Շախմատի Թբիլիսիի գավաթի խաղարկության 7-րդ տուրում վիճակահանության քմահաճույքով մրցեցին Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանն ու Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը: Պարտիան ավարտվեց սպիտակներով խաղացող Դավիթ Հարությունյանի հաղթանակով: Վերջինս վաստակելով 6 միավոր, իր համաքաղաքացիներ Մերաբ Գագունաշվիլու, Միխեիլ Մչեդլիշվիլու եւ Բայադուր Ջոբավայի հետ գլխավորեց աղյուսակը:
Առաջատարներից կեսական միավորով հետ են մնում 11 շախմատիստներ, որոնց թվում են Դավիթ Պետրոսյանն ու Լեւոն Բաբուջյանը: Պետրոսյանը հաշտություն կնքեց Միխայիլ Կոբալիայի հետ, իսկ Բաբուջյանը հաղթեց Սալոմե Մելիային: 5-ական միավոր ունեն Արման Փաշիկյանն ու Տիգրան Քոթանջյանը: Վերջինս սեւերով հաղթեց Ասիֆ Հասանովին:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 8-րդ տուրում Դավիթ Հարությունյանը սեւերով կխաղա Մերաբ Գագունաշվիլու հետ: Մյուս երկու առաջատարներըՙ Մչեդլիշվիլին ու Ջոբավան եւս զույգ կկազմեն: Բաբուջյանի մրցակիցը կլինի Կոբալիան, իսկ Դավիթ Պետրոսյանը ուժերը կչափի Տորնիկե Սանիկիձեի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ