Նախահամագումարյան «կրակոցներ»
«Այսօր գրողների միության աշխատանքներին ու զարգացմանը խանգարում է միայն մեկ մարդ` Լեւոն Անանյանը: Եթե նա իջնի ասպարեզից, Գրողների միությունում համերաշխություն կտիրի` կեղծիք, շանտաժ ստորություն չի լինի, Հրաչյա Սարուխանի պես բարձր անհատականությունը, որ հանրապետության լավագույն գրողներից է, աշխատանքից չի հեռացվի: Գրական դաշտը միջակությամբ չի լցվի, կսիրեք գրականությունը, կճանաչեք մեր ազգի լավագույն ստեղծագործողներին: Գրողների միությունից կանհետանա թշնամանքը: Այսօր գրողները ոչ թե զբաղված են աշխատանքով, այլ դատախազության պահանջից ելնելով նյութեր են պատրաստում մարտի 20-ի համագումարի մասին», «Հայելի» ակումբում գրողների միության հանդեպ վրդովմունքն այսպես արտահայտեց «Նոր դար» ամսագրի տնօրեն Աբգար Ափինյանը :
Բանավեճի հրավիրված ՀԳՄ քարտուղար, մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց. «Գրողների միությունը ստեղծագործական կազմակերպություն է եւ մի հոգին, որքան էլ նա համարվի բացասական, չի կարող խանգարել այդ հսկայական կազմակերպության զարգացմանը: Կազմակերպչական առումով գուցե ինչ-որ խանգարիչ բաներ ունենա, սակայն նա (Լեւոն Անանյանը- Հ.Հ.) չի կարող խանգարել, որ մարդը լինի արվեստագետ, գիրք գրի, բարձր բարոյական կերպար լինի եւ առավել եւս չի կարող խանգարել, որ նրան գնահատեն»:
«Գրողների միության Խնդիրն է աջակցել գրողին, տաղանդավոր մարդուն, հասարակություն-գրող-ընթերցանություն կապի ամրապնդմանը», Գրողների միության դերի մասին իր պատկերացումները ներկայացրեց Միլիտոնյանը` նշելով, որ ՀԳՄ-ն մասամբ լուծում է այդ հարցերը. 65 տարեկանից բարձր գրողները նպաստ են ստանում, ՀԳՄ-ն գրողներին ամեն կերպ աջակցում է: Այս ամենը արվում է պետական աջակցությանը զուգահեռ: «Խնդիրները մի անձին վերագրելը շատ հեշտ է եւ շատերին ազատում է պատասխանատվությունից»:
Ափինյանն էլ հիշեց հինն ու նորը, 2001-ի համագումարը, իր վստահված անձանց գլուխ ու քիթ ջարդելը: «Գրողների միությունում կռիվ չկա, կա մեկը, որ հրահրում է այդ կռիվը: Մեզ ասում են` էստեղ չերեւաս, չպիտի մտնես Գրողների միություն: Անանյանը ոչ թե ինձ է խանգարում, այլ ձեզ, ինձանից շատ պետք է դուք ուզենաք ունենալ լավ գրականություն»: Եթե ունի համախոհների հսկայական բանակ, ինչու չի առանձնանում եւ առանձին ստեղծագործում Ափինյանը նկատեց. «Այդպես էլ անում ենք, համախոհներով համախմբվում ենք, ստեղծագործում, բայց ստացվում է այնպես, որ չգրված վեպի համար մի չգրող մրցանակ է ստանում»:
Հուլիսի 4-ին նախատեսվում է գրողների միության համագումարը, որտեղ թերեւս շատ հարցեր իրենց պատասխանը կստանան:
Ափինյանն էլ նկատեց, որ Գրողների միությունն այսօր գնում է սխալ ճամապարհով եւ հույս ունի, որ նախատեսված համագումարից հետո կառուցվածքը կփոխվի: Նա հաշվել է, որ վերջին շրջանում մամուլում 164 հոդված է տպագրվել, որտեղ լրագրողները սարկազմով գրում են «Չգրող Անանյան»: «Սա վարկաբեկում է Գրողների միության անունը»:
«Համագումարը թող ամեն ինչ որոշի: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Եթե լուրջ գրող դնի իր թեկնածությունը, հնարավոր է, որ չանցնի: Որովհետեւ մեր գրականության դաշտում բոլորը չէ որ սիրում են, գնահատում, մեկը նախանձում է, մյուսը չարամտում: Պարտադիր չէ, որ լավ գրողը կարողանա կազմակերպչական ջիղ ունենալ»:
Հունիսի 4-ի համագումարը կներառի վերջին չորս տարվա գրական ստեղծագործական գործունեության ամփոփիչ ելույթները: Կհնչեն նաեւ ազատ ելույթներ, կդրվի նաեւ քվեարկության հարցը, սակայն նախագահության թեկնածուների ցանկը որոշված չէ:
Աբգար Ափինյանն էլ նշեց, որ անպայման մասնակցելու է Գրողների միության համագումարին: «Կա մեկ խնդիր` գրական դաշտից կարողանանք պեղել ադամանդներին, փորձենք ոսկին հողից զատել»:
Ճգնաժամն ու գրականությունը
Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ 2009-ին հրատարակվելիք գրականության հետ կապված առաջացել են որոշակի խնդիրներ, սակայն 80 տոկոսով ծրագիրը կիրականացվի: Կառավարությունն այս տարի տրամադրել է 130 մլն դրամ: Միլիտոնյանը կարեւոր գործընթաց է համարում երաժշտագիտական գրքերի հրատարակությունը` փաստելով, որ թե՛ ուսումնարանները, թե՛ երաժշտական միջնակարգ դպրոցները այդ գրականության պահանջը զգում էին:
Կհրատարակվի շուրջ 160 անուն գիրք` թարգմանական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային եւ այլն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ