«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2009-06-20 | #115, 2009-06-23 | #116, 2009-06-24


ԿՐԿԻՆ 55 ԵՐԵԽԱ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ ԱՆՎՃԱՐՙ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՇՐԹՈՒՆՔՈՎ ԵՎ ԳԱՅԼԻ ԵՐԱԽՈՎ

Մեկ տարի առաջ ԱՄՆ-ում Մառլեն Մինասյանը հիմնեց «Ժպիտ» միջազգային բարեգործական կազմակերպությունը, որը վիրահատական աջակցություն է ցուցաբերում շուրթի եւ քիմքի ճեղքվածքով (նապաստակի շրթունք ու գայլի երախ) ծնված երեխաներին: «Ժպիտին» միացել են ԱՄՆ-ից մի շարք այլ կազմակերպություններ ու արդեն անցած տարի Հայաստանում իրականացրել են վերը նշված բնածին արատներով Ջավախքից, Արցախից եւ Երեւանից 50 երեխաների վիրահատությունը:

  «Ազգը» զրուցեց ծրագրի հիմնադիր ու կազմակերպիչ Մառլեն Մինասյանի հետ ու տեղեկացավ, որ ծրագիրն այս տարի նույնպես ընդգրկել է նման արատներ ունեցող 50-55 երեխաների անվճար վիրահատությունը, «քանի որ Հայաստանում նման երեխաներին բուժելու համար ծնողները միջոցներ չունեն, ուստի որոշեցինք հենց նրանց օգնել ու հիմնովին բուժել: ԱՄՆ-ից մենք հրավիրում ենք ճանաչված ու բարձրակարգ վիրաբույժների, բուժքույրերի, որոնք էլ երկու շաբաթով գալիս են Հայաստան ու իրականացնում վիրահատություններ, հետվիրահատական բուժում: Մեզ աջակցում են Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունները, Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնը, որտեղ էլ իրականացվում են վիրահատությունները, իսկ ՀՕՖ-ը հոգում է հիվանդների եւ նրանց ընտանիքների ֆինանսական ծախսերն ամբողջ ծրագրի ընթացքում (տրանսպորտ, սնունդ, խնամակալի ծախսեր եւ այլն), «Գաֆեսճյան» հիմնադրամը, բժշկական համալսարանը եւ այլն»:

Հունիսի 20-21-ը «Ժպիտ» ծրագրի մասնագետները զննել են 150 երեխայի, որից 55-ը կվիրահատվի: Բացի երեխաներից, նման արատներ ունեցող մեծերը նույնպես կենթարկվեն հատուկ զննության: Մինչեւ հուլիսի 5-ը ծրագրի կազմակերպիչները կհետեւեն հետվիրահատական պրոցեսներին ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն: Ասենք, որ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի Վինչեստր քաղաքի հայտնի երեք վիրաբույժներ, որոնք այդ արատների մեծ փորձ ունեն: Մասնագետների այցի ժամանակ ՀԴԲ համալսարանի վեց օրդինատորներ իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն հենց այդ վիրաբույժների մոտ: Իսկ բժշկական համալսարանում ուսանողներին իրենց փորձը կփոխանցեն այդ մասնագետները հատուկ դասընթացների միջոցով, որը տեղի կունենա հունիսի 30-ին:

Երեկ «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում լրագրողների հետ հանդիպեցին «Ժպիտ» ծրագրի ներկայացուցիչներն ու ղեկավարները: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը եւ ներկաներին շնորհավորեց բուժաշխատողների օրվա առթիվ, ցանկանալով նորանոր հաջողություններ բժշկության բնագավառում: Այնուհետեւ ներկայացնելով «Ժպիտ» ծրագիրը, նշեց, որ շատ բարդ ու դժվարին է եղել նման արատներով երեխաներին գտնել ու ընդգրկել ծրագրում: «Ծրագիրը ե՛ւ սոցիալական, ե՛ւ հասարակական նշանակություն ունի, այս ծրագրում հստակ երեւում է մարդասիրական բնույթը, ինչի վրա հիմնված է բժշկությունը»: Շուրթի եւ քիմքի ճեղքվածքով ծնված անձինք, որպես կանոն, դժվարանում են ուտել, խմել եւ խոսել: Որպեսզի նրանց ժպիտ պարգեւեն, հիմնադրեցին «Ժպիտ» ծրագիրը: Հանդիպմանը ներկա էր գյումրեցի 2-ամյա Սեդուլիկը, որին անցած տարի վիրահատել էին, որը արդեն շատ լավ խոսում, ծիծաղում ու կոնֆետ էր ուտում, ծափ տալով իր շնորհակալությունը հայտնում ծրագրի բոլոր անդամներին:

  «Ազգի» այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, արվո՞ւմ է արդյոք մոնիտորինգ նման հիվանդությունների պատճառները հայտնաբերելու ուղղությամբ, պրն Հակոբյանը ասաց. «Մոնիտորինգ արվում է միջազգային հանրության կողմից: Հայտնի են մի քանի պատճառներՙ ժառանգական, շրջակա միջավայրի ազդեցության եւ ֆոլաթթվի պակասի գործոն: Այս երեք գործոնների դեմ փորձում են որոշ գործունեություն իրականացնել: Սակայն ժառանգական գործոնի դեմ դժվար է որեւէ բան իրականացնել: Անհրաժեշտ է հղիների սնուցմանը լուրջ ուշադրություն դարձնելՙ սակավարյունության, անհրաժեշտ միկրոէլեմենտների առկայությունը ապահովելու շուրջը, եւ մեծ ուշադրություն պետք է դարձվի շրջակա միջավայրի բացասական գործոնները նվազեցնելուն»: Նախարարությունն արդեն ստեղծել է աշխատանքային մի խումբՙ նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, մշակում են շատ կարեւոր մի ծրագիր, հացի բաղադրությունը անհրաժեշտ միկրոէլեմենտներով հարստացնելու համար, որով էլ կավելանա ֆոլաթթվի, ցինկի, երկաթի պարունակությունը ու կկանխվեն նման արատներով երեխաների ծնունդը, սիրտ-անոթային հիվանդությունները»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4