«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2009-06-20 | #115, 2009-06-23 | #116, 2009-06-24


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Բացմանը մասնակցել է հանգուցյալի այրին

Վերջին ամիսներին Մարսելի 11-12-րդ շրջանների թաղապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի օրակարգ էր մտել քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով կոչելու հարցը: Դա քննարկվել, ապա եւ հաստատվել էր Մարսելի քաղաքապետարանում, որից հետո, ինչպես «Բիրգյուն» կայքէջն է նշում, կատարվել է անվանակոչումը:

Մարսելում Դինքի անունով կոչվող փողոցի բացումը հունիսի 12-ին կատարել է հանգուցյալի այրինՙ Ռաքել Դինքը, իսկ անվանակոչման պաշտոնական արարողությանը մասնակցել են Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդեն, Ֆրանսիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Վալերի Բոյենը, քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաեւ քաղաքապետի տեղակալներից Դիդյե Պարագյանն ու 13-14-րդ շրջանի թաղապետ Կարո Հովսեփյանը:

Քաղաքապետ Գոդենը ելույթում նշել է, որ Մարսելի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով կոչելու որոշումը միաձայն է ընդունվել քաղաքային խորհրդում, դա քաղաքի բնակչության զգացմունքների արտահայտությունն է: Այնուհետեւ նա շարունակել է. «Թուրքիայում Հրանտ Դինքը մարդու իրավունքների ամենաակնառու պաշտպաններից էր: Մարսելում յուրաքանչյուր քաղաքապետի համար մեծ պատիվ է փողոցը նրա անունով կոչելը: Թուրքիայում աշխուժացող ազգայնամոլությունն ու պետականորեն ծավալվող ամբողջատիրական քարոզչությունը նշանառության թիրախ դարձրեցին Հրանտ Դինքին: Իսկ նրա թուրքահայ լինելն ու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դժվարությունները եւ հոգսերը պետության երեսին համարձակորեն ասելը պատճառ դարձավ, որ նա մղվի ատելության հորձանուտ: Դինքն ուղեցույց է դարձել մեզ համար: Այլեւս մեր սրտերում է ապրում»:

Դինքի այրի Ռաքելը ելույթում վերհիշել է Եղիշեի մարգարեական խոսքերը. «Գիտակցված մահն անմահություն է»: Մարսելում, որտեղ 80 հազար հայ է բնակվում, անվանակոչման արարողությանը մասնակցել է շուրջ 250 մարդ: Մինչ այդ Ռաքել Դինքը մասնակցել էր 2007-ին Փարիզի արվարձաններից հայաշատ Արֆորվիլում Հրանտ Դինքի անունով բացված դպրոցի ավարտական հանդեսին եւ անձամբ բաժանել աշակերտների վկայականները: Ի դեպ, նորաբաց այս դպրոց հաճախում են 36 աշակերտներ, որտեղ առայժմ գործում են 1-2-րդ դասարաններն ու նախակրթական բաժինըՙ 2-13 տարեկան աշակերտներով:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4