Ինչպես տեղեկացանք փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հրաչիկ Անտոնյանից, հունիսի 16-ին, ժամը 22.15-ի սահմաններում, հերթապահ կետում ահազանգ է ստացվել, որ Վանաձորում, ժամը 21-22-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը հեղեղել են բնակելի տների առաջին հարկեր, օժանդակ կառույցներ ու նկուղներՙ Երրորդ մաս թաղամասում, կայարանամերձ տարածքի վագոն-տնակներում, Գր. Լուսավորչի-28 շենքում, ինչպես նաեւՙ Մարգարյան փողոցում: Հ. Անտոնյանը նշեց, որ առաջին օգնությունը ցուցաբերվել է Չարենցի փողոցում. Չարենցի թիվ 15 շենքի բակից հրշեջ մեքենաների օգնությամբ հանվել է ջուրը, աշխատանքները տեւել են շուրջ 3 ժամ: Տեղումների պատճառով դժվարանցանելի էր դարձել Գր. Նարեկացի փողոցը, հոսանքազրկվել էր քաղաքի մեծ մասը:
- Ես տեղյակ եմ պահել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, որ փրկարար ծառայության ուժերը քիչ են, եւ նրա օգնությամբ ոտքի են հանվել վթարային ծառայությունները,- նշեց Հ. Անտոնյանը:
Մեծ աշխատանք են կատարել էլցանցի աշխատակիցները, հնարավորինս վերականգնվել է քաղաքի էլեկտրամատակարարումը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերը եղել են տարերային աղետից տուժած վայրերում: Ս. Դարբինյանի հանձնարարությամբ գրեյդերներով մաքրվել է Գր. Նարեկացի փողոցը: Գիշերվա ընթացքում վթարային ծառայությունների կողմից հնարավոր վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել բոլոր վայրերում, բացառությամբ Մարգարյան փողոցի զույգ թվերով հասցեների: Մարգարյան փողոցի երկայնքով հոսող վտակը վարարել եւ գետ է դարձել:
Բնակիչներն ու փրկարարներն ամբողջ գիշեր եւ հունիսի 17-ին պայքարել են աղետի դեմ, բայց հորդառատ անձրեւից գետի վարարած վտակի առաջն առնել հնարավոր չի եղել. ջրամբարի վրա կառուցված առանձնատներն անհնարին են դարձրել տեխնիկական միջոցների աշխատանքը: Այս հատվածը խցանվել է ջրաբերուկներով եւ ջուրը հոսել է տների ու հողամասերի ուղղությամբ:
Հ. Անտոնյանը տեղեկացրեց, որ Մարգարյան փողոցում գտնվող տներն աղետալի վիճակից փրկելու համար դիմել են ՀՀ կառավարությանը:
Քաղաքի Վանաձոր փողոցի թիվ 29 հասցեում բնակվող Ավոյանների ընտանիքը տեղատարափ անձրեւի եւ կարկուտի պատճառով այսօր անօթեւան է դարձել: Կարկուտը ջարդել է ոչ միայն առանձնատան պատուհաններն ու դռները, այլեւ անարգել թափանցել ներսՙ շարքից հանելով տան կահկարասին:
- 30 րոպեում մենք զրկվեցինք ե՛ւ տնից, ե՛ւ այն ամենից, ինչ ստեղծել էինք ամբողջ կյանքի ընթացքում: Հիմա նույնիսկ անկողին չունենք, որ գիշերենք,- մեր զրույցի ժամանակ ասաց Վանաձոր փողոցի թիվ 29 տան բնակչուհի տիկին Ավոյանը:
Քիմիագործների թաղամասում հեղեղը քանդել է ավտոտնակների պատերը, լցվել տները, իսկ լավագույն դեպքումՙ ծածկել նկուղային հարկերը:
Նման ծանր վիճակում են նաեւ Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 եւ 23 տները: Հ. Անտոնյանը բնակիչներին կոչ արեցՙ նման իրավիճակներում արագ արձագանքել, չսպասել օգնության, միավորվել եւ փորձել օգնել միմյանց:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ