«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2009-06-24 | #117, 2009-06-25 | #118, 2009-06-26


ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Կամ ինչպես խոսել, որ բոլոր ասածները լինեն Ռուսաստանի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան: Հընթացս Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր դառնալով եւ ոսկե մեդալ ստանալով (ԱՄՆ-ում դեռեւս ուսանելիս Սաակաշվիլին, իր իսկ խոսքերով, ցանկացել է գիտությամբ զբաղվել, ուստի գնահատում է դոկտորի կոչումը - Ա.Հ.), Վրաստանի նախագահը ուշադիր լսեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի իրեն ուղղված ելույթը` հայ-վրացական հարաբերությունների «դարավորության» ներկայացմամբ:

Որքան էլ անսպասելի էր, այնուամենայնիվ, ԵՊՀ ռեկտորի խոսքում անդրադարձ կար իր ժամանակին Թբիլիսիում հայերի մեծամասնություն լինելու, Վրաստանում հայության թվի կրճատման, միայն մայրաքաղաքում ավելի քան 30 հայկական եկեղեցիների ժամանակին գործելու, Թբիլիսիի Ս. Նորաշեն եկեղեցում Հովնաթան Հովնաթանյանի մանրանկարչության հանգամանքներին:

Ինչեւէ, Վրաստանի նախագահն իր ելույթում նախ հայտարարեց, թե Վրաստանը էթնիկ պատկանելությամբ չի բաժանվում, մինչդեռ դժվար թե Միխեիլ Սաակաշվիլին չի հիշում, օրինակ, իրենից ոչ շատ առաջ նախագահած Զվիադ Գամսախուրդիայի կարգախոսները: «Վրաստանը հավասարապես բոլորինն է», հայտարարեց ԵՊՀ-ում Միխեիլ Սաակաշվիլին, եւ ինչպես ասում են, լեզուն ինչ ասես կասի:

Էսպերանտոյի նման հայերի եւ վրացիների միջեւ Թբիլիսիի ժամանակի հայկական թաղամաս «Հավլաբարի լեզուն» կիրառելը գրավիչ գաղափար է կարծես թվում Սաակաշվիլուն, քանի որ Հայաստան երկօրյա այցի ընթացքում Վրաստանի նախագահը մեկ անգամ չէ, որ այդ մասին նշել է: Շատ լավ է, որ վրաց նախագահը լեզվական ընդհանրություն է ուզում ունենալ իր հարեւանի հետ, բայց, ասում են, երբ մարդիկ ուզում են միմյանց հասկանալ, բնավ էլ կարեւոր չէ, թե ինչ լեզվով են խոսում: Սա` իմիջիայլոց:

Իսկ ընդհանրապես Սաակաշվիլու խոսքը համալսարանների համար ինչին էլ վերաբերեր, ավելի շատ Ռուսաստանի մասին ու այդ երկրի դեմ էր: Քանի խոսում էր «ագրեսորից եւ օկուպանտից», կոնկրետ նշվում էր Ռուսաստանը, իսկ երբ Սաակաշվիլին անդրադարձավ հայ եւ վրացի ժողովուրդների կրած կոտորածներին, այդ առումով նշեց «մեկ այլ օտար երկիր»` չգիտես ինչու խուսափելով (իսկ գուցե վախենալո՞վ - Ա.Հ.) գոնե Օսմանյան կայսրություն անվանել 20-րդ դարասկզբի հանցագործ պետությունը:

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա, Սաակաշվիլու ներկայացմամբ, այնպիսի տպավորություն կարող էր ստեղծվել, թե Վրաստանը միայն աշխատում է ու «հոգում» Ջավախքի կարիքները: Վրաստանի նախագահը հավաստիացրեց, որ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի համար արվում է ավելին, քան մյուս տարածաշրջաններում, «երկաթգիծ է կառուցվում, ճանապարհներ»: Ավելին, Ջավախքն, ըստ Սաակաշվիլու, հավատալու բա՞ն է, ուզում են դարձնել լեռնադահուկային կուրորտ:

Սաակաշվիլին երկար խոսեց ԵՊՀ-ում, ինչ ասես պատմեց իր երկրից, ամեն թերություն առնչելով Ռուսաստանին, մնացյալն իրենց ձեռքբերումներ որակեց: Իսկ որ Հայաստանի բեռների տարանցման գները բարձր են, չհամաձայնեց, ասելով թե վրացական երկաթուղին հայկական տարանցման վրա գումար գրեթե չի աշխատում: Դե, Վերին Լարսը ռուսներն են փակել, աբխազական երկաթուղին էլ Ռուսաստանը չուզեց գործարկել:

Իսկ ավարտին Վրաստանի նախագահը «բացահայտեց», որ, ըստ իրեն, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը «նսեմացնող գործունեություն է իրականացնում Վրաստանում», մինչդեռ հայերն էլ, վրացիներն էլ շահագրգիռ չեն, որ նման բան արվի իրենց տարածքներում: Սաակաշվիլու վկայությամբ, հենց Վրաստանի ներսում կան ուժեր, որ «մոմ են վառում» նման առիթներն օգտագործելու համար, բայց ինքը` Վրաստանի նախագահը չի թողնում:

Մնում է խոստանալ, որ այսուհետեւ վրացական մամուլում հակահայ հրապարակումները ուղարկվեն վրաց նախագահին, թե չէ մի տեսակ անտեղյակի տպավորություն է թողնում այսօրինակ հայտարարություն անողը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4