«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2009-06-23 | #116, 2009-06-24 | #117, 2009-06-25


ԲՈՍՏՈՆՈՒՄ ԵՎ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ

«Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը

Անցյալ շաբաթ Բոստոնում NAASR (Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիա) կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» (Speaking to be Heard) գրքի շնորհանդեսը:

Նյու Յորքում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ մի քանի այլ կազմակերպությունների հրավերով Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Բոստոնի Բենթլի համալսարանում ներկայացնելով «Անավարտ տասնամյակ» ելույթների ժողովածուն` Վարդան Օսկանյանը խոսել է իր 10-ամյա փորձի եւ մասնավորապես այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները զգալիորեն պայմանավորված են ներքին խնդիրների կարգավորված լինելով ու իրական խորքային բարեփոխումների իրականացմամբ, ինչը նախկին խորհրդային երկրներից քչերին է հաջողվել:

«Ես չշարունակեցի աշխատել նոր կառավարությունում, որովհետեւ, թեեւ կարծում եմ, որ արդյունավետ եմ պաշտպանել Հայաստանի շահերը արտասահմանում, ես գիտակցում էի, որ այլեւս չեմ կարող դա անել, քանի դեռ մենք ինքներս մեր երկրում հետեւողականորեն չպաշտպանենք փոփոխության ու առաջընթացի անհրաժեշտության գաղափարը: Ես փորձում եմ դա անել «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով: Հաջողության հասնելու համար Հայաստանը շարունակելու է ձեր ակտիվ ներգրավվածության կարիքն ունենալ: Իմ կոչը սփյուռքին միշտ նույնն է` մի ընդունենք այն, ինչին մենք հասել ենք, որպես հեշտությամբ տրված իրողություն, բայց միեւնույն ժամանակ, մի բավարարվեք նրանով, ինչ մենք այսօր ունենք»:

Նյու Յորքում, Ֆորդհամ իրավաբանական դպրոցում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ Վարդան Օսկանյանը անդրադարձել է այն խնդրին, որ Հայաստանի երեք իշխանություններն էլ փորձել են Թուրքիայի հետ հասնել բարիդրացիական հարաբերությունների, եւ տարիների ընթացքում հայ հասարակությունը ընդհանուր առմամբ պատրաստակամություն է դրսեւորել նորմալ հարաբերությունների հաստատմանը` չնայած բոլոր մտավախություններին:

Հայաստանի նոր իշխանություննրի քաղաքականությունը, ըստ Վարդան Օսկանյանի, տարբերվում է նախորդից հայ-թուրքական բանակցությունները հրապարակային դարձնելու որոշմամբ: Թուրքական կողմը, օգտվելով այն բանից, որ հայկական կողմն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց կա, սկսել է ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը որպես հայ-թուրքական հարաբերությունների միակ խոչընդոտ ներկայացնել:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4