«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2009-06-23 | #116, 2009-06-24 | #117, 2009-06-25


«ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Լույս» հիմնադրամի մասին «Ազգը» պատմել է: Հիշեցնենք` մասնավոր միջոցներով գործող կրթական-գիտական-մշակութային բարեգործական հիմնադրամ է, որ ստեղծվել է երկրի նախագահի բարձր հովանու ներքո եւ զբաղվելու է մշակութային, գիտական եւ կրթական խնդիրներով: Երեկ հիմնադրամի խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը փաստորեն ներկայացրեց հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանին` Երեւանի պետական համալսարանում հանդիպելով ուսանողների եւ լրագրողների հետ: Վարչապետը, պատմելով «Լույսի» մասին` տեղյակ պահեց, թե այն մասնավոր հատվածից հավաքագրված միջոցներով եւ բարեգործական հիմունքներով նպատակային ծրագրեր է իրականացնելու: Մենք էլ մեր կողմից հիշեցնենք, որ այս հիմնադրամի եւ նրա կրթական ծրագրերի տնօրենի թափուր պաշտոնի շուրջը կրքեր էին բորբոքվել, մասնավորապես այս նախաձեռնությունն իրենը համարող գիտնական Արթուր Իշխանյանը ժամանակին դժգոհում էր տնօրենի ընտրության ոչ թափանցիկ գործընթացի վերաբերյալ: Վարչապետը հետաքրքրությունը «Լույսի» հանդեպ հասկանալի համարեց. «Երկրի նախագահի հովանու ներքո է գործում «Լույս» հիմնադրամը, դրանով է պայմանավորված հետաքրքրությունը հիմնադրամի գործունեության հանդեպ, ինչը պարտավորեցնում է առավել թափանցիկ աշխատանքի», ասաց նա:

«Լույսի»` մեկնարկած կրթական ծրագիրը նույնպես մասնավոր նախաձեռնություն է, պետության խողովակների եւ ֆինանսների հետ կապ չունի, պետական լծակներ չեն օգտագործվում: Կրթական բաղադրիչի մեկնարկը նշանակում է, որ այսուհետեւ աշխարհի լավագույն համալսարաններն ընդունված հայ տաղանդաշատ երիտասարդները հնարավորություն կունենան հիմնադրամի միջոցներով վճարելու ուսման համար:

Ի դեպ, ավելի ուշ, երբ անդրադառնում էր Արթուր Իշխանյանի` կրթական ծրագրի դանդաղելու վերաբերյալ դժգոհությանը, որի մասին հիշեց լրագրողներից մեկը, վարչապետը նկատեց. «Եթե մեր այս մասնավոր նախաձեռնությունը մեր հասարակության կարծիքով դանդաղ քայլերով է առաջ գնում, ո՞վ է խանգարում պարոն Իշխանյանին եւ իր գործընկերներին գնալ, ուրիշ մասնավոր նախաձեռնությամբ հանդես գալ, գտնել հովանավորներ եւ իրականացնել ծրագիրը: Մենք անում ենք այնքան, ինչքան էսօր ի վիճակի ենք: Մենք հույս ունենք` մեր թափանցիկ աշխատանքի շնորհիվ հովանավորների քանակը կավելանա, մեր կարողությունները կբազմապատկվեն եւ կկարողանանք ավելի լիաթոք օժանդակություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»: Իսկ ավելի ուշ համալսարանականների մասնավոր հետաքրքրություններին ի պատասխան էլ ասաց. «Երբ ես էս գաղափարն առաջ եմ քաշել, ոչ Իշխանյանին եմ ճանաչել, ոչ էլ իր հոդվածներն եմ կարդացել. պետք է ուրախանաք, չէ՞, ձեր գաղափարներն են իրականություն դառնում: Հլը էրեխեն չծնված` քննադատում են էրեխուն»:

Իսկ այս տարվա բյուջեն 400 մլն դրամ է, ինչը թույլ կտա մինչեւ 15 ուսանողի ուսումը 6 ամսվա համար ֆինանսավորել:

Ներկայացնելով «Լույսի» կրթական բաղադրիչը, վարչապետը տեղեկացրեց, որ կրթական համալիրի տնօրեն է ընտրվել Ժակլին Կարաասլանյանը, ընտրությունը եղել է բաց եւ հրապարակային, որի հանդեպ կար մեծ հետաքրքրություն, անգամ պատգամավորներից Անահիտ Բախշյանն էր ցանկություն հայտնել մասնակցելու տնօրենի ընտրության գործընթացին, մրցույթում Ժակլինի բոլոր ցուցանիշները մրցակիցներից մի քանի անգամ բարձր են գնահատվել:

Կրթական ծրագիրն աշխատելու է խորհրդով, խորհրդի կազմում ենՙ Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմից, Վաչե Գաբրիելյանըՙ ԿԲ-ից, տեր Մեսրոպը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իսկ տիկին Ժակլինը մասնավորապես ասաց. «Այսօր բոլոր համալսարաններում շատ հայ ուսանողներ կան, իսկ աշխարհում` շատ հայ գիտնականներ: «Լույսի» ծրագիրը առաջին անգամ բոլորիս միացնում է, առաքելությունը երկակի է` շատացնել հայ ուսանողների թիվը լավագույն համալսարաններում, ստեղծել ցանց, որ մեզ կմիացնի, միասին աշխատել եւ արդյունքները բաշխել ավելի երիտասարդների հետ Հայաստանում: Պատկերացրեք` ամեն ուսանող եւ գիտնական կդառնան Հայաստանի արյունատար անոթները, որ դուրս ու ներս են անում անընդհատ, ու այդ շարժումը Հայաստանում սնունդ եւ ծնունդ կտա ուսանողներին եւ գիտնականներին»:

«2009-ին աշնան համար քանի՞ դիմում կա» հարցին պատասխանելով` կրթական ծրագրերի տնօրենն ասաց, թե ամեն օր ստանում են 100-ից ավելի դիմումներ, բայց այդ դիմումների մեջ շատերը «Լույսի» ծրագրերին չեն համապատասխանում: Թե ո՞վ կֆինանսավորվի` երկու շաբաթից հայտնի կդառնա, բայց ավելացրեց, որ շատ դժվար է ընտրված համալսարաններն ընդունվելը, այնպես որ գուցե արդեն ընդունվածներին բոլորին էլ կարող են օժանդակել:

Իսկ «Լույսի» կայքը նա ուսանողների օգնականը համարեց, որով արագ արձագանքելու են դիմողների բարձրացրած հարցերին (www.luys.am):

Ուղեղների արտահոսք չի՞ լինի, ո՞նց կարելի է հետո արտերկրում կրթություն ստացածներին վերադարձնել Հայաստան. ըստ վարչապետի` նրանց չեն կարող պարտադրել վերադառնալ Հայաստան, պայմանագրեր ստորագրել այդ խնդրով` օրենսդրությունն ազատ է ուսման հարցում: Բայց «Լույսը» ստեղծելու է այնպիսի միջավայր, որ այդ մարդիկ իրենց հոժար կամքով սովորեն, աշխատեն հայկական աշխարհում (սփյուռքն էլ նկատի ուներ). եթե երիտասարդը փայլուն կրթություն է ստանում եւ չի կտրվում հայկական միջավայրից, հայրենիքից, դա արդեն ձեռքբերում է:

Փաստորեն` այս ծրագիրը միայն Հայաստանի ու հայերի համար չէ, բայց առաջինը հայերի համար է, աշխարհի հայերին համախմբող միջոց է, քանի որ Շանհայում սովորող հայ ուսանողը օգնություն կստանա այնտեղից, որտեղից չի սպասում բոլորովին` Հայաստանից, սփյուռքահայերն էլ ուրիշ կերպ կնայեն Հայաստանին, որին ոչ միայն պետք է օգնել, այլեւ նրանից օգնություն ստանալ:

Հ.Գ. Տեղեկատվություն` մտորելու համար: Ադրբեջանում մեկնարկած նմանատիպ ծրագիրը 6 ամսում արդեն արտերկրի համալսարաններում 250 ադրբեջանցի ուսանողի է ֆինանսավորում, իսկ Վրաստանի թվերն ավելի բարձր են, նրանց համանման ծրագրերը սկզբնավորվել են շատ ավելի վաղ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4