«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2009-06-19 | #114, 2009-06-20 | #115, 2009-06-23


«ՄԻԿԱՆ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը հատկանշական էր նրանով, որ «Միկային» վերջապես հաջողվեց շրջանցել «Փյունիկին» եւ գլխավորել աղյուսակը: Ճիշտ է, «Փյունիկը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Հաջորդ տուրում «Փյունիկն» ու «Միկան» մրցավեճի կբռնվեն, ինչն էլ վերջնականապես կորոշի, թե ով է առաջնության իսկական առաջատարը:

«Միկայի» ֆուտբոլիստները պարզապես գերազանց են հանդես գալիս առաջնության 2-րդ շրջանումՙ շահելով բոլոր 6 հանդիպումները: Հերթական հաղթանակը նրանք տոնեցին «Կիլիկիայի» նկատմամբ: Խաղասկզբում «Միկային» հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի Ալեքսը, ընդմիջումից հետո Արա Հակոբյանը երկրորդ գոլը խփեց: «Կիլիկիային» միայն հաջողվեց կրճատել հաշիվը (2-1): 11 մ հարվածը հստակ իրացրեց Ռաֆայել Մկրտչյանը:

Իսկ ահա «Փյունիկը» 2-րդ խաղն անընդմեջ չի կարողանում գրավել մրցակցի դարպասը: Նախորդ տուրում «Գանձասարի» հետ խաղում դարպասները մնացել էին անառիկ, այս անգամ էլ նույնը կրկնվեց Գյումրիում: «Շիրակի» հետ խաղում «Փյունիկի» կազմից բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը եւ դա արդեն ազդեց չեմպիոնի հարձակողական գործողությունների արդյունավետության վրա:

Շարունակում է պարտությունների տխուր շարքը «Արարատը»: Թեեւ արարատցիների խաղում որոշակի առաջխաղացում է նկատվում, սակայն նախկինի պես նրանց համար գոլ խփելը հիմնախնդիր է: Կապանում էլ արարատցիներին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Փոխարենը 2-րդ խաղակեսի սկզբում Արսեն Ավետիսյանի հարվածից հետո «Արարատը» գոլ բաց թողեց: Դրանից հետո արարատցիները խաղադաշտում մնացին 9 հոգով (երկրորդ զգուշացումները ստանալով, դաշտից հեռացվեցին Վաչագան Կարապետյանն ու Գեւորգ Նռանյանը) եւ բնականաբար չկարողացան փրկել դրությունըՙ կրելով 12-րդ անընդմեջ պարտությունը: Այս ամենին գումարվեց նախորդ խաղում «Բանանցի» հետ մրցավեճում, որում արարատցիները զիջել էին 0-2 հաշվով, թիմին տեխնիկական պարտության գրանցումը (0-3): Պարզվում է, որ «Արարատը» չէր վճարել Գեւորգ Պրազյանի եւ Սերգեյ Էրզրումյանի որակազրկման դիմաց նախատեսված 45 հազար դրամ տուգանքը ու նոր կանոնակարգի համաձայն այդ ֆուտբոլիստներն իրավունք չունեին խաղալու «Բանանցի» դեմ: Բացի տեխնիկական պարտությունից, «Արարատը» տուգանքը չվճարելու համար տուգանվեց եւս 100 հազար դրամով: Զարմանալին այն է, որ «Արարատ» ակումբում այդ մասին տեղյակ չէին: Ընթացիկ մրցաշրջանում «Արարատն» արդեն 1 մլն դրամի տուգանք է վճարել ՀՖՖ, այն դեպքում, երբ թիմի հովանավորները զգալիորեն կրճատել են ֆուտբոլիստների աշխատավարձերն ու պարգեւավճարները: «Արարատը» հայտնվել է անդունդում, որից դուրս գալու ուղիները դեռեւս չեն գտնվել:

Անհանգստացնում է նաեւ «Բանանցի» վերջին շրջանում ցուցադրած խաղը, որում անկումը նկատելի է: Իհարկե, դա կարելի է բացատրել առաջատար մի խումբ ֆուտբոլիստների վնասվածքներով: Շուտով թիմին հարկ կլինի ներգրավվել եվրոլիգայի խաղարկության հանդիպումներին, իսկ նման խաղով դժվար է հաջողություն ակնկալել: Թիմի կազմն ուժեղացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում հանդես եկող Համլետ Մխիթարյանի հետ, որ վերջինս «Բանանցին» օգնի եվրոլիգայի խաղերում: Սակայն կարծում ենք դա հարցի լուծում չէ:

«Ուլիսի» հետ խաղում «Բանանցի» խաղը ոչ մի տպավորություն չթողեց: Իսկ ահա ուլիսցիներն աչքի ընկան մարտական բնավորությամբ եւ 3-1 հաշվով արժանի հաղթանակ տոնեցին: «Ուլիսից» 2 գոլ խփեց 35-ամյա Արթուր Քոչարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիթ Գրիգորյանը: «Բանանցից» միակ գոլի հեղինակը Սարգիս Նասիբյանն էր:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Միկա13102126-1132
2. Փյունիկ1293027-630
3. Բանանց1380523-1624
4. Ուլիս1372419-1123
5. Գանձասար134278-1914
6. Շիրակ1334612-2413
7. Կիլիկիա1331912-2110
8. Արարատ1200123-220

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Բոտի Դեմել«Միկա»9
Արամ Ոսկանյան«Միկա»7
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»6
Արթուր Քոչարյան«Ուլիս»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4