխնիկապես գրագետ գործող եւ արագաշարժ Մխիթարյանի խաղը գրավել է թիմի երկրպագուների ուշադրությունը: «Հարձակման գծում հայտնվել է մի հարձակվող, որի կարիքը թիմը զգում է: Արագաշարժ, խելացի ֆուտբոլիստը մրցակցի պաշտպանությունը խարխլում էր եւ դարձավ 2-րդ խաղակեսում «Մետալուրգի» ամենաակտիվ խաղացողը», Մխիթարյանի մասին այսպես է գրել ակումբի պաշտոնական կայքէջը: Ողջ հանդիպմանը մասնակցել է «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը: Այսօր Մխիթարյանը «Մետալուրգի» հետ կմեկնի Ավստրիա` ուսումնամարզական հավաքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ