ՀՀ մշակույթի նախարարությունը մի քանի օր առաջ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կազմակերպել էր ճանաչված գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոյին ներկա էր նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն այդ օրվա միջոցառումից ստացած տհաճ տպավորությունը ներկաները դեռ շատ կհիշեն: Նախ նշեմ, որ մի քանի ամիս առաջ մշակույթի նախարարի որոշմամբ երգիչներին արգելվում էր ֆոնոգրամայով հանդես գալ: Սակայն այդ օրը բոլոր երգիչները, չգիտես ինչու, երգեցին ոչ կենդանի ձայնով: Ավելի տարօրինակ էր, երբ քանոնահարուհին սկսեց ֆոնոգրամայի տակ նվագել: Չգիտես ինչո՞ւ դասական երաժշտությունից առաջ բեմ դուրս եկավ Ռուդիկ Գաբրիելյանն ու ռաբիս, ջազ, ռոկ ոճերը իրար խառնելովՙ Կենաց երգը երգելով թռվռաց ու ծամածռվեց բեմումՙ առաջացնելով ե՛ւ հոբելյարի, ե՛ւ ներկաների զայրույթը: Միջոցառումից հետո նախարարը շատ խիստ զրույց ունեցավ կազմակերպիչներիՙ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանի եւ հրավիրված ռեժիսոր Ռ. Հովհաննիսյանի հետ, պահանջելով ներկայացնել կատարված թյուրիմացության մասին բացատրագիր:
«Ազգը» հետեւողական փորձում էր ճշտել, թե ինչո՞վ վերջացավ այդ տհաճ պատմությունը, որը պատիվ չի բերում թե՛ հոբելյարին եւ թե՛ նախարարությանը: Երեկ նախարարությունից տեղեկացանք, որ «Ռուբեն Հովսեփյանի հոբելյանական երեկոյի ընթացքում արձանագրված ծրագրային փոփոխությունների, նախարարության հետ չհամաձայնեցնելու, ծրագրերի գեղարվեստական մասում տեղ գտած թերությունների, աշխատանքների նկատմամբ անփույթ վերաբերմունքի եւ ՀՀ մշակույթի նախարարի 2009-ի փետրվարի 18-ի թիվ 43ա հրամանի (կենդանի հնչողություն-Մ. Մ.) դրույթները խախտելու պատճառով, համապատասխան կազմակերպիչՙ ՊՈԱԿ-ի ղեկավարին (տնօրեն Գագիկ Մանասյան-Մ. Մ.) հայտարարվել է գրավոր նախազգուշացում»: Գրավոր նախազգուշացումից հետո նման խախտում կրկնվելու դեպքում կկիրառվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգապահական տույժեր, ընդհուպ աշխատանքից հեռացում:
Կարծում ենք, այս միջադեպը դաս կլինի նրանց համար, ովքեր հաստատված միջոցառման ծրագրում ինքնակամ փոփոխություններ են անում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ