«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2009-06-19 | #114, 2009-06-20 | #115, 2009-06-23


ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՏԻԺ ԵՆԹԱԴՐՈՂ ՀԱՆՑԱՏԵՍԱԿ ՉԷ, ԱՅԼԵՎ` ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔ

Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին էր նվիրված ԼՂՀ գլխավոր դատախազության նախաձեռնած համաժողովը, որն առաջին անգամ էր կազմակերպվում Արցախում:

Համաժողովին հրավիրված էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը , Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի այլ պատասխանատուներ:

Համաժողովում ելույթ ունենալով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի առկայությունը պարտադիր նախապայման է, սակայն` ոչ միակը: Ելնելով պետական կառավարման համակարգի մշտական կատարելագործման անհրաժեշտությունից` հարկ է ցուցաբերել համալիր մոտեցումներ, համապատասխան իրավական դաշտի ձեւավորում եւ օրենքի գերակայության ապահովում: Նախագահն ընդգծել է իշխանությունների անհանդուրժողականությունը կոռուպցիոն երեւույթների նկատմամբ եւ պահանջել ոլորտի պատասխանատուներից` այս հարցում որդեգրել սկզբունքային դիրքորոշում: «Կոռուպցիան հասարակության կողմից պետք է անվերապահորեն դիտարկվի ոչ միայն որպես անխուսափելի պատիժ ենթադրող հանցատեսակ, այլեւ ամոթալի արարք, ոտնձգություն բարոյականության, անձնական եւ ազգային արժանապատվության նկատմամբ», ասել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանն իր զեկուցման մեջ անդրադառնալով կոռուպցիայի վնասակար հետեւանքներին, խոսել է դրանց դեմ պայքարի հիմնական միջոցների եւ ուղղությունների մասին: Նա միջոցառումը գնահատել է իբրեւ ԼՂՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտ բաղկացուցիչը` շեշտելով, որ բոլոր կարգի ձեռնարկումները հաջողության են բերում, եթե դրանք հստակորեն ծրագրվում ու հետեւողական շարունակություն են ունենում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համախումբ եւ ուղեկցվի օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով, իր զեկուցման մեջ նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը : Հարկավոր է ոչ միայն իրավական լծակներով, այլեւ հասարակական ներգործության միջոցներով պայքարել, համոզմունք է հայտնել նա: Նույն թեմայով կազմակերպված նախորդ չորս խորհրդակցությունների փորձից ելնելով, ՀՀ գլխավոր դատախազը մի շարք արժեքավոր առաջարկություններ է արել, տվել ամփոփ գնահատականներ: Ա. Հովսեփյանը միաժամանակ կարեւորել է լրատվամիջոցների դերը կոռուպցիայի հակազդման գործում:

Համաժողովում համապատասխան զեկուցումներով հանդես են եկել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը , ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը , պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4