Մայրաքաղաքի մշակութային հարուստ կյանքում օրերս տեղի ունեցած հրաշալի միջոցառումներից էր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հերթական մենահամերգըՙ հունիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որը, ինչպես եւ սպասվում էր, անցավ փայլուն եւ ավարտվեց բուռն օվացիաներով:
Համերգն սկսվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի մաեստրո Հովհ. Չեքիջյանի հոբելյանին նվիրվածՙ ամերիկաբնակ խմբավար Կոմիտաս Քեշիշյանի «Օրհնեցեք, գովեցեք» խմբերգի հայաստանյան պրեմիերայով (խմբավարՙ Կառլեն Ալեքսանյան, երգեհոնի մոտՙ Հայկուհի Տոնիկյան): «Խմբերգային փայտիկի հրաշագործ» Հ. Չեքիջյանի ֆենոմենալ ղեկավարությամբ հնչեցին Մակար Եկմալյանի «Ահա ծագեց կարմիր արեւ» եւ «Մեր հողն հնավանդ» խմբերգերի եւ Կոմիտասի երգաշարի a cappella կատարումները, հատվածներ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերետից (մենակատարՙ Սարգիս Աղամալյան) ու Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, Էդգար Հովհաննիսյանի «Հայաստանն» ու Ալեքսանդր Հարությունյանի «Եղերգը», հայաստանյան պրեմիերաների շարքումՙ Ջերոն Դեւիսի «Աշխարհը ափի մեջ» խմբերգը (դաշնամուրի մոտՙ Արամ Տուրաբյան), որոնք շլացուցիչ տպավորություն թողեցին: Հարություն Օդաբաշյանի ղեկավարությամբ Կապելլան կատարեց Տ. Չուխաճյանի «Ave Maria»-յի փոխադրումը երգչախմբի ու երգեհոնի համար:
Հիրավի, դժվար է գերագնահատել Հովհաննես Չեքիջյանի ներդրումը կոմիտասյան երգի քարոզման գործում: Ասում են, թե երբ կապելլան առաջին անգամ հրավիրվեց Փարիզՙ «Յումանիտե» թերթի 50-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով, Ֆրանսիայում տրվելիք համերգների առթիվ բանակցություններն ընթացան շուրջ մեկ տարի: Փարիզն առաջարկում էր կատարել Բեռլիոզի «Requiem»-ը, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան եւ Ռոսսինիի «Stabat mater»-ը: Հ. Չեքիջյանն էլ համառում էր, թե առանց Կոմիտասի Փարիզ չի մտնի: Երկխոսությունը սրվեց, երբ Մաեստրոն առհասարակ հրաժարվեց համերգներից: Իմպրեսարիոն ստիպված էր տեղի տալ, եւ ձեռք բերվեց համաձայնություն. կլինի նաեւ խմբերգային համերգ: Ահավասիկՙ 1974, Փարիզ: 7-ը սեպտեմբերի: Palais des Congre`s: Սրահում` 3700 մարդ: Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբ: Բեթհովեն` Իններորդ սիմֆոնիա: Համերգը վարում է Հ. Չեքիջյանը: Շռնդալից հաջողություն: Սրահը պահանջում է շարունակել համերգը: Պահանջում է Փարիզը` արվեստների մայրաքաղաքը: Մաեստրոյի հրահանգով նվագախումբը նստում է: Կոմիտաս. «Գութաներգ»: Փարիզում վերստին հնչում է հայ երգը: Հանդիսականները հոտնկայս ծափահարում են: Իսկ հաջորդ օրը մամուլը գրում է` «Հայաստանի երգչախումբը արդի դարաշրջանի ամենանշանակալից երեւույթներից է» («Tierse soir»): «Անտարակույս, մենք գործ ունենք դարաշրջանի երաժշտական մեծագույն ֆենոմենի հետ» («Le soir»):
Երեւանյան համերգի ընթացքում ներկայացվեց Կոմիտասի երգաշարը. ընտրված խմբերգերըՙ «Լուսնակը սարի տակին», «Անձրեւն էկավ», «Եղնիկ», «Վարդ ա յարս», «Տուն արի», «Առնեմ էրթամ իմ յարը», իրենց կենսագրությունն սկսել են 1981 թվականի փետրվարի 28-ինՙ Կապելլայի կատարմամբ, Հայհամերգի մեծ դահլիճում: Կոմիտասին Մաեստրոն ծառայում է ամբողջ կյանքում, եւ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մեր ազգային հպարտություններից մեկըՙ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը «երաժշտության մոգ» մաեստրո Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ կոմիտասյան ոգու մեկնաբանման չգերազանցված գագաթն է: Եվ պատահական չէ, որ Կապելլայի կատարմամբ եւ Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ լույս տեսած Կոմիտասի «Պատարագի» խտասալիկը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը պատրաստվում է ներկայացնել պետական մրցանակի, եւ կարծում եմ, որ այն անպայմանորեն արժանանալու է Հայաստանի պետական մրցանակին, քանզի Կոմիտասի համար հոբելյանական 2009-ին դա կլինի մեր պետության ու երաժշտական հասարակայնության խոնարհումը մեծն Կոմիտասի առջեւ:
Քչերին է հայտնի, որ Հ. Չեքիջյանի գործունեության երեք կարեւոր բնագավառներից է ստեղծագործությունը: Կոմպոզիտորի գրչին է պատկանում Տերյանի քնարական բանաստեղծությունների հիման վրա գրված «Գարնանային անուրջներ» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, որի հայաստանյան պրեմիերայով էլ եզրափակվեց համերգի առաջին բաժինը: Մենակատարներն էին Արծվիկ Դեմուրճյանն ու Սարգիս Աղամալյանը: Ստեղծագործությունն, ըստ էության, հեղինակի հարգանքի տուրքն է Տերյանի հանճարի առջեւ. չէ՞ որ թղթակցի այն հարցին, թե ո՞վ է իր ամենասիրելի բանաստեղծը, նա միանշանակ պատասխանել է. «Տերյանը»: «Գարնանային անուրջներն» ստեղծվել է 1975-ին: 1977-ի հունվարի 10-ին եւ 11-ին Լենինգրադի ֆիլհարմոնիայի Դ. Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում տեղի է ունենում պրեմիերանՙ ի շարս Այտընյանի «Պատարագի» եւ Բեռլիոզի «Te Deum»-ի: Մենակատարներն էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ցիսանա Տատիշվիլին եւ Կարլիս Զարինշը, ովքեր, բնականաբար, տերյանական տողերը երգեցին հայերեն: Հետագայում ստեղծագործությունը հնչել է Մոսկվայում, Փարիզումՙ հանրահայտ սոպրանո Լյուբով Կազարնովսկայայի կատարմամբ, ապա ԱՄՆ տարբեր քաղաքներումՙ մասնակցությամբ Հասմիկ Պապյանի ու Գեղամ Գրիգորյանի:
Համերգի երկրորդ բաժնում կապելլայի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավարՙ Էդուարդ Թոփչյան), մենակատարներ Կարինե Ավետիսյանի եւ Սուրեն Մանուկյանի անզուգական կատարմամբ հնչեց ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, երաժշտական-հասարակական գործիչ Գաբրիել Ֆորեի (1945-1924) «Ռեքվիեմը» (op. 48): Հայտնի է, որ Ֆորեի ստեղծագործական, մանկավարժական եւ երաժշտական հասարակական գործունեությունը մեծապես խթանեց իր ժամանակաշրջանի ֆրանսիական երաժշտության զարգացումը, իսկ ստեղծագործությունը հող նախապատրաստեց երաժշտական իմպրեսիոնիզմի համար:
Հայկական կապելլայի տարեգրության մեջ Ֆորեի «Ռեքվիեմի» կենսագրությունը սկիզբ է առնում հեռավոր 1970-ականներից: 1971-ի նոյեմբերի 3-ին եւ 4-ին «Requiem»-ը կատարվել է Լենինգրադի ֆիլհարմոնիայի Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում (մինչ այդՙ Երեւանում)` մենակատարներՙ Գոհար Գասպարյան եւ Միհրան Երկաթ: Իսկ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գոհար Գասպարյանի ու Միհրան Երկաթի կատարմամբ Ֆորեի «Requiem»-ի կատարումն այնպես է ցնցում խստապահանջ գեղարվեստական խորհրդին, որ վերջինս որոշում է համերգային այդ կատարումը վերածել ձայնասկավառակի, որը շուտով թողարկում է «Մելոդիա» ֆիրման: Տարիներ անցՙ 1993-ի հուլիսի 9-ին «Requiem»-ը վերստին հնչում է Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում:
Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանին ու համերգի բոլոր մասնակիցներինՙ մեզ պարգեւած արվեստի հրաշագեղ ժամերի համար:
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, Երեւան քաղաքի ավագանու անդամ