Գլենդեյլի «Հիլթոն» հյուրանոցում մի քանի հարյուր ականավոր անձնավորությունների ներկայությամբ մայիսի 9-ին տեղի է ունեցել «Արմենբարի»` Հայկական իրավաբանական ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա-խնջույք-հանդիսությունը, որի ընթացքում ելույթ է ունեցել ասոցիացիայի պատվավոր անդամներից Կալիֆոռնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դոքմեջյանը, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Իր հումորով համեմված ելույթի վերջում նա «Հրանտ Դինքի անվան ազատության» մրցանակով պարգեւատրել է Րաֆֆի Հովհաննիսյանին («Արմենբարի» հիմնադիր եւ ՀՀ առաջին արտգործնախարար), «վաստակած ձեռքբերումների մրցանակով»` պրոֆ. Աննա Լուսինին (Չիկագոյի Ջոն Մարշալի անվան իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր եւ «Արմենբարի» եռակի նախագահ) եւ «հասարակական ծառայության մրցանակով»` Վիգեն Սիմոնյանին («Արմենբարի» վարչության ամենաերկարամյա ծառայող):
Տեղի են ունեցել խմբակային քննարկումներ նվիրված Հայաստանում մարդու եւ քաղաքացիական իրավունքների (մասնակցել են Հայաստանից Զարուհի Բոստանջյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը), մարդկության դեմ գործադրված ոճրագործությունների (մասնակցել են Նիկոլաս Կումջյանը` Հաագայի միջազգային դատարանից եւ Ֆիլիպ Լինչը` Իրաքի հետհուսեյնային շրջանի իրավական համակարգի հիմնադիրներից) հայկական համայնքում հանցագործությունների եւ արդարադատության հարցերին (մասնակցել են Կարո Ղազարյանը` իրավաբանության ժողովրդական քոլեջի դեկան, Սթիվն Լուբելը` Բերբանկից, Թոմաս Լորենցն ու Տիգրան Թոփաճիկյանը` Գլենդեյլի ոստիկանության սերժանտներ, եւ Ֆրեդ Մեսրոպին` Լոս Անջելեսի շրջանային դատախազի օգնական):
Ասոցիացիայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Տորոնտոյում հոկտեմբերի սկզբներին:
Հ. Ծ.