Այսօր եզրափակվեց դեռ տարեսկզբից մեկնարկած «Գերմանիայի շաբաթներ» մշակութային ծրագրի եւս մեկ փուլՙ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած Berlin Comedian Harmonists խմբի համերգով, որի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց նախորդ դարի 30-ականների գերմանական երգերը: Խմբի վեց երաժիշտ-ներկայացուցիչներըՙ Հոլգեռ Օֆֆը, Ռալֆ Շթայնհագենը, Օլաֆ Դրաուշկեն, Ֆիլիպ Զայբերտը, Վոլֆգանգ Հյոլտցելը եւ Հորսթ Մարի Մերցը որպես Berlin Comedian Harmonists ճանաչում են ձեռք բերել 1970 - ականներին եւ ոչ միայն Գերմանիայում, այլեւ եվրոպական մյուս երկրներում: Նրանց կատարումներն արժանացել են նաեւ հայ ունկնդրի հավանությանը:
Տարեսկզբից Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ անց էր կացնում «Գերմանիայի շաբաթներ» մշակութային միջոցառումը, որը ընդգրկում էր նաեւ երկրի մարզերն ու ներառում համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գերմանացի ստեղծագործողների ու գիտնականների հետ:
Ն. Պ.