Հունիսի 23-30-ը Մոսկվայում կընթանա Չեխովի անվան ութերորդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա: Կազմակերպիչը Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան է, որը ստացել է նաեւ ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությունը: Լաբորատորիայի աշխատանքներին մասնակցում է 23 ռեժիսոր Մոլդովայից, Բելառուսից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնում է 5 ռեժիսորՙ Դավիթ Հարությունյանը, Լուսինե Երնջակյանը, Գրիգոր Խաչատրյանը, Ցոլակ Գալստյանը, Սուրեն Շահվերդյանը:
Լաբորատոր դասընթացները «Ռեժիսորի աշխատանքը դերասանի հետ» թեմայով վարելու են թատերական ռեժիսուրայի տարբեր դպրոցների ներկայացուցիչներՙ Լատվիայիցՙ Ադոլֆ Շապիրոն, Ռուսաստանիցՙ Կիրիլ Սերեբրյաննիկովը, Մեծ Բրիտանիայիցՙ Դեկլան Դոնելլան: Ժամանակակից թատրոնի միտումները կներկայացնի արվեստաբանության դոկտոր Ալեքսեյ Բարտոշեւիչը:
Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան արդեն մի քանի տարի ԱՊՀ երկրների թատերարվեստի ոլորտում ստեղծագործող երիտասարդների համար իրականացնում է մասնագիտական օգնության ծրագիր: Բացի տվյալ երկրների երիտասարդ թատերական գործիչների ծանոթությունից, ծրագիրը հնարավորություն է ստեղծում ոլորտի խնդիրները լայնորեն քննարկելու, ժամանակակից միտումներին տեղեկանալու եւ դրանք պարզաբանելու համար: Վերջին տարիներին ծրագրին մասնակցել ու վարել են Յուրի Լյուբիմովը, Մարկ Զախարովը, Վալերի Ֆոկինը, Կամա Գինկասը, Անատոլի Վասիլեւը, Սերգեյ Ժենովաչը, Ժակ Լավալը, Հեյներ Գյոբելսը, Պետրիս Շերոն եւ այլք:
Ն. Պ.