«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2009-06-20 | #115, 2009-06-23 | #116, 2009-06-24


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

...Չեմ մոռանա աղոթք դարձած ԵՐԿԱԹԱԳԻՐ գրքերը մեր...

Հայտնի է, որ մարդկությունը դեռ վաղ ժամանակներից որոշակի նշանակություն է տվել խորհրդանիշներին (символы, эмблемы), ինչը ներկայացրել ու ներկայացնում են տիեզերական երեւույթ, համակարգ, հարստություններ` (династии) պետություններ-իշխանություններ, ձեռնարկություններ, ընկերություններ, կուսակցություններ, կազմակերպություններ եւ այլն` իրենց ձեւային, պատկերային արտահայտությամբ:

Ինչպես ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է նշել, ամեն ինչում նախընտրելի է ձեւի եւ հոգու (էության, բովանդակության) ներդաշնակություն: Դա նշանակում է ամեն ինչի ձեւը եւ բովանդակությունը պետք է համապատասխանեն միմյանց:

Անցնենք բուն նյութին: Հարցը վերաբերում է Հայաստանի հանրային հեռուստատեսության անհասկանալի խորհրդանիշին` Հ-ին, ինչը աղավաղված է նույնիսկ պատկերային, ձեւային տեսակետից, քանի որ արտահայտելով «Հանրային» բառի առաջին տառը (այսինքն` բովանդակությունը), բոլորովին նման չէ հայոց այբուբենի 16-րդ «Հ» մեծատառին, ինչին սովոր է, ինչը գիտի քիչ թե շատ տառաճանաչ մահկանացուն, հետեւաբար նաեւ ամբողջ ժողովուրդը:

Այդ խորհրդանիշ տառը ավելի նման է ռուսերեն с (собака)-շուն կամ անգլերեն (cat)-կատու տառին: Մեր կարծիքով նույնիսկ ռուսը, անգլիացին կամ ամերիկացին չի ընդունի, կհրաժարվի այդ նշան-տառից:

Ավելացնենք նաեւ, որ շատ հաղորդաշարերից հետո, երբ լուսապաստառի վրա ստորագրվում է «Հայաստանի հանրային հեռուստատեսություն», բոլոր «Հ»-երը նորմալ են եւ նման չեն խորհրդանիշ «Հ»-ին:

Ստացվում է, որ Դուք ինքներդ եք հերքում Ձեզ:

Իմ ռուս ավագ ընկերներից մեկն այսպիսի անհամապատասխանություն նկատելուց ասում էր. «Врать, так врать в унисон»:

Հայտնում ենք նաեւ, որ այս «խորհրդանիշ»-ը ժառանգություն է մնացել ՀՀ առաջին իշխանություններից ու թվում էր, որ կամ ա) այն կփոխվի 1998 թ. իշխանափոխությունից հետո, կամ էլ գոնե բ) նոր դարի, նոր հազարամյակի հունվարի 1-ից, մանավանդ, որ 2001 թ. պետք է ցուցադրվեին քրիստոնեության 1700-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:

Այդ փոփոխությունն, ավաղ, չկայացավ: Այդ փոփոխությունը չկայացավ նաեւ 2008 թ. իշխանափոխությունից հետո: Ժողովուրդը շատ երկար է սպասել:

Ուստի խնդրում ենք ընկերության խորհրդում քննարկել սույն բաց նամակ-առաջարկությունը եւ համապատասխան` հայ հանրությանը բավարարող որոշում կայացնել:

Կից ներկայացնում ենք ՀՍՀ-ի 6-րդ հատորից պատճենահանված 38-րդ էջը` «Հ» տառի գրավոր բոլոր ձեւերով, որտեղ Հ ձեւի «հ» չկա:

Թոշակառու մտավորականների նախաձեռնող խմբի անունից ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4