«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2009-06-19 | #114, 2009-06-20 | #115, 2009-06-23


ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԻԶՆԵՍՆ ԻՐՈՔ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Անցած հանգստյան օրերը հայաստանյան ու արցախյան շուրջ 300 գործարարների համար հագեցած օրեր էին: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի հետ, ԼՂՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ կառավարության աջակցությամբ, Ստեփանակերտում նախաձեռնել էին նախադեպը չունեցող Bridge Artsakh տնտեսական ֆորումը: Նման ֆորումներ մինչ այդ անցկացվում էին Ծաղկաձորում, եւ այս միջոցառման հասցեն Ստեփանակերտ տեղափոխելը նպատակ ուներ ծանոթանալու Հայաստանի ու արտերկրի գործնական եւ քաղաքական շրջանակներին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներուժին:

Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Խնդիր էր դրված գտնել համագործակցության հնարավոր ուղիները, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների եւ ներդրումային հնարավորությունների հետ, հաստատել գործնական կապեր:

Ֆորումի ժամանակացույցը կազմված էր սեկցիոն եւ պլենար նիստերից, կլոր սեղաններից, իսկ թեմաները բազմազան էին` տրանսպորտային համակարգի զարգացում, շինարարական ոլորտի հնարավորություններ, բիզնես-կրթություն, գյուղատնտեսության բնագավառի խնդիրներ, զբոսաշրջության հեռանկարներ եւ այլն:

Պլենար նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը : Արցախում ստեղծվում են բոլոր պայմանները բիզնեսը զարգացնելու եւ ներդրումներ կատարելու համար, նշեց ԼՂՀ նախագահը: Շեշտադրում կատարելով Արցախի հարուստ բնական պաշարների առկայությանը, նա ամենահեռանկարային ոլորտներ համարեց գյուղատնտեսությունը, լեռնահանքային եւ վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան եւ զբոսաշրջությունը: «Սակայն մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր մարդկային կապիտալն է, մեր ժողովրդի մտավոր ունակությունները, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, զարգանալու եւ ինքնակատարելագործվելու ձգտումը», ասաց Բակո Սահակյանը: Միեւնույն ժամանակ, նա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը խոչընդոտ համարեց զարգացման համար, նշելով որ այդ դեպքում նույնիսկ` զարգացման այլընտրանք չունենք: «Մենք կանգնած ենք հին հարցերը նոր իրողություններում լուծելու հիմնախնդրի առջեւ: Իսկ դա պահանջում է հնարավորությունների վերագնահատում, ռազմավարական ուղղությունների եւ մեր գործընկերների հետ համագործակցության հեռանկարի հստակեցում», համոզմունք հայտնեց նախագահը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստումնալից սկիզբ անվանեց հայաստանյան գործարարների այցը Ղարաբաղ: Ցավով նշելով, որ սպասվածից քիչ օտարերկրյա գործարարներ են մասնակցում համաժողովին, վարչապետը տնավարի, բաց խոսակցության կոչ արեց առկա հիմնախնդիրների շուրջը: Այլ բան են կառավարության պատկերացումները բիզնեսի գրավչության առումով, միանգամայն այլ բան` մասնավոր հատվածի պատկերացումները: Հնարավորություն է տրված անձամբ համոզվելու Ղարաբաղի տնտեսական ներուժի մեջ, նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, ԼՂՀ տնտեսությունն ավելի առաջանցիկ տեմպերով պիտի ընթանա, քան դա տեղի է ունենում Հայաստանում, որովհետեւ Արցախի զարգացումը ազգային ռազմավարության տեսակետից կարեւոր խնդիր է:

ՀՀ սփյուռքի նախարարության «Դեպի տուն» ծրագիրը պետք է իրականացվի նաեւ Ղարաբաղում, եւ որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները վերադառնան հայրենի տուն` պետք է նրանց վերադարձի համար պայմաններ ստեղծել: Իրապես գրավիչ գնահատելով զբոսաշրջությունը Ղարաբաղում, վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ծրագիր ունի պետական հիմնարկների աշխատողների ամառային հանգիստն այսուհետեւ Արցախում կազմակերպելու ուղղությամբ: Այս գործում ներգրավելով արհմիություններին, հնարավոր է համեմատաբար քիչ ծախսերով եւ հարմարավետ պայմաններով հանգիստ իրականացնել այստեղ: Ղարաբաղը դեռեւս ունակ չէ ապահովելու զբոսաշրջության մեծ հոսքեր, ուստի պետք է տարեցտարի ավելացնել շինարարության ծավալները հատկապես հյուրանոցաշինության բնագավառում, նկատեց վարչապետը:

Համաժողովի մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին պլենար նիստի ընթացքում ցուցադրված տեսաֆիլմը, որում վերլուծաբար ներկայացված էին Ղարաբաղի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Հաջորդիվ` ԼՂՀ-ում բիզնեսի գրավչության հեռանկարների շուրջը ծավալուն ելույթով հանդես եկավ Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Կ. Եսայանը :

Փաստը, որ չվախենալով ճգնաժամից, գործարարները եկել են Ղարաբաղ տնտեսական խնդիրներ քննարկելուՙ ֆորումի առաջին ու կարեւոր արդյունքն է, պլենար նիստում նշեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է այն փաստը, որ նման միջոցառումներ իրականացնելիս թերեւս առաջին անգամ` համաժողովի անցկացման հիմնական ծախսերն իրենց վրա էին վերցրել գործարարները: Իսկ թե ինչ իրական արդյունքներ կարձանագրեն տարբեր հարթակներում անցկացված քննարկումները, ցույց կտա ժամանակը: Որ Ղարաբաղում բիզնեսն իրոք գրավչություն ունի, համոզվեցին շատերը, մնում է սպասել գործնական ձեռնարկումներին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4