Հիմա ո՞վ է հիշում Համլետ Ասրյանին, որը 90-ականների սկզբին թափ հավաքող ազատականության մեր առաջին հարուստներից էր, արտադրություններ ուներ, եւ նրան թվում էր, թե իր հարստությունը իր պատվարն է, անկախ նրանից, թե ինչպե՞ս էր կուտակվել նրա հարստությունը: Այդպես չեղավ` ուրիշների հետ նրա ունեցվածքն էլ վերաբաժանվեց, եւ արդեն 2000 թվականին նրա ընտանիքը, որ մինչ այդ արտասահմանյան լավագույն մեքենաներով էր շրջում, սկսեց երթուղային տաքսիներով երթեւեկել, նրա հանդեպ դատական գործընթացներ էին, իսկ նրա ունեցվածքից էլ բան չմնաց: Օրենքներն անուժ էին, անձերը վճռում էին ամեն ինչ, մեծահարուստ եւ օլիգարխ լինելու համար նախ պետական մակարդակով «կռիշա» էր պետք, «կռիշա» չունեցողը, կամ քաղաքական ճամբարի առումով սխալվածը դուրս էր մղվում անձերի ցանկությամբ, իսկ նրա ունեցվածքը վերաբաժանվում էր: Սկզբում այդ բոլորը թվում էր հանգրվանային, դիպվածային ինչ-որ երեւույթ, որ «անցումային շրջան» կոչվածի հետ դուրս էր մղվելու, համարվում էր փորձի պակասի, պետության, պետական կարգի թուլության, իրավական կուլտուրայի չգոյության արդյունք. մտածում էինք` գեղական կարգով հարց լուծելը, գողական օրենքներով կառավարվելը, վենդետայի սկզբունքով «արդարադատության» հաստատումը, դատական եւ իրավական համակարգն անտեսելը կամ դրանք սեփական խնդիրների լուծմանը ծառայեցնելը կմնան հետեւում, պետությունում կհարգվեն օրենքները, անձերը` պաշտոնյայից սկսած, օլիգարխից վերջացրած, իրենց քմահաճույքով բան չեն վճռի, «լավ տղերքը» իրենց վարքուբարքով դուրս չեն մղի օրինապաշտ եւ կրթված շերտին:
Այդպես չեղավ: Կյանքի գրոտեսկային երեւույթները մեծացան, ընդլայնվեցին ու սկսեցին իշխել ամենուր` նեղելով եւ անկյուն մղելով օրենք ու արդարություն: Մեր կյանքն այդ ժամանակից ոչ թե մաքրվեց-բյուրեղացավ, ոչ թե դարձավ օրենքին եւ իրավունքին ենթակա, այլ անհատներին, ուժին եւ փողին (դա եղել է բոլոր երեք նախագահների օրոք), լավ տղերքին` գերի, վերջիններս այդպես էլ մնացին մեր կյանքի գլխավոր հարցերը լուծող միակ դերակատար, թափանցեցին ամենուր, ու մեր կեցությունը վերածվեց փոխվրեժի, ռազբորկայով հարց լուծելու, զոռբայության ու փողի դիվական պատկերների մի պատկերասրահ: Մեր էկրանը լցված է մեր կենցաղում ներկա հատկապես այդ տեսարաններով, մեր երեխաները տեսնում են ուժի եւ բռունցքի հաղթանակը կյանքում եւ էկրանում, տեսնում են, որ օրենքը փալասի կտոր է: Ու մեր իրար հերթագայող իշխող էլիտան ոչ միայն չի փորձում շտկել վիճակը, այլեւ իր շարքերը հարստացնում է այդ «գաղափարախոսությունը» կրողներով. խոսում է օրենքից, ստվերի դեմ պայքարելուց, ուժեղների անօրինությունների դեմն առնելու հարկավորությունից, բայց իրականում կամ ոչինչ չի անում, կամ ոչինչ չի կարողանում անել:
Արդյունքն այս է. նախ` մտայնությունը, որ պաշտոնյաների մի ամբողջ խավ անպատժելի է եւ նրանց դեմ խաղ չկա: Նրանք ունեն սեփական բիզնեսները, պաշտոնեական դիրքը ծառայեցնում են սեփական շահերին, իրենց ենթականերին ու բոլոր իրենցից կախում ունեցողներին` եւս, իրենց իսկ խոսքով` «կզացնում» են, հատկապես ֆիսկալ ոլորտի պաշտոնյաներից շատերին թվում է, թե պետությունը հենց իրենք են, եւ խոստովանենք, ամեն մեկս անուններով կարող է հիշել այդպիսի պաշտոնյաների, ում արարքներն ու ապրած կյանքը պարզապես կարող են հուսահատության հասցնել օրինապահ քաղաքացուն: Վերջինս միայն ականատեսն է այդպիսի պաշտոնյաների` ոչ մի կանոնի եւ օրենքի մեջ չտեղավորվող կյանքին եւ նրանց տեսակի հայելապատկեր ոչ պաշտոնյա խավից` բումերանգի նման վերադարձող նույնակերպ վարքուբարքի:
Այո, հայելապատկերը` «մուսկուլով» տղերքն են, ով ամեն ինչ վճռում է «պապայով». փողով, ուժով` լավագույն դեպքում, վատագույն դեպքում` կրակելով, ծեծելով, պայթեցնելով:
Մի քանի օր հանգիստ չի տալիս այն լուրը, որ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանն է պատվիրել պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձը, այժմ Երիցյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Եվ գտնվել է 8 հոգանոց մի խումբ, որը 150 հազար դոլարով հանձն է առել այդպիսի պատվերն իրականացնել, դեռ խմբի ղեկավարն էլ նախկինում ներքին գործերի նախարարությունում հատուկ նշանակության ջոկատի հրամանտարի տեղակալ եղած մեկն է, որի մականունը պարզապես` «Մուսկուլ», մեր ժամանակն է խորհրդանշում կարծես:
Ահա այսպես` իրավապահը կարող է դառնալ քիլլեր, ֆիսկալ աշխատակիցը` մահափորձի պատվիրատու, էլ ի՞նչ սովորի սովորական հայ քաղաքացին սրանցից: Ինչ ցանում, այն էլ հնձում ենք: Ուզում ես հասկանալ, թե որտեղից է ծագում մարդու մեջ այդպիսի` իրեն խանգարողին կամ իր ճանապարհին խոչընդոտ ստեղծողին կյանքից զրկելու գաղափարը, արդյոք նաեւ ա՞յն պատճառով, որ նրա հանդեպ նույնպես գուցե կիրառվում են նույն մեթոդները: Արդյոք ա՞յն պատճառով, որ նա, լինելով օրենք ներկայացնող հիմնարկի աշխատակից, ինքը երիցս գիտեր այդ նույն օրենքի` գրոշի արժեք ունենալը, ինքը եւս հաճախ է շրջանցել օրենքը, իր հանդեպ էլ հետո նույն դարձն է եղել ի շրջանս: Ինչպե՞ս հասանք այս գանգստերական մտայնությանը, ինչպես ենք այն փոխելու, արդյոք օրինակը վարակիչ չէ՞ մեր կյանքի բոլոր շրջանակներից ռեսոնանսով փոխանցվելով: Երբ այս կամ այն պաշտոնյայի կողմնակիցներն իրենց բիզնեսն ընդլայնելու համար անպատիժ ծեծում են մարդկանց, մեքենաներ են այրում, պատանդ վերցնում եւ չեն պատժվում, սա կարող է մի պահ թեւ տալ ուրիշներին եւս:
Մեր կյանքը որակապես փոխելու հրամայական կա այսօր, այլապես անօրենությունը սովորույթի ուժ է ձեռք բերում, այլապես դառնում ենք մի երկիր, որի ժողովուրդը ոչ մեկի եւ ոչնչի հանդեպ հավատ չի ունենա, կզրկվի առհասարակ արժեքներ կրողի եւ փոխանցողի` իր առայժմ վերջնականապես չնահանջող կերպարից. մինչեւ հիմա ասում էինք, թե երկրի նոր նախագահը ժամանակ չուներ հասարակության առողջացման խնդիրներով լիարժեք զբաղվելու, հիմա արդեն այդ ժամանակը եկել է, ու պետք է սկսել հենց վերին շրջանակների անօրեններին եւ օրենքը շրջանցողներին դաս տալուց եւ այդ գործում երկակի մոտեցումները բացառելուց:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ